Հոդված 16. Ծառայությունը լիազոր մարմնում
Հոդված 16. Ծառայությունը լիազոր մարմնում
1. Լիազոր մարմինը համալրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով և քաղաքացիական անձնակազմով։
Լիազոր մարմնի սպաները և ենթասպաներն ազգային անվտանգության մարմինների զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները։
Լիազոր մարմնի քաղաքացիական անձնակազմի ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և լիազոր մարմնում աշխատանքային առանձնահատկություններ սահմանող իրավական ակտերով։
2. Ծառայողական պարտականությունները կատարելիս լիազոր մարմնի ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների և քաղաքացիների համար։
3. Ծառայողական պարտականությունները կատարելիս լիազոր մարմնի ծառայողի օրինական պահանջները չկատարելը և (կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
4. Լիազոր մարմնի ծառայողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
5. Լիազոր մարմնի զինծառայողների միասնական համազգեստի և տարբերանշանների նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։