Հոդված 138. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 138. ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը հաշվվում է ձերբակալելիս անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից, իսկ եթե նա չի ձերբակալվել, ապա այդ խափանման միջոցն ընտրելու մասին դատարանի որոշումը կատարելու պահից:
2. Կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվում է այն ժամանակը, երբ անձը գտնվել է`
1) արգելանքի տակ` նրան ձերբակալելիս և կալանավորելիս.
2) բժշկական հաստատությունում` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հիվանդանոցային փորձաքննություն, ինչպես նաև քրեական գործով վարույթի ընթացքում հայտնաբերված ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումից բուժում անցնելու ընթացքում, այդ թվում` կասկածյալի և մեղադրյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելիս:
3. Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող լինել 2 ամսից ավելի, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, գումարվում են կալանքի տակ և բժշկական հաստատությունում անձի գտնվելու, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետի մեջ հաշվակցվող բոլոր ժամկետները: Քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, կամ մեղադրյալը կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին, կամ կալանավորումը` որպես խափանման միջոց վերացվում է:
4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչև 1 տարի:
5. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել`
1) 1 տարին.
2) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար քրեական օրենքով ազատազրկման նախատեսված առավելագույն ժամկետը` այն դեպքում, երբ նշված ժամկետը պակաս է 1 տարուց:
6. Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրյալին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետ չի սահմանվում: