Հոդված 8
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված մաքսային կանոնների խախտման դեպքերի վրա:
2. Մինչև «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով անձանց ծանուցման համակարգի ներդրումը՝
1) հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը կարող են ծանուցվել էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, և միաժամանակ աշխատակիցն իրազեկվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում փաստաթղթերը տեղադրելու միջոցով։ Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթը տեղադրելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հարկ վճարողը պարտավոր է փաստաթղթի օրինակը տրամադրել մաքսային կանոնների խախտում թույլ տված անձին և այն հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը նույն օրը ներկայացնել մաքսային մարմին: Մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակցին սույն մասով նախատեսված փաստաթղթերը չտրամադրելու դեպքում դրա հետևանքով առաջացած իրավական հետևանքների ռիսկը կրում է հարկ վճարողը, և այս դեպքում նշանակված վարչական տույժի մասով աշխատակիցը հարկ վճարողի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք.
2) հարկ վճարողի՝ մաքսային կանոնների խախտում կատարած աշխատակիցը համարվում է պատշաճ ծանուցված սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ օրը.
3) հարկ վճարողի աշխատակից չհանդիսացող ֆիզիկական անձին, որը չունի նաև հարկ վճարողի հաշվառման համար, մաքսային կանոնների խախտում կատարելու դեպքում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ, մաքսային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման կամ բնակության հասցեով: Փոստային կապի միջոցով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ֆիզիկական անձին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում մաքսային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, որի դեպքում մաքսային կանոնների խախտում կատարած անձը համարվում է պատշաճ ծանուցված այդ փաստաթղթերը կայքում տեղադրելու օրվանից:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2024 թ. նոյեմբերի 8
Երևան
ՀՕ-386-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: