Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները
Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները
1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին.
2) վարչապետին.
3) Ազգային ժողովի նախագահին.
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակելու հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից։
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչապետի որոշումը ենթակա չէ հրապարակման:
4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.
2) անհապաղ զեկուցել պետական պահպանության ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում ծառայության ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով ծառայության ղեկավարին։
(5-րդ հոդվածը լրաց. 20.03.08 ՀՕ-3-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-275-Ն)