Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ճանապարհների դասակարգումը
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ճանապարհների դասակարգումը
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`
ա) ավտոմոբիլային ճանապարհներ.
բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:
3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են`
ա) Երևանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).
բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).
գ) գյուղական նշանակության ճանապարհներ (բացառությամբ գյուղական համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների):
6. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
8. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:
9. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
11. Ավտոմոբիլային ճանապարհները` ըստ երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության, դասակարգվում են կարգերի: Դրանք կարգավորվում են քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի սահմանած շինարարական նորմերով: