Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ԶԻՆԱՄԹԵՐՔԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ԶԻՆԱՄԹԵՐՔԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վերջին ժամանակներս հանրապետությունում ստեղծվել է լարված իրավիճակ` կապված քաղաքացիների և կազմակերպությունների տրամադրության տակ ապօրինի կերպով զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի և այլ ռազմական գույքի առկայության հետ: Դա ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրադրությունը, ռեալ սպառնալիք ստեղծում մարդկանց կյանքի համար: Աճում է զենքի գործադրմամբ կատարվող ծանր հանցագործությունների թիվը, որոնք անմեղ քաղաքացիների զոհվելու պատճառ են դառնում:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ստեղծման փաստից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 13 կետով, որոշում եմ.

1. Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները մինչև 1991 թ. դեկտեմբերի 29-ը պետք է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնեն ապօրինի կերպով իրենց տրամադրության տակ գտնվող զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը:

2. Սույն հրամանագրի առաջին կետում նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը հանձնողները ազատվում են պատասխանատվությունից:

3. Նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը չհանձնած քաղաքացիներն ու կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վ. Զ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. Վ. Պողոսյանի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետ Հ. Ս. Հարությունյանի վրա:

Հայաստանի Հանրապետության Նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 դեկտեմբերի 1991 թ.

Ն.Հ.-39

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։