Հոդված 4. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն
Հոդված 4. Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունները Հայաստանի Հանրապետություն
1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցելություններն են պետական, պաշտոնական, աշխատանքային, մասնավոր, անձնական հյուրի կարգավիճակով և տարանցիկ այցերը:
2. Պետական այցն օտարերկրյա պետությունների կամ կառավարությունների ղեկավարների քաղաքական բովանդակությամբ բացառիկ նշանակություն ունեցող այցելությունն է, որի կազմակերպման արարողակարգային միջոցառումներին տրվում է ընդգծված հանդիսավորություն, և ապահովվում է հայկական կողմի բարձր մակարդակի մասնակցություն:
3. Պաշտոնական այցն օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված այցելությունն է, որը պետական այցից տարբերվում է քաղաքական բովանդակությամբ, մասնակցության ձևաչափով և արարողակարգային միջոցառումների մակարդակով:
4. Աշխատանքային այցն օտարերկրյա պետությունների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների պաշտոնատար անձանց որոշակի նպատակով այցելությունն է, մասնավորապես բանակցություններին, խորհրդակցություններին, միջազգային համաժողովներին կամ նմանատիպ այլ միջոցառումներին մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ անցկացնելու, ազգային ցուցահանդեսների բացման նպատակով կազմակերպվող այցերը:
5. Մասնավոր այցն օտարերկրյա պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ հանգստյան, բուժման, ինչպես նաև տվյալ պետության դեսպանի հրավերով կամ զբոսաշրջության նպատակով:
6. Անձնական հյուրի կարգավիճակով այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի այցելությունն է, որի ընթացքում կարող է նախատեսվել մասնավոր ծրագիր՝ առանց որևէ արարողակարգային միջոցառման:
7. Տարանցիկ այցը պետության, կառավարության կամ խորհրդարանի ղեկավարի կարճատև այցելությունն է Հայաստանի Հանրապետություն՝ երրորդ երկիր մեկնելու նպատակով:
(4-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)
(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)