Հոդված 16. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝
Հոդված 16. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գովազդելուն ուղղված աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «վնասակար համարվող աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.
«3․ Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով և անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար, ինչպես նաև պահպանված է վտանգավոր նյութերի արտանետումների օրենսդրությամբ նախատեսված սահմանային չափը։
4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն ապահովում է տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանության համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նախապես տրամադրում է տեղեկություններ հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ, անցկացնում է ուսուցում և հրահանգավորում։ Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ Գործատուն պետք է անչափահասին զերծ պահի ալկոհոլային խմիչքների սպառումից։
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն մինչև տասնութ տարեկան անձանց օրինական ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնում է աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի և մինչև տասնութ տարեկան անձանց անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ ձեռնարկված բոլոր միջոցների մասին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։»։