«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218030
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 հունվարի 2018 թ.
ք. Երևան N 9-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 608-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.
Հրամայում եմ՝
1. Սահմանել նոտարական տարածքները և դրանց սահմաններում նոտարական նստավայրերը, նոտարական գրասենյակների գտնվելու վայրերի որոշման չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 25.03.24 N 171-Ն)
3. Սահմանել նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» N 608-Ն հրամանը:
Դ. Հարությունյան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Նոտարական տարածքն այն վարչատարածքային միավորն է, որի սահմաններում նոտարն իրականացնում է իր գործունեությունը, որում ներառված են սույն հրամանով սահմանված նոտարի նստավայրերը:
2. Նոտարի նստավայր է համարվում նոտարական տարածքի սահմաններում գտնվող բնակավայրը կամ վարչական շրջանը, որը սահմանվում է նոտարին պաշտոնի նշանակելու մասին հրամանում:
3. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը նոտարի նստավայրի սահմաններում նոտարի ընտրությամբ որոշված հասցեն է:
4. Նոտարական գրասենյակի գտնվելու վայրը որոշվում է քաղաքացիների հարմարավետության, հերթերի արդյունավետ կառավարման, անվտանգության ապահովման, ժամանակի արդյունավետության սկզբունքների հիման վրա` սպառողների համար նոտարական գրասենյակների հասանելիության (ճանապարհներին հնարավորինս մոտ տեղակայումը, գրասենյակ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներով հասնելու հնարավորությունը), նոտարի գործունեության տնտեսական նպատակահարմարության չափանիշներով:
5. Նոտարական տարածքներ են հանդիսանում «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերը և Երևան քաղաքը:
6. Երևան քաղաքում նոտարական նստավայրերը սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով սահմանված Երևան քաղաքի վարչական շրջանների սահմանների նկարագրությանը համապատասխան՝ ըստ վարչական շրջանների բաժանարար սահմանագծերի նկարագրության:Սահմանագիծը միաժամանակ երկու կամ ավելի նստավայրերի բաժանարար հանդիսանալու պարագայում համապատասխան նստավայրի տարածք են հանդիսանում սահմանագիծ հանդիսացող փողոցի (պողոտայի)՝ աջակողմյա և ձախակողմյա հատվածները՝ ըստ համապատասխան սահմանագծի ուղղվածության:
7. Երևան քաղաքի նոտարական տարածքում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N1 Աղյուսակի՝
Աղյուսակ N 1
1. Աջափնյակ վարչական շրջան
ընդգրկում է Աջափնյակ վարչական շրջանի տարածքը:
2. Ավան վարչական շրջան
ընդգրկում է Ավան վարչական շրջանի տարածքը:
3. Արաբկիր վարչական շրջան
ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը:
4. Դավթաշեն վարչական շրջան
ընդգրկում է Դավթաշեն վարչական շրջանի տարածքը:
5. Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններ
ընդգրկում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքը:
6. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններ
ընդգրկում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների տարածքը:
7. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքը:
8. Նոր նորք վարչական շրջան
ընդգրկում է Նոր նորք վարչական շրջանի տարածքը:
9. Շենգավիթ վարչական շրջան
ընդգրկում է Շենգավիթ վարչական շրջանի տարածքը:
10. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
ընդգրկում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքը:
8. «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարզերի նոտարական տարածքներում առանձնացվում են հետևյալ նոտարական նստավայրերը՝ համաձայն N2 Աղյուսակի՝
Աղյուսակ N 2
1. Արագածոտնի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Աշտարակ.
2) քաղաք Ապարան.
4) քաղաք Թալին.
5) գյուղ Ծաղկահովիտ.
6) գյուղ Արագած:
2. Արարատի մարզի նոտարական տարածքում`
1) քաղաք Արտաշատ.
2) քաղաք Արարատ.
3) քաղաք Մասիս.
4) քաղաք Վեդի:
3. Արմավիրի մարզի նոտարական տարածքում`
1) քաղաք Արմավիր.
2) քաղաք Վաղարշապատ.
3) գյուղ Մյասնիկյան:
4. Գեղարքունիքի մարզի նոտարական տարածքում`
1) քաղաք Սևան.
2) քաղաք Մարտունի.
3) քաղաք Գավառ.
4) քաղաք Ճամբարակ.
5) քաղաք Վարդենիս:
5. Լոռու մարզի նոտարական տարածքում`
1) քաղաք Վանաձոր.
2) քաղաք Սպիտակ.
3) քաղաք Ստեփանավան.
4) քաղաք Ալավերդի.
5) քաղաք Թումանյան.
6) քաղաք Տաշիր:
6. Կոտայքի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Աբովյան.
2) քաղաք Նոր Հաճն.
3) քաղաք Եղվարդ.
4) քաղաք Հրազդան.
5) քաղաք Չարենցավան:
7. Շիրակի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Գյումրի.
2) քաղաք Ախուրյան.
3) քաղաք Մարալիկ.
4) քաղաք Արթիկ.
5) գյուղ Աշոցք:
8. Սյունիքի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Սիսիան.
2) քաղաք Գորիս.
3) քաղաք Կապան.
4) քաղաք Քաջարան.
5) քաղաք Մեղրի:
9. Վայոց ձորի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Եղեգնաձոր.
2) քաղաք Վայք.
3) քաղաք Ջերմուկ:
10. Տավուշի մարզի նոտարական տարածքում՝
1) քաղաք Դիլիջան.
2) քաղաք Իջևան.
3) քաղաք Նոյեմբերյան.
4) քաղաք Բերդ:
(հավելվածը փոփ., լրաց. 13.02.18 N 59-Ն, լրաց. 02.03.18 N 90-Ն, փոփ. 09.07.18 N 323-Ն, խմբ. 25.03.24 N 171-Ն)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
(հավելվածն ուժը կորցրել է 25.03.24 N 171-Ն)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարի
2018 թվականի հունվարի 22-ի
N 9-Ն հրամանի
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Գրասենյակը պետք է գտնվի շինությունում, որում ապահովված է անարգել մուտք՝ ցանկացած անձի համար, ինչպես նաև թեքահարթակ և/կամ անհրաժեշտ կահավորանք՝ հաշմանդամների տեղաշարժն ապահովելու համար:
2. Գրասենյակի (գրասենյակի դեպի փողոց անմիջական մուտքի բացակայության դեպքում՝ նաև շինության) մուտքը պետք է ունենա տեսանելի վայրում փակցված ցուցանակ՝ նոտարական գրասենյակի վերաբերյալ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրառմամբ: Ցուցանակի ձևի, չափերի և դրանում ներառվող լրացուցիչ տեղեկությունների վերաբերյալ պայմանները սահմանում է նոտարական պալատը:
3. Գրասենյակի արտաքին պատին կամ դռան վրա պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի աշխատանքային ժամերի վերաբերյալ:
4. Գրասենյակը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության պահանջներին, ունենա անվտանգության համակարգ, ապահովված լինի հեռախոսային կապով և համացանց մուտք գործելու հնարավորությամբ:
5. Գրասենյակը նվազագույնը պետք է ունենա աշխատասենյակ, սպասասրահ և արխիվի սենյակ, մեկից ավելի նոտարների աշխատելու դեպքում՝ յուրաքանչյուր նոտարի համար նախատեսված առանձին աշխատասենյակ, իսկ սպասասրահը և արխիվի սենյակը կարող են լինել ընդհանուր՝ համապատասխանաբար ավելացնելով սպասասրահի և արխիվի համար նախատեսված քանակական պահանջները:
6. Աշխատասենյակը պետք է տեղակայված լինի այնպես, որ առավելագույնս ապահովված լինի նոտարական գործողությունների գաղտնիությունը, որտեղ պետք է տեղակայված լինի չհրկիզվող պահարան՝ առնվազն ՀՀ պետական զինանշանի պատկերով և ճզմիչ կնիքները պահելու համար: Նոտարական գործողությունը կատարելիս արգելվում է նոտարից, նոտարի օգնականից և ստաժորից, ինչպես նաև նոտարական գործողության մասնակիցներից (ներառյալ վկաներ, թարգմանիչներ, անձի փոխարեն ստորագրողներ) բացի որևէ այլ անձի ներկայությունը աշխատասենյակում:
7. Աշխատասենյակի արտաքին պատին պետք է փակցված լինի ցուցանակ՝ նոտարի անվան և ազգանվան գրառմամբ:
8. Արխիվը պետք է ապահովված լինի մետաղական դռնով, իսկ պատուհան ունենալու դեպքում՝ ճաղավանդակով: Արխիվի տարածքը պետք է լինի չոր և կահավորված լինի պահարաններով՝ նախատեսված առնվազն 1500 նոտարական գործեր պահելու համար:
9. Սպասասրահը պետք է ապահովված լինի սպասելու և համապատասխան դիմումներ կամ այլ փաստաթղթեր լրացնելու համար անհրաժեշտ կահավորմամբ՝ առնվազն երեք անձանց համար նախատեսված նստատեղերով և մեկ գրասեղանով:
10. Սպասասրահում տեսանելի վայրում պետք է ներկայացված լինի հետևյալ տեղեկատվությունը՝
ա) քաղաքացիների իրավունքների խախտումներին արագ արձագանքելու նպատակով ստեղծված թեժ գծ(եր)ի համար(ներ)ը,
բ) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների և պետական տուրքերի չափերը,
գ) նոտարական գործողությունների մասով պետական տուրքի և նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների մասով արտոնություն ունեցող անձանց ցանկը:
11. Սույն հավելվածով, այլ պահանջ նախատեսված չլինելու դեպքում, պահանջվող տեղեկատվությունը շարադրվում է հայերեն լեզվով, իսկ նոտարի ցանկությամբ՝ նաև այլ լեզուներով:
12. Տեղեկությունները պետք է փակցված լինեն անձանց համար տեսանելի վայրում՝ ընթերցանության համար հարմար տառատեսակով: