Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
Հոդված 6. Կրթական իրավունքի պետական երաշխիքները
1. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից: Մասնագիտական կրթության իրավունքի սահմանափակումները նախատեսվում են օրենքով:
2. Պետությունը կրթության իրավունքն ապահովում է կրթության համակարգի բնականոն գործառնությամբ և կրթություն ստանալու համար սոցիալ-տնտեսական պայմանների ստեղծմամբ:
2.1. Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը:
3. Պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով անվճար մասնագիտական և բարձրագույն կրթություն: Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով։ Այն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։
3.1․ Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված, տեղահանված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատությունում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
3.2. Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կամ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
4. Տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ, ինչպես նաև հատուկ ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների բոլոր դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է համապատասխանաբար տարրական ընդհանուր և հատուկ հանրակրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով:
5. Արտակարգ ընդունակություններ դրսևորած սովորողներին պետությունն աջակցում է` ստանալու համապատասխան մակարդակի կրթություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Պետությունը երաշխավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքը՝ նրանց համար ապահովելով համապատասխան մատչելի կրթական միջավայր, խելամիտ հարմարեցումներ և համապատասխան աջակցություն։
7. Պետությունը նպաստում է, որ կրթական գործունեությանը մասնակցի նաև սփյուռքահայությունը:
(6-րդ հոդվածը փոփ. 20.11.00 ՀՕ-107, լրաց. 11.12.02 ՀՕ-471-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-137-Ն, փոփ. 08.07.05 ՀՕ-165-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-111-Ն, 07.10.09 ՀՕ-188-Ն, 28.10.10 ՀՕ-153-Ն, 08.02.11 ՀՕ-50-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-37-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-83-Ն, խմբ. 01.12.14 ՀՕ-201-Ն, 03.02.16 ՀՕ-27-Ն, լրաց. 30.07.21 ՀՕ-319-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-36-Ն, 26.10.22 ՀՕ-391-Ն, 22.05.24 ՀՕ-251-Ն)
(30.07.21 ՀՕ-319-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)