Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
արհեստագործական կրթություն՝ առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա արհեստագործական կրթական ծրագրերի իրականացում, բացառությամբ վարպետային ուսուցման.
միջին մասնագիտական կրթություն` առնվազն հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.
մասնագիտական ուսուցում՝ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների յուրացմանն ու օգտագործմանը նպատակաուղղված ուսուցման գործընթաց.
լրացուցիչ մասնագիտական կրթություն` հիմնական մասնագիտական կրթական ծրագրերից դուրս անձի մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, որակավորումը բարձրացնող և լրացնող ուսումնական գործընթաց.
ուսանող՝ համապատասխան ուսումնական հաստատությունում սահմանված կարգով ընդունված և արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական հիմնական ծրագրով ուսումնառող անձ.
ունկնդիր՝ սահմանված կարգով արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական լրացուցիչ ծրագրով ուսումնառող և (կամ) որակավորման բարձրացման (վերապատրաստման, վերաորակավորման) դասընթացին մասնակցող անձ.
դասախոս` ուսանողի (ունկնդրի) տեսական գիտելիքների յուրացումն ապահովող և գործնական կարողությունների զարգացմանը նպաստող, մասնագիտական կրթության և (կամ) ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
արտադրական ուսուցման վարպետ` անձի արհեստագործական հմտություններ ապահովող, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և (կամ) մասնագիտական ուսուցման համակարգի մանկավարժական աշխատող.
մասնագետ` միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջին մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
արհեստավոր` արհեստագործական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է արհեստագործական կրթական ծրագրին և (կամ) որակավորման կարգին համապատասխան պետական ամփոփիչ ատեստավորում անցած անձանց.
արհեստագործական ուսումնարան` արհեստագործական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.
քոլեջ` միջին մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող ուսումնական հաստատություն.
ուսումնառության ժամկետ՝ տվյալ մասնագիտական կրթական չափորոշիչով սահմանված ուսումնառության նվազագույն տևողություն.
կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության և գիտելիքների յուրացման չափաքանակ.
կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, ամփոփիչ ստուգումների նախապատրաստումը, գնահատումը և այլն.
հեռավար (դիստանցիոն) ուսուցում` համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը ուսանողի կամ ունկնդրի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով.
դրսեկություն (էքստեռնատ)` ինքնակրթությամբ և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով իրականացվող կրթության ձև.
ուսանողական նպաստ` ուսանողի ուսման վարձի փոխհատուցում պետական բյուջեի ֆինանսավորման, մասնագիտական ուսումնական հաստատության, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին. որակի գնահատում (ատեստավորում)` արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում.
սոցիալական գործընկեր` արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, ներառյալ` ցանկացած տիպի ուսումնական հաստատություն։