Հոդված 11. Գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, պաշտպանությունը և մատչելիությունը
Հոդված 11. Գրադարանային հավաքածուների համալրումը, հաշվառումը, պահպանությունը, պաշտպանությունը և մատչելիությունը
1. Պետական սեփականություն համարվող գրադարանային հավաքածուները գրադարաններին ամրացվում են մշտական և անհատույց օգտագործման իրավունքով:
2. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուներում ընդգրկված գրադարանային փաստաթղթերը ենթակա են գրանցման գլխավոր մատյանում՝ անկախ դրանց սեփականության իրավունքից և պահպանության վայրից: Գրադարանի հավաքածուների հաշվառման, պահպանման, վերականգնման ու ամրակայման (կոնսերվացման), ինչպես նաև գրադարանների հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի վարման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:
3. Գրադարանների հավաքածուների համալրման կարևորագույն սկզբունքը անընդհատությունն է: Գրադարանը գնման, նվիրատվության, ժառանգության կամ փոխանակման պայմանագրերով կարող է ձեռք բերել ցանկացած նյութական կրիչ` ապահովելով գրադարանից օգտվողների պահանջարկը համալրվող նյութական կրիչի բովանդակությամբ, լեզվի, տեսակի բազմազանությամբ:
4. Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի` իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող գրադարանային փաստաթղթերը սույն օրենքով սահմանված կարգով պահպանում են դրանց սեփականատերերը: Գրադարաններին փաստաթղթերը ժամանակավոր պահպանության կարող են հանձնվել պայմանագրի հիման վրա:
5. Գրադարանային հավաքածուները գրադարանների կողմից վերցվում են մշտական պահպանության, որը ներառում է անվտանգ պահպանության ապահովումը և վերականգնման աշխատանքների իրականացումը:
6. Գրադարանային հավաքածուների կազմում ընդգրկված նյութական բոլոր տեսակի կրիչները անվճար, ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, բացառությամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերի:
6.1. Էլեկտրոնային (թվային) գրադարանային հավաքածուն կարող է հասանելի լինել անվճար և վճարովի հիմունքներով, ինչպես նաև սպասարկվել բաց կամ սահմանափակ հասանելիությամբ։
7. Գրադարանային հավաքածուները մատչելի են հանրության բոլոր շերտերի համար:
8. Գրադարանային հավաքածուների մատչելիությունն իրականացվում է`
1) գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված նյութական կրիչի առկայության մասին տեղեկույթի, դրա աղբյուրների որոնման և ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, այդ թվում` տեղեկատու-որոնողական համակարգի միջոցով.
2) միջգրադարանային բաժնույթի միջոցով:
9. Գրադարանային հավաքածուների մատչելիության սահմանափակումը գրաքննություն կատարելու նպատակով արգելվում է:
9.1. Գրադարանային հավաքածուները և ծառայությունները չպետք է ենթարկվեն որևէ տիպի գաղափարական, քաղաքական կամ կրոնական գրաքննության կամ առևտրային ճնշումների:
9.2. Գրադարանային հավաքածուները և ծառայությունները պետք է ներառեն տարբեր տեսակի կրիչներ և ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ավանդական նյութեր:
10. Գրադարանային հավաքածուի սեփականատերը հավաքածուի մատչելիության վերաբերյալ կարող է սահմանել սահմանափակումներ միայն`
1) ֆիզիկական պահպանվածության ոչ բավարար վիճակի,
2) վերականգնման ընթացքում գտնվելու,
3) այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում:
(11-րդ հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-344-Ն)