Հոդված 17.3. Կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում
Հոդված 17.3. Կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում
1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային հետևյալ միջոցառումները.
1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված՝ պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.
4) օբսերվացիա.
5) ինքնամեկուսացում.
6) մեկուսացում:
2. Կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում՝ կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:
3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային միջոցառումները։