Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը
Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`
ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.
բ) հետիոտնի և սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով և կողնակներով.
գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային արահետներով:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:
3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:
4. Մշտական, ինչպես նաև վթարային իրավիճակների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում և այդ նշանները տեղադրում է ճանապարհի սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունը` սպասարկման պայմանագրին համապատասխան:
5. Վթարային իրավիճակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթևեկության ժամանակավոր կարգավորման նպատակով տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում է նշանների տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`
ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե և սև խճային ու կոպճային ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.
բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը.
գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.
դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.
ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.
զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.
է) սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության, իսկ սույն մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության.
ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
թ) այն ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնց առավելագույն ընդհանուր զանգվածը գերազանցում է 44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան:
6.1. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետում նշված ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6.3. Հատուկ թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝
ա) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.
բ) փոխադրվող բեռը հնարավոր է մասնատել.
գ) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.
դ) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.
ե) հայտատուն չի վճարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը.
զ) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման փոխադրում:
6.4. Հատուկ թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
6.5. Հատուկ թույլտվության հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի հատուկ թույլտվություն ստանալու նպատակով ընդհանուր հիմունքներով ներկայացնելու նոր հայտ:
6.6. Սույն հոդվածի 6-րդ մասի «թ» կետով սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող՝ մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո:
7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:
(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն)