Հոդված 21. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողները և ունկնդիրները
Հոդված 21. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողները և ունկնդիրները
1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողն իրավունք ունի`
1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են ուսումնական հաստատությունները.
2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.
3) մասնակցելու արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կառավարման համապատասխան մարմինների աշխատանքներին.
4) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, անցնելու ուսումնական այլ դասընթաց` հաստատության սահմանած կարգով.
5) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.
6) օգտվելու ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձևով)` «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
7) օգտվելու սահմանված չափի, ներառյալ` անվանական, ինչպես նաև իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.
8) ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:
Առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:
Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է կառավարությունը.
9) ուսանողները կարող են օգտվել օրենքներով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից.
10) սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:
2. Առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ուսանողին կարող է տրամադրվել ակադեմիական արձակուրդ, որի ընթացքում նա պահպանում է ուսանողի իր իրավունքը: Ակադեմիական արձակուրդ տրամադրելու կարգը և ժամկետները սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
3. Ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած անձի ուսանողական իրավունքը կարող է վերականգնվել` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:
4. Ուսանողի տեղափոխությունը պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատություն կարող է իրականացվել մեկ այլ պետական հավատարմագրում ստացած մասնագիտական ուսումնական հաստատությունից:
5. Ունկնդիրները մասնագիտական կրթական ծառայություններ ստանալու մասով օգտվում են ուսանողների իրավունքից:
6. Ուսանողը կամ ունկնդիրը կրում է պարտականություններ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը լրաց. 08.02.11 ՀՕ-52-Ն, փոփ., լրաց. 17.01.23 ՀՕ-8-Ն)
(17.01.23 ՀՕ-8-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)