Հոդված 10. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նրանց խնդիրներն ու տեսակները
Հոդված 10. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նրանց խնդիրներն ու տեսակները
1. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը պետական ոչ առևտրային կազմակերպություն է:
Ոչ պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
2. Արհեստագործական կրթության համակարգում սահմանվում է արհեստագործական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` արհեստագործական ուսումնարան:
Միջին մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության հետևյալ տեսակը` քոլեջ:
3. Պետական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լիազորված պետական մարմիններին որոշում է կառավարությունը:
4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են`
1) ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով կրթության կազմակերպումը, անձի մտավոր և հոգևոր զարգացման պահանջմունքների բավարարումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի կիրառումը.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.
4) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.
5) սոցիալական գործընկերների հետ համագործակցության ապահովումը.
6) ուսանողների մեջ հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը: