Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը
Հոդված 8.1. Պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին հանրապետական հանձնաժողովի որոշումը
1. Հանրապետական հանձնաժողովը յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ որոշում է կայացնում նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե հանձնաժողովի նիստին ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումն ընդունման պահից 10 օրվա ընթացքում ուղարկվում է դիմումատուին և համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատ:
2. Դիմումը քննարկելուց հետո հանրապետական հանձնաժողովը որոշում է կայացնում դիմումատուին նրա նախընտրած այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ դիմումը մերժելու մասին:
3. Դիմումը բավարարելու և դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում դիմումատուի կողմից կատարվող աշխատանքների տեսակը և բնույթը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված անձանց կողմից այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Դիմումը մերժելու մասին որոշում ընդունելու դեպքում հանրապետական հանձնաժողովը նշում է դիմումը մերժելու հիմքերը և այն վիճարկելու կարգը:
5. Հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումը քննարկելու և դրա վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:
(8.1-ին հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 9. ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու դիմումը` պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին կարող է մերժվել, եթե այլընտրանքային ծառայության մասին`
1) դիմում ներկայացրած քաղաքացին երկրորդ անգամ կանչվում է հանրապետական հանձնաժողովի նիստին և անհարգելի պատճառով չի ներկայանում.
2) դիմումատուն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ.
3) դիմումն ակնհայտ անհիմն է:
(մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)
(9-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, փոփ., խմբ., լրաց. 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆ ԱՌԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹՈՂՆԵԼԸ
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 11. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերի լուծումը
(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)
1. Այլընտրանքային ծառայության հետ կապված վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը խմբ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 12. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԿԱՄ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼԸ
Այլընտրանքային ծառայությունից ազատելը կամ տարկետում տալն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 13. ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Զինվորական կոմիսարիատը, հանրապետական հանձնաժողովի որոշման հիման վրա, զորակոչիկին հանձնում է ծանուցագիր` այլընտրանքային ծառայության մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Այլընտրանքային ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը համարվում է այլընտրանքային ծառայության սկիզբ:
(13-րդ հոդվածը փոփ. 22.11.04 ՀՕ-162-Ն, 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 14. Այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելը
(վերնագիրը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)
1. Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
4. Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:
5. Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
(14-րդ հոդվածը խմբ. 02.05.13 ՀՕ-31-Ն)
ՀՈԴՎԱԾ 15. այլընտրանքային ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՐԻՆԵԼԸ
(հոդվածն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-31-Ն)