Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը հաստատվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Սույն օրենքից բխող մյուս ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը հաստատելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, Լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, որը պետք է համապատասխանի օրենքով և Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ ռեկտորին ներկայացվող պահանջներին: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնավարում է մինչև օրենքով և Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված կարգով ձևավորված կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ընտրած ռեկտորի կողմից լիազորություններն ստանձնելու օրը: Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ձևավորվում է ուսումնական հաստատության խորհուրդը: Ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարվում է ռեկտորի ընտրության բաց մրցույթ:

4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը հաստատվելուց հետո փրկարարական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում մինչև Լիազոր մարմնի ղեկավարի կողմից նոր հաստիքներում նշանակվելը՝ Լիազոր մարմնի ղեկավարին ուղղված իրենց զեկուցագրի համաձայն, հարցազրույցի հիման վրա, իսկ այդ հաստիքներում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր չներկայացնելու դեպքում նրանք սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում: Հարցազրույցի անցկացման կարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը հաստատվելուց հետո փրկարարական պաշտոններ զբաղեցնող անձինք և փրկարար ծառայող չհանդիսացող աշխատողները շարունակում են պաշտոնավարել իրենց գործող պաշտոններում մինչև ուսումնական հաստատության ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից փրկարարական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակվելը՝ ուսումնական հաստատության ռեկտորին ուղղված իրենց զեկուցագրի (դիմումի) համաձայն, հարցազրույցի հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում նշանակվելու դեպքում նրանք ազատվում են փրկարար ծառայությունից: Այդ պաշտոններում հարցազրույցի արդյունքներով երկու ամսվա ընթացքում չնշանակվելու կամ հարցազրույցին մասնակցելու զեկուցագիր (դիմում) չներկայացնելու դեպքում փրկարար ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում, իսկ փրկարար ծառայող չհանդիսացող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով:

6. Սույն օրենքի 11-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

7. Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսվող յուրաքանչյուր կրթական ծրագրով ընդունելություն հայտարարելու օրը:

8. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի խորհուրդը գործում է մինչև Լիազոր մարմնի ուսումնական հաստատության խորհրդի ձևավորումը:

9. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով փրկարարական պաշտոններ չհամարվող նոր պաշտոններում նշանակված անձինք նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, բայց ոչ ավելի, քան իրենց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման տարիքի հասնելը: Այս դեպքում Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հաստիքացուցակը և կառուցվածքը հաստատվելուց հետո համապատասխան պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Նշված անձանց փրկարարական ծառայության վերջին պաշտոնի համար սահմանված աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) պահպանվում է որպես հիմնական աշխատավարձ մինչև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման տարիքի հասնելը, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի սահմանած աշխատավարձի չափից: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ աշխատողի աշխատավարձի չափը որոշվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից տվյալ պաշտոնի համար սահմանված չափով:

10. Ռեկտորը (ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը) և սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով նշանակված այն անձինք, որոնք նշանակվելու պահին հասել են երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքին, Լիազոր մարմնի ուսումնական հաստատության՝ փրկարարական չհանդիսացող հաստիքներում նշանակվելու դեպքում պահպանում են իրենց աշխատավարձի չափը (հիմնական աշխատավարձը, հավելումները, լրավճարները) որպես հիմնական աշխատավարձ, եթե այն բարձր է տվյալ պաշտոնի համար Լիազոր մարմնի ուսումնական հաստատության կառավարման խորհրդի սահմանած աշխատավարձի չափից մինչև այն պահը, երբ այդ աշխատավարձի չափը կգերազանցի աշխատավարձի պահպանված չափը:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2024 թ. նոյեմբերի 8

Երևան

ՀՕ-401-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։