Հոդված 22. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի աշխատողները
Հոդված 22. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի աշխատողները
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններում նախատեսվում են մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր:
2. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:
3. (մասն ուժը կորցրել է 17.01.23 ՀՕ-8-Ն)
4. Մասնագիտական կրթության համակարգի աշխատողները իրավունք ունեն օգտվելու օրենքներով և տվյալ մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
5. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի մանկավարժական աշխատողներն իրավունք ունեն սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:
6. Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով իրականացվում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորում:
7. Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:
8. Յուրաքանչյուր տարի կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան՝ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազոր մարմին:
9. Ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողը կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով նախապես անցնում է վերապատրաստման դասընթաց՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած վերապատրաստման ծրագրի ուղղություններին համապատասխան:
10. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրով սահմանված առարկայական ծրագիր դասավանդող դասախոսի ատեստավորումը և տարակարգի շնորհումն իրականացվում են «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված՝ ուսուցչի ատեստավորման և տարակարգի շնորհման ընթացակարգով:
11. Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
12. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
13. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
14. Ատեստավորման գործընթացում մանկավարժական աշխատողների՝ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է մանկավարժական աշխատողների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման համար:
15. Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում: Չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
16. Ատեստավորված մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացին՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած կարգին համապատասխան:
17. Մանկավարժական աշխատողների տարակարգերը համապատասխանում են մանկավարժական աշխատողների մասնագիտական չափորոշիչներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
18. Մանկավարժական աշխատողների կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:
19. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.
2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:
20. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազոր մարմին կամ դատական կարգով:
21. Մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից մանկավարժական աշխատողին համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար:
22. Արհեստագործական և միջին մասնագիտական ծրագիր իրականացնող հաստատության տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին տրվում է համապատասխան հավելավճար՝ կառավարության սահմանած կարգով:
23. Բողոքի առկայության դեպքում մանկավարժական աշխատողի տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը:
24. Տարակարգի համար տրվող հավելավճարը դադարեցվում է, եթե տվյալ մանկավարժական աշխատողը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել:
25. Մեկ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունից այլ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն տեղափոխվող մանկավարժական աշխատողի տարակարգը պահպանվում է:
(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 17.01.23 ՀՕ-8-Ն)
(17.01.23 ՀՕ-8-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)