Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 438. ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դատական որոշման հետ կապված հարցերը դատարանի կողմից քննվում են դատական նիստում` դատապարտյալի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտադիր է նաև պաշտպանի մասնակցությունը:
2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը: Նշված անձանց չներկայանալը գործի քննությանը չի խոչընդոտում:
3. Հիվանդության, հաշմանդամության պատճառով դատապարտյալին ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը դատարանի կողմից լուծելիս պարտադիր է եզրակացություն տված բժշկական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
4. Պատժից պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու, մեկ ռեժիմի քրեական պատիժն իրականացնող հիմնարկից այլ ռեժիմի հիմնարկ տեղափոխելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:
5. Գործի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա պաշտպանը: Այնուհետև` դատարանը հեռանում է խորհրդակցության` որոշում կայացնելու համար: