Հոդված 8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների պարտականությունները
Հոդված 8. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների պարտականությունները
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները և պարտավոր են`
1) հետևել ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը.
2) չհրապարակել և չտրամադրել գործունեության ընթացքում կամ արդյունքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները` բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
3) գիտակցաբար չմասնակցել անօրինական գործողությունների և կատարել աշխատանքներ, որոնք վարկաբեկում են ներքին աուդիտորի մասնագիտությունը և տվյալ կազմակերպությունը:
2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է ներքին աուդիտի ստորաբաժանման ընդհանուր գործունեության համար, և նա պետք է`
1) պատրաստի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը.
2) ներքին աուդիտորներին` ըստ նրանց գիտելիքների և հմտությունների, բաժանի իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքները.
3) կազմի և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնի ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը.
4) հետևի ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը.
5) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակի առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար.
6) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնի աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների:
3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին ու վերջիններիս է ներկայացնում հաշվետվություններ, այդ թվում`
1) աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների և կազմակերպության գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին.
2) ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրի իրականացման մասին.
3) ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված և անհրաժեշտ ռեսուրսների մասին.
4) ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների առջև ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին:
4. Եթե բացահայտվում են կեղծիքի նշաններ, ապա ներքին աուդիտորներն այդ մասին տեղեկացնում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին, որը տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:
5. Ներքին աուդիտորները չեն կարող հավաստիացման աուդիտ իրականացնել այնպիսի գործունեության կամ միավորների մասով, որոնց նրանք վերջին մեկ տարվա ընթացքում մատուցել են խորհրդատվական ծառայություններ կամ որոնց կազմում աշխատել են:
6. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները, բացի ներքին աուդիտին առնչվող աշխատանքներից, տվյալ կազմակերպությունում այլ գործառույթներ և աշխատանքներ իրականացնելու իրավունք չունեն: