Հոդված 414.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը
Հոդված 414.1 Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը
(վերնագիրը խմբ. 10.06.14 ՀՕ-48-Ն)
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի պահանջներին։
2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝
1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.
2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ.
3) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով.
4) վճռաբեկ բողոք ներկայացրած անձը մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացումը դիմում է ներկայացրել վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին.
5) բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.
6) բողոքը բերվել է սույն օրենսգրքի 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ։
3. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։
4. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ սահմանում է մինչև մեկամսյա ժամկետ` ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
(414.1 -րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-23-Ն, 10.06.14 ՀՕ-48-Ն)