Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 443. ․3. Օտարերկրյա պետությունների (տարածքների) հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընդհանուր կանոններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 443․3. Օտարերկրյա պետությունների (տարածքների) հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման ընդհանուր կանոններ

1. Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմինների հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակումը Հայաստանի Հանրապետության վավերացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ու «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով (այսուհետ սույն գլխում՝ Համաձայնագրեր), ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած Միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ սույն գլխում՝ Ստանդարտ) հիման վրա հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով սույն գլխով նախատեսված տեղեկության տրամադրումը և տեղեկության ստացումն է։

2. Հարկային մարմինն ապահովում է Ստանդարտի, ինչպես նաև դրա փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը՝ դրանք տեղադրելով իր պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Սույն գլխում կիրառվող հասկացություններն ունեն Ստանդարտով սահմանված նշանակությունը։

4. Սույն գլխի դրույթները տարածվում են Ստանդարտով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատությունների (այսուհետ՝ ֆինանսական հաստատություններ) վրա։

5. Սույն գլխի դրույթները տարածվում են օտարերկրյա պետությունների (տարածքների) ռեզիդենտ համարվող հաշվետերերի և վերահսկող անձանց վրա՝

1) նոր բացվող ֆինանսական հաշվի դեպքում՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից․

2) գործող ֆինանսական հաշիվների դեպքում (բացառությամբ Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված դեպքերի), երբ առկա է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող՝ հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ ֆինանսական հաշիվների մնացորդների հանրագումար, ինչպես նաև երբ հարկային տարվա ընթացքում ֆինանսական հաշիվների մուտքերի (ավելացումների) գումարների հանրագումարը կամ ելքերի (նվազեցումների) գումարների հանրագումարը գերազանցում է 250 հազար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը կամ դրան համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը․

3) գործող ֆինանսական հաշիվների դեպքում՝ Օրենսգրքի 443․6-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված կարգավորումների մասով՝ անկախ ֆինանսական հաշվի արժեքից։

6․ Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը կամ համարժեք արտարժույթը որոշելիս հիմք է ընդունվում համապատասխանաբար հարկային տարվա սկզբի կամ վերջին օրվա դրությամբ, ինչպես նաև համապատասխան մուտքերի (ավելացումների) կամ ելքերի (նվազեցումների) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։