Հոդված 381. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ և վարույթ ընդունելը
Հոդված 381. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ և վարույթ ընդունելը
(վերնագիրը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն)
1. Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) տվյալներ` բողոք բերած անձի մասին` նշելով նրա դատավարական կարգավիճակը, բնակության կամ գտնվելու վայրը.
3) դատական ակտը, որը բողոքարկվում է, և այն կայացրած դատարանի անվանումը.
4) նշում այն մասին, թե դատական ակտը բողոքարկվում է ամբողջությամբ, թե մի մասով.
5) բողոքի հիմքերը և պահանջը.
5.1) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
6) առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները.
7) բողոքին կցվող նյութերի ցանկը.
8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը:
2. Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:
3. Վերաքննիչ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, և դրանք չեն կարող փոփոխվել և լրացվել գործի դատական քննության ընթացքում:
4. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-211-Ն)
5. Ստորադաս դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է նախագահողը:
6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները, բացառությամբ այն դեպքի, երբ վերաքննիչ բողոքը բերվել է սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դատական ակտի դեմ, որի հիմքերի բավարարության հարցը վերաքննիչ դատարանը լուծում է կոլեգիալ կազմով:
(381-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-93-Ն, խմբ., փոփ., լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-211-Ն)
(381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, …, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69, 75 և 78-րդ հոդվածներին հակասող 19.06.18 ՍԴՈ-1420 որոշմամբ:)