Հոդված 143. ԳՐԱՎԸ
Հոդված 143. ԳՐԱՎԸ
1. Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է` քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով: Դատարանի թույլտվությամբ որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:
2. Դատարանը, համապատասխան շարժառիթները շարադրելով, իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի առանձին դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:
3. Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն:
4. Դատարանի նշանակած գրավի չափը չի կարող պակաս լինել`
1) նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից` ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս.
2) նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափից` միջին ծանրության հանցանք կատարելու մեջ մեղադրվելիս:
5. Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես հանձնարարում է մեղադրյալին ազատել կալանքից:
6. Եթե մեղադրյալը թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ առանց թույլտվության մեկնել է այլ տեղանք, դատախազը դիմում է դատարան` գրավը պետության եկամուտ դարձնելու միջնորդությամբ: Գրավը պետության եկամուտ դարձնելու մասին դատարանի որոշումը գրավատուն կարող է բողոքարկել վերադաս դատարան:
7. Գրավը վերադարձվում է գրավատուին բոլոր դեպքերում, երբ չեն ապացուցվել սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված խախտումները կամ գրավը` որպես խափանման միջոց վերացվում կամ փոխվում է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:
8. Դրված պարտականությունները և նախատեսված սահմանափակումները մեղադրյալի կողմից խախտելիս, գրավը որպես խափանման միջոց կարող է փոխարինվել կալանքով:
(143-րդ հոդվածի 1-ին մասը՝ այնքանով, որքանով որ գրավի կիրառումը թույլատրելի է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով՝ բացառելով նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված մյուս դեպքերը, 6-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը պետության եկամուտ դարձնելը հնարավոր է համարում միայն քրեական վարույթն իրականացնող մարմնից մեղադրյալի թաքնվելու կամ առանց թույլտվության այլ տեղանք մեկնելու համար, ճանաչվել են Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված վերոնշյալ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի ապրիլի 15-ը:)