Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները
Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները
1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այն անձինք, որոնց սույն օրենքի համաձայն տրամադրվել է պետական պահպանություն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարներն ու այլ անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ։
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իրավունք չունեն հրաժարվելու պետական պահպանությունից։
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում։ Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած իրավասու պետական մարմինը:
4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`
1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.
2) անհապաղ զեկուցել լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:
Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:
5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին։
(5-րդ հոդվածը լրաց. 20.03.08 ՀՕ-3-Ն)