Հոդված 4
Հոդված 4.
Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և քաղաքացիների իրավունքների պետական երաշխիքները
Պետությունը պայմաններ է ստեղծում արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բնականոն գործունեության և զարգացման համար:
1. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝ 1) քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մասնագիտական կրթության իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.
2) ժամանակակից անձի ու քաղաքացու ձևավորման, հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրության ու զարգացման, աշխատանքային շուկայում մրցունակության և սոցիալական գործընկերության ապահովումը.
3) ուսանողի և ունկնդրի մասնագիտական գիտելիքների և հմտությունների համապատասխանության ապահովումը տնտեսության ու աշխատանքային շուկայի պահանջներին.
4) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը.
5) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կառավարման թափանցիկությունն ու կոլեգիալությունը.
6) մրցութայնությունը և հրապարակայնությունը.
7) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող սուբյեկտների իրավահավասարությունը.
8) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինքնավարությունը և վերահսկելիությունը.
9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մատչելիությունը .
10) սոցիալական գործընկերների հետ համագործակցությունը.
11) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորումների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին.
12) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար) արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու ապահովումը:
2. Պետությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատուժի շուկայի կազմը և կառուցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում երաշխավորում է`
1) մրցութային կարգով արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին.
2) սոցիալական գործընկերների պատվերով և ֆինանսավորմամբ արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն և մասնագիտական ուսուցում.
3) պետական ծրագրերի շրջանակներում մասնագիտական ուսուցում` համապատասխան բյուջետային հատկացումների հաշվին։
Պետությունն աջակցում է նախնական մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների կազմակերպմանը:
3. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան: