Հոդված 6. Ներքին աուդիտի բնույթը
Հոդված 6. Ներքին աուդիտի բնույթը
1. Կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով` ներքին աուդիտը պետք է աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին`
1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին` կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու և գնահատելու գործում.
2) գնահատելով ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի արդյունավետությունը և համապատասխանությունը հետևյալ պայմաններին`
ա. կազմակերպության ղեկավարության կողմից ռիսկերի բացահայտում, գնահատում և կառավարում,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կազմակերպության գործունեությանն առնչվող այլ պայմաններին (պայմանագրերին, գերատեսչական նորմատիվ ակտերին և այլնին) համապատասխանություն,
գ. տնտեսող, արդյունավետ և օգտավետ գործառույթներ,
դ. տեղեկությունների վստահելիություն և ամբողջականություն,
ե. կորուստներից, չարաշահումներից և վնասներից ակտիվների ու ռեսուրսների պահպանման հուսալիություն,
զ. առաջադրանքների կատարում և նպատակների իրագործում:
2. Ներքին աուդիտն իրականացվում է որոշակի աուդիտորական առաջադրանքների ապահովմանն ուղղված հավաստիացման կամ խորհրդատվական ծառայությունների մատուցման միջոցով:
3. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող աուդիտը կազմված է ներքին աուդիտորի կողմից ապացույցների օբյեկտիվ գնահատումից, որպեսզի անկախ դիրքորոշում կամ եզրակացություն ներկայացվի գործընթացի, համակարգի կամ աուդիտի ենթարկված այլ բաղադրիչի վերաբերյալ:
4. Հավաստիացման ծառայությունների համար իրականացվող յուրաքանչյուր աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով: Ներքին աուդիտն իրականացվում է հետևյալ փուլերով` պլանավորում, փաստացի գնահատումների իրականացում, հաշվետվություն և հետագա գործողություններ` ներկայացված առաջարկությունների կատարմանը հետևելու նպատակով:
5. Հավաստիացման ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքն իրականացվում է համակարգային մոտեցմամբ` համապատասխանության աուդիտի կամ կատարողականի աուդիտի միջոցով կամ համապատասխանության և կատարողականի աուդիտի տեսակների համակցությամբ:
6. Խորհրդատվական ծառայությունների համար նշանակված աուդիտորական առաջադրանքը բաղկացած է խորհրդատվության, կարծիքի ներկայացման, ուսուցման և այլ ծառայությունների մատուցումից, որոնք ուղղված են կազմակերպության ռիսկերի կառավարման և հսկման գործընթացի բարելավմանը: Ներքին աուդիտորը չի կարող իրականացնել կազմակերպության կառավարման որևէ գործառույթ:
7. Խորհրդատվական ծառայությունների նպատակով նշանակված աուդիտը նախաձեռնում է կազմակերպության ղեկավարը, և յուրաքանչյուր նման աուդիտի խնդիրներն ու շրջանակը սահմանվում են աուդիտորական առաջադրանքով: