Հոդված 14
Հոդված 14
«Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց որևէ հիմքով խտրականության, այն է՝... [որևէ մեկի] կարգավիճակով պայմանավորված»:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուները
36. Դիմումատուները պնդել են, որ թերթի՝ 2014 թվականի մայիսի 17-ի հոդվածի հրապարակմամբ (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) ապօրինի միջամտություն է կատարվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրենց իրավունքներին։ Ավելին, ներպետական դատարանների կողմից թերթին կամ դրա գլխավոր խմբագրին չդատապարտելը համարվել է պետության՝ 8-րդ հոդվածին հակասող վերաբերմունքից պաշտպանելու դրական պարտավորության խախտում։ Նրանք մարդու իրավունքի պաշտպաններ և ակտիվիստներ էին, որոնք աջակցել և (կամ) եղել են ԼԳԲՏ համայնքի անդամներ: Հոդվածը զրկել է նրանց արժանապատվությունից, վնասել պատիվը և սոցիալական ու մասնագիտական համբավը, բացասաբար է ազդել անձնական կյանքով ապրելու նրանց հնարավորության վրա՝ պատճառելով հոգեբանական վնաս և ոտնահարելով բարոյական անձեռնմխելիությունը։ Պետությունը չի պաշտպանել նրանց խտրական բնույթ ունեցող հոմոֆոբ հայտարարություններից և չի տրամադրել փոխհատուցում, այդ թվում՝ սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն ու ատելության հրահրումն արգելող արդյունավետ օրենսդրություն չի մշակել, ինչը հավասարազոր է եղել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտմանը: Ընթերցողներին ուղղակիորեն հրահրել են խտրականություն դրսևորել նրանց նկատմամբ՝ ԼԳԲՏ համայնքի հետ կապ ունենալու և (կամ) նրանց սեռական կողմնորոշման համար: Հետևաբար հոդվածը դուրս էր եկել զրպարտության և վիրավորանքի սահմաններից և հրահրել է ատելության խոսք: Այն նպատակ է ունեցել արդյունավետորեն զրկել նրանց հասարակության կյանքին ազատորեն մասնակցելու հնարավորությունից և իրենց անձնական ինքնությունը, այդ թվում՝ սեռական կողմնորոշումը պաշտպանելու ազատությունից: Հիմնվելով Իդենտոբան և այլք [Identoba and Others ] (տե՛ս վերևում) և Նաչովան և այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Nachova and Others v. Bulgaria] [GC] թիվ 43577/98 և 43579/98, ՄԻԵԴ 2005-VII) գործերի վրա՝ դիմումատուները պնդել են, որ Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ պետությունն ունեցել է դրական պարտավորություն՝ պաշտպանելու անձանց ատելության խոսքից և մասնավոր դերակատարների կողմից ցուցաբերած խտրականությունից, ինչպես նաև բացահայտելու և պատժելու բռնի հարձակման խտրական շարժառիթները, ինչը այն չի արել տվյալ դեպքում:
37. Առաջին հերթին, պետությունը չի ստեղծել համապատասխան իրավական դաշտ՝ նրանց ատելության խոսքից և խտրականությունից պաշտպանելու համար: Նրանք չեն ունեցել իրավական մեխանիզմներ՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով կոնկրետ ատելության խոսքի և (կամ) խտրականության վերաբերյալ ազգային դատարաններ բողոք ներկայացնելու և թերթին պատասխանատվության ենթարկելու այդ արարքների համար: Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքը և այլ օրենսդրությամբ խտրականությունը բացառող դրույթների հռչակագրային բնույթը գործնականում անհնարին են դարձրել որևէ դիմումատուի կողմից նման պահանջ ներկայացնելը: Ատելության խոսքի կամ խտրականություն հրահրելու իրավաբանորեն ընդունելի սահմանում չի եղել: Ավելին, ատելություն հրահրելու դեմ գործող իրավական երաշխիքները չեն ներառել սեռական կողմնորոշումը և (կամ) անձի գենդերային ինքնությունը: Հետևաբար նրանք այլ տարբերակ չեն ունեցել, քան քաղաքացիական հայց ներկայացնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հետ կապված ներպետական դրույթների հիման վրա:
38. Իրենց քաղաքացիական հայցում բարձրացված հարցերը, այդ թվում՝ այնպիսի էական հարցեր, ինչպիսիք են ատելության խոսքն ու խտրականությունը, որին նրանք ենթարկվել են, պատշաճ կերպով չեն քննարկվել ներպետական դատարանների կողմից: Չնայած հեղինակի կողմից օգտագործված խտրական և ակնհայտ հոմոֆոբ խոսքին, այդ թվում՝ վիրավորանքներին ու խտրականություն հրահրելուն, ներպետական դատարանները անտեսել են դիմումատուների՝ խտրականության և ատելություն հրահրելու վերաբերյալ պահանջները և չեն ընդունել նրանց թիրախավորելու համար հեղինակի խտրական և հոմոֆոբ շարժառիթները, ինչպես նաև վերջինիս կողմից օգտագործված վիրավորական արտահայտությունը։ Դիմումատուները պնդել են, որ նման ատելության խոսքը պաշտպանված չէ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով և հանդիսանում է իրավունքների չարաշահում Կոնվենցիայի 17-րդ հոդվածի իմաստով: Այսպիսով, ներպետական դատարանները պետք է ճանաչեին թերթի խտրական դիրքորոշումը և ատելության խոսքը բացառեին 10-րդ հոդվածի շրջանակից։ Փոխարենը, նրանք ամենևին էլ ուշադրություն չեն դարձրել թերթի հոդվածներում պարունակվող վտանգավոր և կանխակալ պնդումներին, ինչպես նաև դրանց ազդեցությանը դիմումատուների վրա և գործել են 17-րդ հոդվածի խախտմամբ՝ մեկնաբանելով 10-րդ հոդվածի երաշխիքները՝ Կոնվենցիայով սահմանված հանդուրժողականության և խտրականության բացակայության հիմնական արժեքներին հակառակ և 10-րդ հոդվածով սահմանված պաշտպանությունը տարածելով ատելության խոսքի վրա:
39. Որպես այլընտրանք, դիմումատուները պնդել են, որ ներպետական դատարանները չեն հավասարակշռել 8-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները և 10-րդ հոդվածով նախատեսված հեղինակի իրավունքները՝ Կոնվենցիային համապատասխանող ձևով։ Ներկայացված միակ հիմնավորումը վերաբերել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի երաշխիքներին, այլ ոչ թե այն բոլոր էական հանգամանքներին, որոնք անհրաժեշտ էին մրցակցող շահերի միջև արդար հավասարակշռություն հաստատելու համար: Մասնավորապես ներպետական դատարանները՝ ա) չեն բացահայտել ենթադրյալ ընդհանուր հանրային շահը և հաշվի չեն առել շարունակվող խտրականության արշավի վերաբերյալ դիմումատուների կողմից ներկայացված ապացույցները. բ) չեն գնահատել հոդվածի հրապարակման հետևանքները դիմումատուների անձնական կյանքի վրա, այդ թվում՝ «ազգի և պետության թշնամի» պիտակավորման ազդեցությունը. գ) հաշվի չեն առել հոդվածի ձևը և այն փաստը, որ այն հրապարակվել է համացանցում, ինչը հնարավորություն է տվել այն տարածել բազմաթիվ հարթակներում և շարունակել հասանելի մնալ առցանց՝ դրանով նրանց անձնական տվյալները մշտապես դարձնելով հասանելի. դ) հաշվի չեն առել, որ դիմումատուների՝ որպես «սև ցուցակում» գտնվող մարդկանց հիմնական հատկանիշը ԼԳԲՏ համայնքի հետ կապ ունենալը և (կամ) նրանց աջակցելն է, ինչը խտրականության և ատելության ակնհայտ ցուցիչ էր. և ե) չեն ընդունել, որ թերթը, բոլորովին չկատարելով հանրային դիտորդի իր դերը, խաթարել է հավասարության և խտրականության արգելքի սկզբունքները, որոնց վրա հիմնված է ժողովրդավարությունը, և փորձել են լռեցնել դիմումատուներին: Դատարանների կողմից նրանց բողոքը պատշաճ կերպով չքննելը հանգեցրել է հեղինակի կողմից օգտագործվող պիտակավորման օրինականացմանը և թերթի խտրական բնույթի արդարացմանը:
40. Ի վերջո, դիմումատուները պնդել են, որ թերթի հոդվածները բացասական ազդեցություն են ունեցել իրենց անձնական կյանքի վրա: Դա ենթադրաբար ներառում է, ի թիվս այլնի, հետևյալը. ա) առցանց հարթակում չորս դիմումատուներն ստացել են ատելություն և սպառնալիք պարունակող հաղորդագրություններ, ինչպես նաև ենթարկվել են ծաղրի, մեկուսացման, ահաբեկման ու վիրավորանքի իրական կյանքում. բ) մեկ դիմումատու իր համայնքի կողմից պիտակավորվել է որպես գեյ, ինչի հետևանքով նա մեկուսացել է. գ) ծանոթները, դասընկերները և գործընկերները դադարեցրել են հետագա շփումը դիմումատուներից երկուսի հետ. դ) մեկ դիմումատուի դեպքում աշխատանքի առաջարկը մերժվել է առանց պատճառի. ե) մեկ այլ դիմումաուի դեպքում գործող աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է. զ) ընտանիքի անդամները մեկ այլ դիմումատուի ստիպել են մասնակցել վերականգնողական թերապիայի. է) դիմումատուներից մեկի ընտանիքը ճնշում է գործադրել վերջինիս վրա, որպեսզի նա թողնի իր աշխատանքը որպես ակտիվիստ. և ը) ընտանիքի անդամները ենթարկվել են առցանց բռնության։
2. Կառավարությունը
41. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 17-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործի համար, քանի որ պետք է արդար հավասարակշռություն հաստատվեր Կոնվենցիայով նախատեսված երկու իրավունքների միջև, մասնավորապես՝ դիմումատուների՝ որպես ԼԳԲՏ ակտիվիստների՝ 8-րդ հոդվածի համաձայն իրենց անձնական կյանքը հարգելու իրավունքի և 10-րդ հոդվածի համաձայն՝ հեղինակի՝ ազատորեն արտահայտվելու իրավունքի միջև։ Ազգային դատարանների որոշումները հիմնվել են Դատարանի նախադեպային իրավունքի վրա, ըստ որի վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող գաղափարները նույնպես պաշտպանված են 10-րդ հոդվածով: Խնդրո առարկա հոդվածը պարունակում էր հեղինակի կարծիքը գեյերի իրավունքները պաշտպանող լոբբիստների մասին։ Հեղինակի կարծիքով՝ նրանք փորձում էին երկրում ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները, և նրանց նպատակն էր ահաբեկել բոլորին, ովքեր կհամարձակվեին ընդդիմանալ այլասերվածությունն օրինաչափություն դարձնելու ջանքերին։ Հեղինակը նաև անհանգստություն էր հայտնել բնակչության վերարտադրողական ունակության, ինչպես նաև զինվորական ծառայության զորակոչման ենթակա սերնդի «մարտական պատրաստվածության» վերաբերյալ։ Գնահատելիս, թե արդյոք խոսքը «վիրավորանք» է համարվել, դատարանները պատշաճ կերպով պատճառաբանված վճիռներով և իրենց գնահատման սահմաններում եզրակացրել են, որ դիմումատուների իրավունքների խախտում չի եղել: Այդպիսով, դատարանները մանրամասնորեն անդրադարձել են դիմումատուների բողոքին՝ նրանց պատվի և արժանապատվության առնչությամբ: Հետևաբար 8-րդ հոդվածի խախտում չի եղել։
42. Կառավարությունը նաև համաձայն չէր դիմումատուների հետ, որ Հայաստանի օրենսդրությունը չի ներառում դրույթներ, որոնք առնչվում են խտրականության և (կամ) ատելության խոսքի վերաբերյալ հարցին: Այդ առնչությամբ նրանք վկայակոչել են Սահմանադրության 14.1 հոդվածը, որով արգելվում է խտրականությունը (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը), և պնդել են՝ հղում կատարելով Սահմանադրության 3-րդ հոդվածին (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), որ Սահմանադրության 14.1 հոդվածն ուղղակիորեն կիրառելի է, ինչն ավելորդ է դարձնում այն օրենքներում ներառելը։ Բացի այդ, ատելության խոսքի և խտրականության դեմ պաշտպանության համար հատուկ օրենսդրական և դատավարական մեխանիզմներ ստեղծելու կարիք չի եղել, ինչպես պնդում էին դիմումատուները, քանի որ քաղաքացիական գործով վարույթի ընթացքում, համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի (տե՛ս վերևում՝ 29.-րդ պարբերությունը), հնարավոր էր կիրառել օրենքի և իրավունքի համանմանության (անալոգիա) սկզբունքը: Ներպետական վճիռներում ոչինչ չկար հակախտրականության մասին օրենքների ենթադրյալ բացակայության վերաբերյալ: Մյուս կողմից, դատարանները բազմիցս նշել էին, որ դիմումատուները չեն կարողացել ապացուցել, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել: Այսպիսով, ներպետական դատարաններում պնդելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտումը՝ դիմումատուները չեն կարողացել հիմնավորել, թե ինչպես են խախտվել սույն դրույթով պաշտպանված իրենց իրավունքները, և սահմանափակվել են միայն համապատասխան դրույթների մեջբերմամբ: Իրենց կողմից ներկայացված քաղաքացիական հայցում նրանք միայն բարձրացրել են վիրավորանքի, այդ թվում՝ իրենց պատվին և արժանապատվությանը վնասելու հարցը, այսինքն՝ բացառապես այն հարցերը, որոնք գտնվում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում, բայց չեն բարձրացրել Կոնվենցիայի 14-րդ հոդվածով սահմանված հարցը։ Այդ առնչությամբ Կառավարությունն անդրադարձել է նաև այն փաստին, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը չի դիտարկել խտրականության հարցը՝ իր որոշման մեջ նշելով, որ դիմումատուների փաստարկներից պարզ է դառնում, որ նրանք վիճարկվող հոդվածը համարել են վիրավորական, և որ հետևաբար գործը պետք է ուսումնասիրվեր դատարանի կողմից «վիրավորանք» հասկացության շրջանակներում։ Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ ապացույց, որ նրանց հանդեպ դրսևորվել է խտրական վերաբերմունք, օրինակ՝ աշխատանքի անցնելու հարցում մերժում, աշխատանքից ազատում կամ որևէ այլ խտրական գործողությունների դրսևորում, և դատարանը մերժել է խտրականության վերաբերյալ իրենց հայցը՝ այն համարելով անհիմն (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը): Եթե դիմումատուները պատշաճ կերպով բարձրացնեին խտրականության հարցը, ներպետական դատարանները կկարողանային հարցն ուսումնասիրել Սահմանադրության ուղղակի կիրառման ուժով և անհրաժեշտության դեպքում՝ համանմանության (անալոգիա) միջոցով՝ դատավարական նպատակներով: Այնուամենայնիվ, նրանք չկարողացան դա անել, հետևաբար չկարողացան նաև սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները։
43. Կառավարությունը, որպես այլընտրանք, պնդել է, որ եթե նույնիսկ, ինչպես պնդում էին դիմումատուները, իրենց չէր տրամադրվել արդյունավետ իրավական շրջանակ՝ խտրականությունը վիճարկելու կամ իշխանություններին հատուկ ատելության խոսքի (խտրականության) վերաբերյալ գանգատի ներկայացման համար, նրանք պետք է դիմեին Դատարան վեց ամսվա ընթացքում, այլ ոչ թե օգտագործեին անարդյունավետ միջոցը։ Այնուամենայնիվ, նրանք ընտրել էին օգտվել այդ միջոցից՝ առանց իրենց բողոքի առնչությամբ հաջողության հասնելու հեռանկարի՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն: Հետևաբար, վեցամսյա ժամկետը պետք է հաշվարկվեր այն ամսաթվից, երբ դիմումատուներն իրենց հայցերը ներկայացրել են ներպետական դատարաններ, մասնավորապես՝ 2014 թվականի հունիսի 16-ից (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):
3. Դիմումատուների պատասխանը
44. Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությանն ի պատասխան (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), դիմումատուները նշել են, որ իրենք սպառել են բոլոր հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները և իրենց բոլոր գանգատները ներկայացրել են ներպետական դատարաններ, ներառյալ՝ խտրականության մասին բողոքը՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն։ Առաջին հերթին, մինչդեռ Կառավարությունը պնդել է, որ սահմանադրական դրույթներն ուղղակիորեն կիրառելի են՝ ապահովելով արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, և որ հատուկ օրենսդրության կարիք չկա, Կառավարությունը՝ ի աջակցություն վերոնշյալի, չի կարողացել ներկայացնել ներպետական գործելակերպի որևէ օրինակ, որտեղ խտրականությունը և (կամ) ատելության խոսքը՝ հիմնված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա, հաջողությամբ բարձրացված լինեն Հայաստանում գործող դատարաններում, և տրամադրված լինի փոխհատուցում: Կառավարության փաստարկները հետևաբար տեսական բնույթ էին կրում, և այդ փաստարկներով հնարավոր չի եղել հիմնավորել գործնականում խտրականության կամ ատելության խոսքի դեմ հասանելի և արդյունավետ պաշտպանության միջոցների առկայությունը: Ավելին, դրանք ուղղակիորեն վկայակոչում էին խտրականությունն արգելող սահմանադրական դրույթները, սակայն ներպետական դատարանները չեն կարողացել կիրառել դրանք, ինչը պայմանավորված էր այդ դրույթների հռչակագրային բնույթով և հատուկ հակախտրական օրենքների բացակայությամբ: Երկրորդ, չկար իրավականորեն ընդունված այնպիսի հասկացությունների սահմանումներ, ինչպիսիք են ատելության խոսքը, խտրականությունը կամ խտրականության սադրանքը, ինչն ազդել է ներպետական որոշումների կայացման վրա: Դատարանները չկարողացան սահմանել այդ հասկացություններն իրենց ըմբռնմամբ և այն հանգամանքները, որոնք պետք է ապացուցվեին կողմերի կողմից այդ ակտերը հաստատելու համար: Այսպիսով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը պահանջել է աշխատանքի կորստի վերաբերյալ ապացույց՝ խտրականությունն ապացուցելու համար, թեև նրանց հայցը վերաբերում էր ոչ թե աշխատանքին, այլ խտրականությանը և ատելության սադրանքին, ինչը բացասաբար էր ազդել իրենց վրա: Ներպետական դատարաններն ակնհայտորեն չէին կարողացել կամ չէին ցանկացել անդրադառնալ այդ հայցերին վարույթի ընթացքում: Ի վերջո, ինչ վերաբերում է օրենքի և(կամ) իրավունքի համանմանության (անալոգիա) սկզբունքի կիրառման վերաբերյալ կառավարության փաստարկին, ապա, ըստ քաղաքացիական դատավարության կանոնների, այն կարող է կիրառվել միայն օրենքի նյութաիրավական դրույթների, բայց ոչ դատավարական դրույթների նկատմամբ, մինչդեռ հատուկ հակախտրական օրենսդրության բացակայության մասով նրանց բողոքը վերաբերում է ոչ միայն նյութաիրավական դրույթներին, այլև ընթացակարգային և ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությանը։ Ամեն դեպքում Կառավարությունը չի նշել, թե սույն գործում որ օրենքները պետք է կիրառվեն անալոգիայով, և ինչպես պետք է դա իրականացվի դիմումատուների կողմից:
45. Ինչ վերաբերում է վեցամսյա ժամկետը ենթադրաբար չպահպանելու մասով Կառավարության առարկությանը (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը), դիմումատուները պնդել են, որ իրենք չեն կարող մեղադրվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու փորձի մեջ, նույնիսկ եթե դրանց արդյունավետությունը կասկածի տակ էր: Ներպետական դատարանները կարող էին և պետք է կիրառեին խտրականության արգելման վերաբերյալ վերը նշված սահմանադրական դրույթները կոնկրետ գործով որոշում կայացնելիս: Այսպիսով, դիմումատուներն օգտագործել են Հայաստանի օրենսդրության մեջ առկա միակ իրավական մեխանիզմը՝ վիճարկելու հոդվածի բովանդակությունն այն հիմքով, որ ատելության խոսքն ու խտրականության կոչերը հանդիսանում են ոտնձգություն իրենց արժանապատվության դեմ և վիրավորանք իրենց հեղինակության նկատմամբ: Եթե նրանց հայցը բավարարվեր, պատասխանողները կհրաժարվեին ատելության բովանդակություն պարունակող իրենց հետագա հրապարակումից։
4. Երրորդ կողմի միջամտողները
ա) ARTICLE 19 [ՀՈԴՎԱԾ 19]
46. ARTICLE 19-ը ներկայացրել է, որ թեև «ատելության խոսքը» մարդու իրավունքների միջազգային իրավունքում չունի հստակ սահմանում, այնուամենայնիվ, ատելության արտահայտությունը, որն ուղղված է անհատին կամ անհատների խմբերին՝ պաշտպանված հատկանիշի հիման վրա, կարող է, այնուամենայնիվ, բաժանվել երեք կատեգորիայի, որոնցում նշվում է, թե ինչ արձագանք պետք է պահանջվի Պետության կողմից՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան՝ ա) «ատելության խոսքի» արտահայտման դաժան ձևերը, որոնք պետություններից պահանջվում է արգելել քրեական, քաղաքացիական և վարչական միջոցներով, ինչպես միջազգային քրեական իրավունքի, այնպես էլ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ինչպիսին է խտրականության հիմքով ատելության քարոզչությունը, որը համարվում է թշնամության, խտրականության կամ բռնության դրդող խոսք (սադրանք), բ) «ատելության խոսքի» արտահայտման այլ ձևեր, որոնք պետությունները կարող են արգելել, ինչպիսիք են խտրականության կամ կողմնակալության շարժառիթով սպառնալիքները, ոտնձգությունները կամ բռնությունը, որոնք, այնուամենայնիվ, չեն ներառում սադրանք (ոտնձգություն), և գ) «ատելության խոսք», որն օրինական է, սակայն, այնուամենայնիվ, մտահոգություններ է առաջացնում անհանդուրժողականության և խտրականության առումով, և որի համար պահանջվում է պետության կողմից քննադատական արձագանք՝ միաժամանակ պաշտպանված լինելով սահմանափակումներից: Ինչ վերաբերում է «ատելության խոսքի» ամենադաժան արտահայտման ձևին, այն է՝ սադրանքը, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների կոմիտեն ընդգծել է, որ թեև պետություններից պահանջվում է արգելել նման արտահայտությունները, այդ սահմանափակումները, այնուամենայնիվ, պետք է համապատասխանեն
ՔՔԻՄԴ-ի 19-րդ հոդվածով սահմանված խիստ պայմաններին, որը երաշխավորում է ազատորեն արտահայտվելու իրավունքը։
47. 19-րդ ՀՈԴՎԱԾՈՎ նշվում է, որ ոլորտի փորձագետները ուղեցույցներ են տրամադրել արտահայտվելու ազատության սահմանափակման շեմը որոշելու մասով՝ հիմնավորելով, որ այն հանդիսանում է ատելության սադրում, հավելելով, որ այդ ուսումնասիրությունը տարբերվում է ոտնձգության գործերի ուսումնասիրությունից: Մասնավորապես սադրանքը նպատակաուղղված է խոսողի հատուկ մտադրությանը՝ խտրականության կամ բռնության գործողություններ իրականացնել թիրախավորված անհատների նկատմամբ, ինչպես նաև կենտրոնացած է այդ վնասի հավանականության և վերահասության վրա: Այդ ուսումնասիրությամբ անհրաժեշտ էր դիտարկել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ա) արտահայտության ենթատեքստը. բ) բանախոսի դիրքն ու հեղինակությունը կամ նրա ազդեցությունը լսարանի վրա. գ) ատելության քարոզչությամբ զբաղվելու և պաշտպանվող խմբի դեմ սեփական գործողություններն ուղղելու մտադրության առկայություն. դ) հայտարարության բովանդակությունը և օգտագործված կոնկրետ բառերը. դ) արտահայտության աստիճանն ու ծավալը, ներառյալ՝ օգտագործված միջոցները և դրա հաճախականությունը կամ ծավալը. և ե) վնասի առաջացման հավանականությունը, ներառյալ՝ դրա անխուսափելիությունը:
48. Ի վերջո, ինչ վերաբերում է սույն գործերի դեպքում պատժամիջոցներին, պետության արձագանքը պետք է լիներ համարժեք, ընդ որում, արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է դիտարկվեն միայն որպես վերջին միջոց և ավելի պակաս հարկադրական միջոցները դիտարկվեն որպես այլընտրանք, ինչը տպագիր մամուլի դեպքում կարող է ներառել ինքնակարգավորման արդյունավետ ձևերի աջակցությունը: Քանի որ ՔՔԻՄԴ-ի 20-րդ հոդվածի 2-րդ մասով պետություններից պահանջվում է արգելել, բայց չքրեականացնել սադրանքը, նրանք պետք է օգտագործեն մի շարք իրավական միջոցներ դրա դեմ պայքարելու համար, ներառյալ՝ քաղաքացիական, վարչական և այլ միջոցներ: Քրեաիրավական պատժամիջոցները պետք է սահմանափակվեն սադրանքի ամենադաժան ձևերով և կիրառվեն որպես վերջին միջոց այնպիսի իրավիճակներում, երբ ոչ մի այլ միջոց չի կարող ապահովել անհատի իրավունքների ցանկալի պաշտպանությունը՝ ելնելով հանրային շահերից:
բ) Գենտի համալսարանի մարդու իրավունքների կենտրոն
49. Գենտի համալսարանի մարդու իրավունքների կենտրոնը հայտնել է, որ սույն գործով կարևոր իրավական հարցեր են բարձրացվել Կոնվենցիայի համաձայն ԼԳԲՏԻՔ+ անձանց ատելության խոսքի դեմ պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ։ Վերջիններս Դատարանին առաջարկել են պարտավորեցնել պետություններին ապահովել արդյունավետ պաշտպանություն այդ ոլորտում, այդ թվում՝ պահանջելով համապատասխան իրավական շրջանակի առկայությունը, որը կպաշտպանի հոմոֆոբ և տրանսֆոբ ատելության խոսքից: Այդ համատեքստում երրորդ կողմի միջամտողները հրավիրել են Դատարանին դիտարկելու այն հարցը, թե արդյոք նման իրավական շրջանակը պետք է բաղկացած լինի քրեաիրավական պաշտպանության միջոցներից, թե քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցները բավարար կլինեն: Բացի այդ, Դատարանը պետք է պահանջի պետություններից ապահովել կայուն պաշտպանություն մարդու իրավունքների պաշտպանների համար, ներառյալ՝ նրանց, ովքեր ձգտում են պաշտպանել և խթանել ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքները: Մասնավորապես սույն գործի համատեքստում, այդպիսի պաշտպանությունը կապված էր ավելի լայն դրական պարտավորության հետ՝ խթանելու ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ հանդուրժողականության մշակույթը։
գ) ԻԼԳԱ-Եվրոպա (ԼԵՍԲՈՒՀԻՆԵՐԻ, ԳԵՅԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԱՑԻԱ-Եվրոպա) ԵՎ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԵՎՐՈՊԱ [ILGA-Europe and TGEU]
50. ILGA-Եվրոպա-ն և TGEU-ն համատեղ հայտարարել են, որ Կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող պետությունները դրական պարտավորություն ունեն պաշտպանվելու ատելության խոսքից՝ հիմնված սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Ըստ միջամտողների տեսակետի՝ օրենսդրական միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս հոմոֆոբ ատելության խոսքի զոհերին խտրականության վերաբերյալ քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարան, կարևոր քայլեր էին համարվում այդպիսի արդյունավետ պաշտպանության հասնելու համար: Շատ Պայմանավորվող պետություններ արդեն իսկ դրական քայլեր են ձեռնարկել հոմոֆոբ խոսքը քրեականացնելու և (կամ) քաղաքացիական վարույթ նախաձեռնելու իրավունք շնորհելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը՝ շատ Պայմանավորվող պետություններ բացահայտորեն քրեական հանցագործություն են համարում ատելության, բռնության կամ խտրականության հրահրումը՝ հիմնված սեռական կողմնորոշման և որոշ դեպքերում՝ գենդերային ինքնության վրա: Այդ երկրների թվում են Ավստրիան, Բելգիան, Էստոնիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Հունաստանը, Անգլիան և Ուելսը, Իսպանիան, Խորվաթիան, Դանիան, Ֆինլանդիան, Մալթան, Իսլանդիան և Նիդեռլանդները: Որոշ երկրներում, ինչպիսիք են Չեխիայի Հանրապետությունը, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, որտեղ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքը հստակորեն չի սահմանվում որպես քրեական հանցագործություն, երբեմն օգտագործվում են հանցագործությունների ընդհանուր ձևակերպումներ՝ հոմոֆոբ կամ տրանսֆոբ խոսքից պաշտպանվելու համար: Մի շարք երկրներ, ինչպիսիք են Չեխիայի Հանրապետությունը, Բուլղարիան, Հունգարիան, Անգլիան և Ուելսը, Գերմանիան, Իտալիան և Լեհաստանը, ատելության խոսքի դեմ հստակորեն սահմանել են քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներ՝ հիմնված սեռական կողմնորոշման վրա:
51. Հայաստանի օրենսդրությունը հոմոֆոբ կամ տրանսֆոբ խոսքի դեմ որևէ պաշտպանություն չի նախատեսում: Գործնականում Հայաստանում ԼԳԲՏ անձինք և նրանց փոխկապակցված անձինք զրկվել են ատելության խոսքի/խտրական խոսքի համար փոխհատուցում փնտրելու հնարավորությունից և մշտապես պայքարել են հավասարության համար ոչ միայն համապատասխան իրավական շրջանակի իսպառ բացակայության, այլ նաև ԼԳԲՏ համայնքի նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառով։ Սոցիալական, մշակութային, քաղաքական և այլ հիմքում ընկած գործոնների և օրենսդրության բացերի համակցությունը նպաստել է Հայաստանում ապրող ԼԳԲՏ անձանց վիճակի հետագա վատթարացմանը և խոչընդոտել նրանց արդարադատության համարժեք հասանելիությունը կամ ապահով միջավայրում ապրելու հնարավորությունը:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
ա) [ratione personae] (անձանց առումով) համատեղելիությունը
52. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուները բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն, որ 2014 թվականի մայիսի 17-ի հոդվածի հրապարակման և պետության կողմից պաշտպանություն չտրամադրելու փաստերը անօրինականորեն միջամտել են իրենց անձնական կյանքը հարգելու իրավունքին: Դատարանը գտնում է, որ այդ երկու հարցերը տարբեր հարցեր են, քանի որ առաջին հարցը ներառում է ներպետական իշխանությունների անմիջական միջամտությունը դիմումատուների անձնական կյանքին, մինչդեռ երկրորդը վերաբերում է 8-րդ հոդվածով նախատեսված պետության դրական պարտավորությանը: Առաջին հարցի առնչությամբ Դատարանը չի գտնում որևէ հիմք, որով կարելի է համարել, որ թերթի խնդրո առարկա հոդվածը վերագրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Թերթի խմբագրությունը մասնավոր ձեռնարկություն էր, և թեև նրա խմբագրական խորհրդի նախագահ Հ.Բ.-ն եղել է նաև իշխող կուսակցության պատգամավոր (10-րդ պարբերությունը), չկան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա ներկայացնում էր պետությունը՝ որպես թերթի խմբագրական խորհրդի նախագահ: Չկան նաև այլ ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ թերթի հրապարակած բովանդակության և արտահայտած տեսակետների համար պատասխանատու է պետությունը։ Հետևաբար այնքանով, որքանով ընկալելի է, որ դիմումատուները բողոք են ներկայացրել այդ հոդվածի հրապարակման վերաբերյալ, նրանց բողոքն այդ առնչությամբ պետք է ճանաչվի անընդունելի՝ Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելիության հիմքով (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Բուդինովան և Չապրազովն ընդդեմ Բուլղարիայի [Budinova and Chaprazov v. Bulgaria] գործը, թիվ 12567/13, § 41, 2021 թվականի փետրվարի 16): Հետևաբար Դատարանը կանդրադառնա բացառապես դիմումատուների բողոքներին՝ կապված Պետության կողմից Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված ենթադրաբար դրական պարտավորությունների չկատարմանը՝ պաշտպանելով նրանց անձնական կյանքը երրորդ կողմի, այս դեպքում՝ թերթի ենթադրյալ միջամտությունից, որը ցանկացած դեպքում հանդիսանում է սույն գանգատում բարձրացված հիմնական խնդիրը (համեմատել՝ Ակսուն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Aksu v. Turkey] [GC] գործը, թիվ 4149/04 և 41029/04, § 61, ՄԻԵԴ 2012):
ա) Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների կիրառելիությունը
53. Դատարանը վերահաստատում է, որ «անձնական կյանք» հասկացությունը լայն եզրույթ է, որը չի կարող ունենալ սպառիչ սահմանում: Այն ներառում է անձի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը և հետևաբար կարող է ներառել անձի ֆիզիկական և սոցիալական ինքնության բազմաթիվ ասպեկտներ (տե՛ս Դենիսովն ընդդեմ Ուկրաինայի [ՄՊ] [Denisov v. Ukraine [GC]] գործը, թիվ 76639/11, § 95, 2018 թվականի սեպտեմբերի 25, և Բեյզարասն ու Լևիսկասն ընդդեմ Լիտվայի [Beizaras and Levickas v. Lithuania] գործը, թիվ 41288/15, § 109, 2020 թվականի հունվարի 14): Այնպիսի տարրեր, ինչպիսիք են անձի սեռական կողմնորոշումը և սեռական կյանքը, գտնվում է 8-րդ հոդվածով պաշտպանված անձնական կյանքը հարգելու իրավունքի տիրույթում (տե՛ս Ֆեդոտովան և այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Fedotova and Others v. Russia [GC]] գործը, թիվ 40792/10 և 2 այլ գործեր, § 142, 2023 թվականի հունվարի 17, վերը նշված՝ Բեյզարասն ու Լևիսկասի գործը, § 109, և վեր նշված՝ «ԸՔՍԵՓԹ» ասոցիացիան և այլք [Association ACCEPT and Others] գործը, § 63), ինչպես նաև անձի համբավը, պատիվը և արժանապատվությունը (տե՛ս Բրչկո իսլամական համայնքի մեջլիսը և այլք ընդդեմ Բոսնիա և Հերցեգովինայի [ՄՊ][Medžlis Islamske Zajednice Brčko and Others v. Bosnia and Herzegovina [GC]], թիվ 17224/11, § 76, 2017 թվականի հունիսի 27, վերը նշված՝ Քաբօղլու և Օրան[Kaboğlu and Oran], § 65, 2018 թվականի հոկտեմբերի 30, և վերը նշված՝ Բեյզարաս և Լևիսկասի [Beizaras and Levickas] գործերը, § 117): Անձնական կյանքին առնչվող որոշ ոլորտներում (ինչպես օրինակ՝ հեղինակության իրավունքը), 8-րդ հոդվածը կիրառելի կլինի այն դեպքում, երբ ենթադրյալ խախտումը հասնի որոշակի լրջության մակարդակի և կատարվի այնպես, որ խոչընդոտի որևէ մեկի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացումը (տե՛ս վերևում հիշատակված՝ Բեյզարաս և Լևիսկասի [Beizaras and Levickas], § 109, և ԸՔՍԵՓԹ ասոցացիան և այլք [Association ACCEPT and Others] երկու գործերը, § 63):
54. Դատարանը նշում է, որ 2014 թվականի մայիսի 17-ին հրատարակված հոդվածը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) պայմանավորված է եղել ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամանքով, և հարձակումը դիմումատուների դեմ եղել է ԼԳԲՏ իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում նրանց ակտիվ գործունեության համար, ինչպես նաև այն փաստի համար, որ նրանք արտահայտվել են հոմոֆոբիայի դեմ՝ բացահայտորեն հրահրելով հասարակությանը ներխուժել դիմումատուների անձնական կյանքի տարբեր ասպեկտներ՝ նրանց նկատմամբ վնասակար խտրական գործողություններ իրականացնելով։ Դատարանը կասկած չունի, որ այդպիսի արտահայտություններն ազդել են դիմումատուների հոգեբանական բարեկեցության, արժանապատվության և հեղինակության վրա և լուրջ ոտնձգություն են ենթադրել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված նրանց իրավունքների նկատմամբ, որն ակնհայտորեն մտնում է այդ դրույթի շրջանակի մեջ:
55. Դիմումատուները նաև պնդել են, որ իրենք դարձել են ատելության խոսքի և խտրականության զոհ՝ պնդելով, որ իրենց դեմ հարձակումները պայմանավորված են եղել ոչ միայն իրենց ակտիվությամբ, այլ նաև իրենց կողմից ընկալվող սեռական կողմնորոշմամբ և ԼԳԲՏ համայնքի հետ կապվածությամբ՝ հիմնվելով նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա։ Դատարանը դիմումատուների փաստարկներն անհիմն չի համարում։ Առաջին հերթին, քիչ են կասկածները, որ հոդվածի հեղինակը դրդված է եղել ԼԳԲՏ համայնքի նկատմամբ թշնամանքից, և որ նա մտադրություն է ունեցել խաթարել այդ համայնքի աջակցությունը, ինչպես նաև դրա խթանման և պաշտպանության ընթացքը Հայաստանում։ Երկրորդ, գործում առկա մի շարք կետերից կարելի է ենթադրել, որ հեղինակը կարող էր դիմումատուներին դիտարկել ոչ միայն որպես ԼԳԲՏ համայնքի ակտիվիստներ, այլ նաև որպես այդ համայնքի անդամներ։ Դատարանն այդ կապակցությամբ վկայակոչում է նույն հեղինակի կողմից հրապարակված հաջորդ հոդվածների շարքը, որտեղ նա շարունակել է հարձակողական գործունեություն ծավալել դիմումատուների դեմ: Նման հոդվածներից մեկում հեղինակը կարծես ծաղրել է դիմումատուների սեռական կողմնորոշումը՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք կարելի է նրանց համարել տղամարդ կամ կին (տե՛ս վերևում՝ 13-րդ պարբերությունը, վերջում), և առնվազն մեկ դիմումատուի դեպքում բացահայտորեն ակնարկելով, որ ինքը համասեռամոլ է (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Այս ամենը, զուգորդված հեղինակի ուժեղ հոմոֆոբ հայացքների և ԼԳԲՏ համայնքին վնաս պատճառելու նրա ակնհայտ մտադրության հետ, դատարանին ստիպում է ենթադրել, որ դիմումատուները առնվազն վիճարկելի պնդում են ներկայացրել ներպետական դատարաններ այն մասին, որ իրենց ենթադրյալ սեռական կողմնորոշումը և սերտ կապվածությունը ԼԳԲՏ-ի համայնքի հետ նույնպես դեր է խաղացել նրանց դեմ իրականացված հարձակումների հետ կապված (համեմատե՛լ Աղդգոմելաշվիլին և Ջափարիձեն ընդդեմ Վրաստանի [Aghdgomelashvili and Japaridze v. Georgia], թիվ 7224/11, § 47, 2020 թվականի հոկտեմբերի 8, և Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբը և այլք ընդդեմ Վրաստանի[Women’s Initiatives Supporting Group and Others v. Georgia] գործերը, թիվ 73204/13 և 74959/13, § 77, 2021 թվականի դեկտեմբերի 16): Հետևաբար նրանք ունեին Կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության իրավունք, և այդ հոդվածով սահմանված երաշխիքները 8-րդ հոդվածի համակցությամբ կիրառելի են սույն գործում: Դատարանը գտնում է, որ ընթացք տալու ամենահարմար ձևը դիմումատուների բողոքների միաժամանակյա ուսումնասիրություն իրականացնելն է՝ համաձայն երկու հոդվածների (տե՛ս համապատասխան փոփոխություններով վերը նշված՝ Այդենտոբան և այլք [Identoba and Others], § 92 և վերը նշված՝ Օգանեզովայի [Oganezova] գործերը, § 78):
բ) Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը և վեցամսյա ժամկետի պահպանումը
56. Դատարանը նաև նշում է, որ Կառավարությունը առարկություններ է ներկայացրել միջոցները չսպառելու և վեցամսյա ժամկետը չպահպանելու վերաբերյալ (տե՛ս վերևում՝ 42-43-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, դատարանը գտնում է, որ այդ առարկությունները սերտորեն կապված են դիմումատուների բողոքի էության հետ՝ կապված Հայաստանում արդյունավետ իրավական շրջանակի բացակայության հետ, որը պաշտպանում է նրանց ատելության խոսքից և խտրականությունից: Ուստի դրանք պետք է կցվեն գործի ըստ էության քննությանը։
գ) Եզրակացությունը
57. Դատարանը նշում է, որ բողոքն այն մասին, որ Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները, առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ, ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
2. Ըստ էության քննությունը
ա) Ընդհանուր սկզբունքները
58. Դատարանը վերահաստատում է, որ չնայած 8-րդ հոդվածի հիմնական նպատակը անհատին պետական մարմինների կամայական միջամտությունից պաշտպանելն է, այն պարզապես չի պարտավորեցնում պետությանը զերծ մնալ այդպիսի միջամտությունից. այդ բացասական պարտավորությունից բացի, կարող են լինել նաև դրական պարտավորություններ, որոնք բնորոշ են անձնական կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքի դրսևորմանը: Այդ պարտավորություններում կարող են ներառվել այնպիսի միջոցների ընդունում, որոնք ուղղված են անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովմանը, նույնիսկ անձանց միջև հարաբերությունների ոլորտում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ գործում է արդյունավետ իրավական համակարգ, որը նախատեսված է «անձնական կյանք» հասկացության ներքո գտնվող իրավունքների պաշտպանության համար և հասանելի է դիմումատուին (տե՛ս վերևում հիշատակված՝ Ակսուի [Aksu] գործը, §§ 59 և 68):
59. Նման դեպքերում, երբ բողոքը վերաբերում է 8-րդ հոդվածով պաշտպանված իրավունքների խախտմանը՝ ուրիշների կողմից իրենց ազատորեն արտահայտվելու իրավունքի իրացման հետևանքով, այդ դրույթը կիրառելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն նաև 10-րդ հոդվածի պահանջները: Այսպիսով, այդպիսի դեպքերում Դատարանը ստիպված կլինի հավասարակշռություն ապահովել դիմումատուի՝ «իր անձնական կյանքի նկատմամբ հարգանքի» իրավունքի և արտահայտվելու ազատության պաշտպանության հանրային շահի միջև՝ հաշվի առնելով, որ այդ երկու հոդվածներով երաշխավորված իրավունքների միջև հիերարխիկ հարաբերություններ չկան (տե՛ս վերը նշված՝ Ակսուի [Aksu], § 63, վերը նշված՝ Բուդինովայի և Չապրազովի [Budinova and Chaprazov], § 89 և Բեհարը և Գութմանն ընդդեմ Բուլխարիայի [Behar and Gutman v. Bulgaria] գործերը, թիվ 29335/13, § 100, 2021 թվականի փետրվարի 16)։ Նմանատիպ դեպքերում Դատարանը հետևաբար զգալի նշանակություն է տվել այն փաստին, որ ներպետական մարմինները բացահայտել են հակասական իրավունքների առկայությունը և դրանց միջև արդար հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունը: Եթե ազգային դատական մարմինների կողմից ապահովված հավասարակշռությունը գոհացուցիչ չէ մասնավորապես այն պատճառով, որ խնդրո առարկա հիմնարար իրավունքներից մեկի կարևորությունը կամ շրջանակը պատշաճ կերպով չի դիտարկվել, ապա ազգային դատարաններին տրամադրվող հայեցողական լիազորությունների շրջանակը նեղ կլինի։ Այնուամենայնիվ, եթե գնահատումն իրականացվել է Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքից բխող սկզբունքների լույսի ներքո, ապա Դատարանը հիմնավոր պատճառներ կպահանջի՝ իր սեփական կարծիքը ներպետական դատարանների կարծիքի հետ փոխարինելու համար, ինչի արդյունքում կունենա գնահատման ավելի լայն շրջանակ (տե՛ս վերևում հիշատակված՝ Ակսուի[Aksu], §§ 66-67, Բուդինովայի և Չապրազովի [Budinova and Chaprazov], § 89, և Բեհարի և Գութմանի [Behar and Gutman] բոլոր գործերը, § 100):
60. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ հանրային շահերից բխող հարցերին վերաբերող արտահայտությունը, ըստ էության, ունի ուժեղ պաշտպանության իրավունք, մինչդեռ բռնություն, ատելություն, այլատյացություն կամ անհանդուրժողականության արտահայտման այլ ձև խթանող կամ արդարացնող արտահայտությունը, որպես կանոն, չի կարող պաշտպանություն պահանջել (տե՛ս վերևում հիշատակված՝ Բուդինովա և Չապրազովը [Budinova and Chaprazov], § 90, և վերը նշված՝ Բեհարի և Գութմանի[Behar and Gutman] գործերը, § 101): Այսպիսով, «ատելության խոսքի» ամենատպավորիչ ձևերը, որոնք Դատարանը գտել է, որ ընդգրկված են 17-րդ հոդվածի շրջանակում, լիովին բացառված են 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանության շրջանակից (տե՛ս Լիլիենդալն ընդդեմ Իսլանդիայի (որոշում) [Lilliendahl v. Iceland], թիվ 29297/18, § 34, 2020 թվականի մայիսի 12, և Նեպոմնյաշին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Nepomnyashchy and Others v. Russia] գործերը, թիվ 39954/09 և 3465/17, § 74, 2023 թվականի մայիսի 30): Ինչ վերաբերում է «ատելության խոսքի» ոչ այնքան տպավորիչ ձևերին, թեև դրանք ամբողջությամբ ընդգրկված չեն 10-րդ հոդվածի պաշտպանության ներքո, Պայմանավորվող պետությունները հնարավորություն ունեն սահմանափակելու դրանք (տե՛ս վերևում՝ Լիլիենդալի [Lilliendahl ], § 35, և Նեպոմնյաշին և այլք [Nepomnyashchy and Others] գործերը, § 74): Դատարանը նաև ճանաչել է ԶԼՄ-ների կենսական դերը ներպետական հասարակությունում (տե՛ս Ստոլն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Stoll v. Switzerland [GC]], թիվ 69698/01, § 102, ՄԻԵԴ 2007-V, և Պենտիկաինեն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ] [Pentikainen v. Finland [GC]], թիվ 11882 /10, § 91, ՄԻԵԴ 2015): Միևնույն ժամանակ Դատարանն ընդունել է, որ կարող է արդարացված լինել նույնիսկ խիստ քրեաիրավական պատժամիջոցների կիրառումը լրագրողների նկատմամբ՝ ատելության խոսքով կամ բռնությամբ պայմանավորված դեպքերում (տե՛ս Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Cumpǎnǎ and Mazǎre v. Romania [GC]], թիվ 33348/96, § 115, ՄԻԵԴ 2004-XI, Օտեգի Մոնդրագոն ընդդեմ Իսպանիայի [Otegi Mondragon v. Spain], § 59, ՄԻԵԴ 2011, Ատամանչուկն ընդդեմ Ռուսաստանի [Atamanchuk v. Russia] թիվ 4493/11, §§ 67 և 70, 2020 թվականի փետրվարի 11, և վերևում հիշատակված՝ Բուդինովան և Չապրազովը [Budinova and Chaprazov], § 90 և վերևում հիշատակված՝ Բեհարի ու Գութմանի [Behar and Gutman] գործերը, § 101):
61. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածով ամրագրվում է պաշտպանություն խտրականությունից՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքներից օգտվելու դեպքում։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ - խտրականության բացառման սկզբունքը հիմնարար և իրավունքի գերակայության, հանդուրժողականության և սոցիալական խաղաղության արժեքների հետ միասին ընկած է Կոնվենցիայի հիմքում (Էս.Էյ.Էս.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ][S.A.S. v. France [GC], թիվ 43835/11, § 149, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)): Եթե վիճարկվող հայտարարություններն առերևույթ ունեն խտրական բնույթ, Դատարանի վերլուծության մեջ պետք է նաև ընդգրկվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածից բխող պարտավորությունները, մասնավորապես՝ խտրականության դեմ պայքարելու պարտավորությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերը նշված՝ Բուդինովան և Չապրազովը [Budinova and Chaprazov], § 91, և Բեհարի և Գութմանի [Behar and Gutman] երկու գործերը, § 102), ներառյալ՝ սեռական կողմնորոշման հիմքով, որը Դատարանը բազմիցս ներառել է սույն դրույթով պաշտպանված «այլ հիմքերի» շարքում (տե՛ս վերևում հիշատակված՝ Սալագերո դը Սիլվա Մուտան ընդդեմ Պորտուգալիայի [Salgueiro da Silva Mouta v. Portugal], թիվ 33290/96, § 28, ՄԻԵԴ 1999-IX, Ֆրետտեն ընդդեմ Ֆրանսիայի [Fretté v. France], թիվ 36515/97, § 32, ՄԻԵԴ 2002-I և ԸՔՍԵՓԹ Ասոցիացիա և այլք [Association and Others] գործերը, § 99)։
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
i) Արդյունավետ իրավական համակարգ
62. Դատարանը նախ կուսումնասիրի, թե արդյոք գործում է արդյունավետ իրավական համակարգ, որը նախատեսված է «անձնական կյանք» հասկացության ներքո գտնվող իրավունքների պաշտպանության համար և հասանելի է դիմումատուներին: Դիմումատուները պնդում էին, որ Հայաստանում չկա արդյունավետ իրավական շրջանակ, որը պաշտպանում է իրենց հոմոֆոբ ատելության խոսքից և խտրականությունից, ինչին նրանք ենթարկվել էին, մինչդեռ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներն օգտվել են այդ պաշտպանությունից՝ համաձայն Սահմանադրության 14.1 հոդվածի, որն ամրագրում է խտրականության բացառման սկզբունքը (տե՛ս վերևում՝ 26-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, այնուամենայնիվ, որ սույն սահմանադրական դրույթն ընդգրկված չէ ներպետական իրավունքի որևէ ճյուղում, ինչպիսին է քրեական կամ քաղաքացիական իրավունքը, կամ նշված ժամանակահատվածում որևէ կոնկրետ խտրականության բացառման մասին օրենքում (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Պնդելով, որ Սահմանադրության 14.1 հոդվածն ուղղակիորեն կիրառելի է ներպետական դատարանների կողմից, և չի պահանջվում այն ներառել իրավունքի այլ ճյուղերում (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), Կառավարությունը չի կարողացել բացատրել կամ ցույց տալ համապատասխան ներպետական նախադեպային իրավունքի օրինակներով, թե ինչ է սա նշանակում գործնականում: Կառավարության փաստարկը, որ դիմումատուները կարող էին հիմնվել իրավական համանմանության սկզբունքի վրա՝ Սահմանադրության 14.1 հոդվածի համաձայն ներպետական դատարաններում հայց ներկայացնելու նպատակով, հիմնված էր իրավական ներպետական դրույթի վրա, մասնավորապես՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի վրա (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը), որը նշված ժամանակահատվածում նույնիսկ ուժի մեջ չի եղել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Ցանկացած դեպքում, ինչպես արդեն նշվել է, Կառավարությունը չի կարողացել ավելի մանրամասն բացատրել կամ ապացույցներ տրամադրել՝ ի աջակցություն իր դիրքորոշման:
63. Դատարանը նշում է, որ սույն գործով դիմումատուներին հասանելի միակ միջոցը քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված քաղաքացիական հայցն է (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Դատարանը նախկինում որոշել է, որ այն դեպքում, երբ ծանր հանցագործության գործողություններն ուղղված են անձի ֆիզիկական կամ մտավոր անձեռնմխելիության դեմ, միայն արդյունավետ քրեաիրավական մեխանիզմները կարող են ապահովել համապատասխան պաշտպանություն և զսպող գործոն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, վերը նշված՝ Բեյզարասի և Լևիցկասի [Beizaras and Levickas] գործը, § 111, և դրանում նշված գործերը): Դատարանը նաև ընդունել է, որ քրեաիրավական միջոցներն անհրաժեշտ էին խտրական վերաբերմունքից դրդված ուղղակի բանավոր հարձակումների և ֆիզիկական սպառնալիքների նկատմամբ (նույն տեղում): Ինչ վերաբերում է անձի հոգեկան անձեռնմխելիությանը սպառնացող գործողություններին, ապա համապատասխան իրավական շրջանակը գործնականում պահպանելու և կիրառելու պարտավորությունը միշտ չէ, որ պահանջում է կոնկրետ գործողության համար քրեաիրավական դրույթի ընդունում։ Իրավական շրջանակը կարող է նաև բաղկացած լինել վարչական կամ քաղաքացիական պաշտպանության միջոցներից, որոնք կարող են ապահովել բավարար պաշտպանություն, հնարավոր է՝ զուգակցված ընթացակարգային միջոցներով, ինչպիսին է դատական արգելքի շնորհումը (տե՛ս համապատասխան փոփոխություններով Սոդերմանն ընդդեմ Շվեդիայի [ՄՊ][Söderman v. Sweden [GC]], թիվ 5786/08, §§ 85 և 108, ՄԻԵԴ 2013, Կիրալին և Դոմոթորը ընդդեմ Հունգարիայի [Király and Dömötör v. Hungary], § 61, 2017 թվականի հունվարի 17, և բոլորովին վերջերս, վերը նշված՝ Նեպոմնյաշին և այլք [Nepomnyashchiy and Others] գործերը, § 76): Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ համապատասխանությունն ապահովելու համար նախատեսված միջոցների ընտրության հարցն անհատների՝ միմյանց միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում, ըստ էության, որոշվում է Պայմանավորվող պետությունների հայեցողական լիազորությունների շրջանակում: Անձնական կյանքի նկատմամբ հարգանքն ապահովելու տարբեր եղանակներ կան, և պետության պարտավորության բնույթը կախված կլինի անձնական կյանքի կոնկրետ ասպեկտից (տե՛ս վերևում հիշատակված՝ Սոդերմանի [Söderman], § 79, և Նեպոմնյաշին և այլք [Nepomnyashchy and Others] երկու գործերը, § 76):
64. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը նախատեսում է պաշտպանություն, ի թիվս այլնի, «վիրավորանքից», որը սահմանվում է որպես որևէ մեկի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող վիրավորական խոսք (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը), և առկա չի եղել որևէ պնդում, որ սույն դրույթը չի ապահովում արդյունավետ պաշտպանություն դիմումատուների անձնական կյանքի այս հատուկ ասպեկտների առնչությամբ։ Ինչ վերաբերում ատելության և խտրականության խոսքի ենթադրյալ պնդումներին, Դատարանը նշել է, որ թեև 1087.1 հոդվածն ի սկզբանե նախատեսված չի եղել այդպիսի դեպքերի համար, սույնով ներպետական դատարաններից պահանջվում է հավասարակշռություն ապահովել մրցակցող շահերի միջև և այդպիսով ուսումնասիրել և գնահատել հեղինակի մտադրությունները (տե՛ս մասնավորապես Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը վերևում՝ 30-րդ պարբերության մեջ), ինչը նմանատիպ գործերով կարելի է ողջամտորեն ակնկալել, որ պետք է ներառեր հեղինակի արտահայտությունների և դրդապատճառների հնարավոր խտրական և ատելության բնույթի ուսումնասիրությունները։ Փոխհատուցումը, որը դիմումատուները կարող էին պահանջել թերթից՝ սույն հոդվածի համաձայն, ներառում էր հրապարակային ներողություն, կայացված դատարանի վճռի ամբողջական կամ մասնակի հրապարակում և ոչ նյութական վնասի փոխհատուցում: Այսպիսով, ակնհայտ է, որ ոչինչ չի խանգարել ներպետական դատարաններին դիտարկել վիճարկվող արտահայտությունների խտրական և ատելության բնույթը՝ մրցակցող շահերը հավասարակշռելու համար, և անհրաժեշտության դեպքում ապահովել համարժեք և բավարար փոխհատուցում: Հետևաբար Դատարանը կարող է ընդունել, որ հնարավոր էր Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով գոնե տեսականորեն դիմումատուների համար իրենց անձնական կյանքի տարբեր ասպեկտների վրա իրականացված ոտնձգություններից արդյունավետ պաշտպանություն ապահովել, այդ թվում՝ հոմոֆոբ ատելության խոսքի դեմ՝ 8-րդ հոդվածի իմաստով: Այնուամենայնիվ, Դատարանը կասկածներ ունի այդ խոսքի առնչությամբ դրա արդյունավետության վերաբերյալ գործնականում, հաշվի առնելով, որ Կառավարությունը չի ներկայացրել ներպետական նախադեպային իրավունքի որևէ օրինակ և այն եղանակը, որով դիմումատուների կոնկրետ գործն ուսումնասիրվել է ներպետական դատարանների կողմից, ինչպես քննարկվում է ստորև:
ii) Դիմումատուների գործի քննությունը ներպետական դատարանների կողմից
65. Անդրադառնալով ներպետական դատարանների եզրակացություններին, որոնք առնչվում էին դիմումատուների կողմից Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով հարուցված վարույթներին, Դատարանը համարում է, որ ստորև բերված պատճառներով դատարանները չեն գնահատել 2014 թվականի մայիսի 17-ին հրապարակված հոդվածում պարունակվող հայտարարություններն իր նախադեպային իրավունքում հաստատված սկզբունքների լույսի ներքո։
66. Դատարանը ի սկզբանե նշել է, որ ԼԳԲՏ համայնքին աջակցելու նպատակով դիմումատուների վրա հարձակում գործելով՝ հոդվածի հեղինակն ուղղակիորեն հրահրել է լայն հանրությանը դիմումատուների, այդ թվում՝ նրանց անձնական և մասնագիտական կյանքի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորել և վնասակար խտրական գործողություններ իրականացնել։ Դատարանը կասկածներ ունի, որ այդպիսի խոսքը կարող է պաշտպանություն ունենալ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ 17-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո: Այնուամենայնիվ, Դատարանը անհրաժեշտ չի համարել այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել, քանի որ նույնիսկ ենթադրելով, որ 10-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են վիճարկվող հոդվածում պարունակվող հայտարարությունների նկատմամբ, ներպետական դատարանները չեն կարողացել հավասարակշռություն ապահովել մրցակցող շահերի միջև՝ համաձայն Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներում ամրագրված սկզբունքների, որոնք մեկնաբանվում են Կոնվենցիայի 17-րդ հոդվածի լույսի ներքո:
67. Դատարանը մասնավորապես նշել է, որ ներպետական դատարանները լիովին կարևորել են հեղինակի՝ ազատորեն արտահայտվելու իրավունքը և գործնականում ոչ մի կարևորություն չեն տվել դիմումատուների և նրանց անձնական կյանքի վրա նրա հայտարարությունների ազդեցությանը: Այդ կերպ դատարաններն ընդգծել են այն հանգամանքը, որ հեղինակը եղել է մամուլի ներկայացուցիչ և լուսաբանել է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց: Այդ կապակցությամբ Դատարանը վերահաստատում է, որ լրագրողների նկատմամբ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք պետք է գործեն բարեխիղճ՝ ճշգրիտ և հավաստի տեղեկություններ տրամադրելու համար՝ պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան (տե՛ս Բեդատն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ][Bédat v. Switzerland] [GC], թիվ 56925/08, § 50, 2016 թվականի մարտի 29): Հոդված 10-ը չի երաշխավորում արտահայտվելու լիովին անխոչընդոտ ազատություն, նույնիսկ մամուլում հանրային լուրջ մտահոգություն ներկայացնող հարցերի լուսաբանման հետ կապված: Այդ դրույթի 2-րդ կետի համաձայն՝ վերոնշյալ ազատությունը կիրարկելիս առաջ են գալիս «պարտավորություններ և պատասխանատվություններ», որոնք մասնավորապես վերաբերում են մամուլին։ Այդ «պարտավորություններն ու պատասխանատվությունները» հատուկ նշանակություն են ստանում, երբ, ինչպես սույն գործով, ոտնձգություններ են կատարվում մասնավոր անձանց հեղինակության վրա, և ոտնահարվում են «ուրիշների իրավունքները» (տե՛ս Բլադեթ Թրոմսոն և Ստենսասն ընդդեմ Նորվեգիայի [ՄՊ][Bladet Tromsø and Stensaas v. Norway] [GC] գործը, թիվ 21980/93, § 65, ՄԻԵԴ 1999 - III):
68. Սույն գործով հոդվածի հեղինակը, համասեռամոլությունը համարելով «այլասերվածություն», որը պետք է կանխվի, որպեսզի այն չդառնա Հայաստանում օրինաչափություն, իր զայրույթն արտահայտել է դիմումատուների նկատմամբ՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ աջակցություն և ակտիվություն ցուցաբերելու պատճառով։ Հեղինակը, ըստ էության, հրահրել է անհանդուրժողականություն, թշնամանք և խտրականություն ԼԳԲՏ անձանց և այն անձանց նկատմամբ, որոնք, ինչպես դիմումատուները, պաշտպանում են իրենց իրավունքները, ակնհայտ նպատակ ունենալով վախեցնել դիմումատուներին՝ հրաժարվելու ԼԳԲՏ համայնքին աջակցելու իրենց հրապարակային արտահայտություններից (տե՛ս վերը նշված՝ Այդենտոբան և այլք [Identoba and Others], § 70, Կանանց նախաձեռնությունների աջակցության խումբը և այլք [Women’s Initiatives Supporting Group and Others], § 60 և Օգանեզովայի [Oganesova] բոլոր գործերը, § 95): Այդ կերպ նա օգտագործել է կարծրատիպային և խարանող պիտակներ, ինչպիսիք են «համասեռամոլների իրավունքների լոբբիստները» և «գեյերի քարոզարշավին աջակցող զոմբիները», դիմումատուներին անվանել է «ազգի և պետության ներքին [թշնամիներ]» և քարոզչություն է իրականացրել, որպեսզի նրանք հայտնվեն սև ցուցակում և ենթարկվեն խտրականության կոնկրետ գործողությունների։
69. Դատարանը չի կարող ընդունել որպես պատասխանատու լրագրության օրինակ այն հոդվածը, որը քարոզում է ատելություն, թշնամանք և խտրականություն փոքրամասնության, այս դեպքում՝ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ, որը տվյալ ժամանակահատվածում երկրում եղել է համատարած թշնամանքի, ատելության խոսքի և ատելությամբ բռնության հիմնական թիրախներից մեկը (տե՛ս վերևում հիշատակված՝ Օգանեզովայի [Oganezova] գործը, §§ 87‑122, և ՌԱԵՀ-ի զեկույցը և երրորդ կողմի փաստարկները՝ համապատասխանաբար վերևում՝ 33-րդ և 51-րդ պարբերություններում), ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք, ինչպես դիմումատուները, ակտիվ էին այդ փոքրամասնության իրավունքները պաշտպանելու և խթանելու գործում։ Ներպետական դատարանները չճանաչեցին հեղինակի հայտարարության մեջ արված թշնամական երանգավորումը և մտադրությունը, ինչպես նաև այդ հայտարարությունների ունեցած ազդեցությունը դիմումատուների 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների վրա: Նրա արտահայտությունները, որոնք ուղղված էին դիմումատուների նկատմամբ անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն՝ ակնհայտ նպատակ ունենալով վախեցնել և իրական վնաս պատճառել նրանց, մեղմացվել են դատարանների կողմից և ընկալվել որպես «քննադատական» օրինական արտահայտություն՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ բանավեճի շրջանակներում։ Այդ կերպ ներպետական դատարանները չկարողացան պաշտպանել դիմումատուներին անհանդուրժողականություն և վնասակար գործողություններ քարոզող խոսքից՝ խախտելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը:
70. Ի վերջո, Դատարանը նշում է, որ, ի լրումն իրենց պատվին, արժանապատվությանը և համբավին վնաս պատճառելու մեղադրանքներին, դիմումատուները ներպետական դատարաններում, ոչ անհիմն պնդել են, որ վիճարկվող հոդվածը հրահրել է նաև ատելություն և խտրականություն իրենց ենթադրյալ սեռական կողմնորոշման հիմքով (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը): Վարչական շրջանի դատարանը, ընդունելով դիմումատուների՝ ատելության և խտրականության սադրանքի մասին պնդումները, ընդհանրապես չի անդրադարձել այդ հարցին (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանը, ըստ երևույթին, անդրադարձել է այն հարցին, թե արդյոք դիմումատուները դարձել են խտրականության զոհ, սակայն Դատարանի ուսումնասիրությունները սահմանափակվել են բացառապես այն հարցով, թե արդյոք դիմումատուները ենթարկվել են խտրականության որոշակի գործողությունների, ինչպիսիք են աշխատանքի ընդունման մերժումը, աշխատանքից ազատումը և նմանատիպ այլ իրավիճակներ (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանը, ինչպես նաև Վարչական շրջանի դատարանը, չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք վիճարկվող խոսքն ինքնին խտրականության շարժառիթով է եղել և կրել է խտրական բնույթ, ինչպես նաև հեղինակն ունեցել է խտրական դրդապատճառներ: Չանդրադառնալով վիճարկվող հայտարարությունների խտրական բնույթին՝ ներպետական դատարանները չեն կատարել իրենց դրական պարտավորությունը՝ պատշաճ կերպով արձագանքելու դիմումատուների ենթադրյալ խտրականությանը՝ նրանց ընկալվող սեռական կողմնորոշման և ԼԳԲՏ համայնքին անդամակցության հիմքով, ինչպես պահանջվում է 14-րդ հոդվածով։ (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Բուդինովայի և Չապրազովի [Budinova and Chaprazov], § 95, Բեհարի և Գութմանի [Behar and Gutman], § 106, և Նեպոմնյաշին և այլք [Nepomnyashchy and Others] բոլոր գործերը, § 85):
71. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանում գործող դատարանները չեն պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն՝ իր նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին համապատասխան: Ավելին, այն եղանակը, որով դիմումատուներին հասանելի միակ քաղաքացիական պաշտպանության միջոցը մեկնաբանվել և գործնականում կիրառվել է, չի ապահովել նրանց պաշտպանությունն ատելության խոսքից և խտրականությունից:
72. Դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ Կառավարության առարկություններին, որոնք վերաբերում են դիմումատուների կողմից պաշտպանության ներպետական միջոցները ենթադրաբար չսպառելուն և վեցամսյա ժամկետը չպահպանելուն (տե՛ս վերևում՝ 42-րդ և 43-րդ պարբերությունները):
73. Դատարանը նկատում է, որ Կառավարության առարկությունը, որը վերաբերում էր դիմումատուների կողմից սահմանված վեցամսյա ժամկետը ենթադրյալ չպահպանելուն, հիմնված էր այն փաստարկի վրա, որ ենթադրելով, որ դիմումատուները ճիշտ էին, երբ պնդում էին, որ Հայաստանում չկա ատելության խոսքից և խտրականությունից պաշտպանություն ապահովող արդյունավետ իրավական շրջանակ, և քաղաքացիական պաշտպանության միջոցը, որին նրանք դիմել էին, այս առումով անարդյունավետ էր և հետևաբար սպառելու կարիք չուներ։ Հետևաբար դիմելով այդ միջոցին՝ մինչ դատարան դիմելը նրանք բաց թողեցին վեցամսյա ժամկետը։
74. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որոնք վերաբերում են պաշտպանության ներպետական միջոցների սպառմանը և վեցամսյա ժամկետին, սերտորեն փոխկապակցված են (տե՛ս Լոպես դը Սուսա Ֆերնանդեսն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Lopes de Sousa Fernandes v. Portugal [GC]], թիվ 56080/13, § 130, 2017 թվականի դեկտեմբերի 19): Եթե ի սկզբանե պարզ է, որ դիմումատուն չունի արդյունավետ պաշտպանության միջոց, ապա պետք է պահպանվի վեցամսյա ժամկետը (կամ թիվ 15 Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ քառամսյա ժամկետը), որը հաշվարկվում է այն օրվանից, երբ տեղի է ունեցել բողոքարկման գործողությունը, կամ այն օրվանից, երբ այդ գործողությունն ուղղակիորեն ազդել է դիմումատուի վրա, կամ նա տեղեկացել է դրա մասին և դրա բացասական հետևանքների մասին (տե՛ս Վերնավան և այլք ընդդեմ Թուրքիայի[ՄՊ] [Varnava and Others v. Turkey [GC ]], թիվ 16064/90, և ևս 8 գործեր, § 157, ՄԻԵԴ 2009 թվական)։ Այնուամենայնիվ, դիմումատուի ունեցած պարզ կասկածները որոշակի պաշտպանության միջոցի արդյունավետության վերաբերյալ նրան չեն ազատում այն փորձելու պարտավորությունից (տե՛ս Վուչկովիչը և այլք ընդդեմ Սերբիայի (նախնական առարկություն) [ՄՊ][Vučković and Others v. Serbia] [GC], թիվ 17153/11 և 29 այլ գործեր, §§ 74 և 84, 2014 թվականի մարտի 25): Մյուս կողմից՝ դիմումատուի շահերից է բխում դիմել համապատասխան դատարան՝ վերջինիս հնարավորություն տալով զարգացնելու գոյություն ունեցող իրավունքներն իր մեկնաբանման լիազորությունների շրջանակում (տե՛ս Սիուպերսեսուն ընդդեմ Ռումինիայի [Ciupercescu v. Romania], թիվ 35555/03, § 169, 2010 թվականի հունիսի 15):
75. Դատարանն արդեն գտել է (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը), որ դիմումատուների կիրառած քաղաքացիական պաշտպանության միջոցը տեսականորեն կարող էր ապահովել նրանց պաշտպանությունը հոմոֆոբ ատելության խոսքից: Այսպիսով, չի կարելի ասել, որ այդ միջոցի անարդյունավետությունն ակնհայտ էր ի սկզբանե, հատկապես՝ համապատասխան նախադեպային իրավունքի բացակայության պայմաններում: Հետևաբար անհիմն չէր դիմումատուների կողմից քաղաքացիական հայց ներկայացնելը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, և նրանց չի կարելի մեղադրել, որ դիմելով այդ միջոցին՝ նրանք փորձել են հարցը լուծել ներպետական մակարդակով: Ավելին, իրենց քաղաքացիական հայցով նրանք պնդել են, որ իրենք եղել են ատելության խոսքի և խտրականության զոհեր՝ հաշվի առնելով վիճարկվող հայտարարությունների բնույթը և այդ կապակցությամբ, ի թիվս այլնի, հղում կատարելով Սահմանադրության 14.1 հոդվածին, Կոնվենցիայի 14-րդ հոդվածին և Դատարանի նախադեպային իրավունքին՝ սույն դրույթի համաձայն, ինչպես նաև Նախարարների կոմիտեի մի շարք համապատասխան առաջարկություններին (տե՛ս վերևում՝ 12-րդ և 17-րդ պարբերությունները): Ավելին, ե՛ւ Վարչական շրջանի դատարանը, ե՛ւ Վերաքննիչ դատարանը բացահայտորեն ընդունել են, որ դիմումատուներն իրենց կողմից ներկայացված քաղաքացիական հայցի շրջանակում պահանջել են վնասի փոխհատուցում ատելության խոսքի և խտրականության սադրանքի հետ կապված (տե՛ս վերևում՝ 16-րդ և 20-րդ պարբերությունները): Դատարանը հետևաբար համոզված է, որ դիմումատուները սպառել են իրավական պաշտպանության ներպետական միջոցները և իրենց բողոքները ներկայացրել են սույն վարույթներում վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հետևաբար Կառավարության առարկությունները, որոնք վերաբերում են դիմումատուների կողմից պաշտպանության ներպետական միջոցների ենթադրաբար չսպառելուն և վեցամսյա ժամկետը չպահպանելուն, պետք է մերժվեն:
76. Համապատասխանաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
77. Դիմումատուներն ի վերջո բողոքել են, որ դատարանների կողմից ատելության խոսքի և խտրականության վերաբերյալ իրենց փաստարկներին չանդրադառնալը խախտում է հիմնավորված վճռի իրենց իրավունքը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ։ Նրանց համար նաև հիմք է հանդիսացել 13-րդ հոդվածը՝ կապված ատելության խոսքի և խտրականության դեմ իրավական պաշտպանական մեխանիզմների բացակայության վերաբերյալ իրենց բողոքի հետ:
78. Հաշվի առնելով տվյալ գործով հայտնաբերված խախտումների բնույթն ու էությունը՝ 8-րդ հոդվածի համաձայն՝ առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ (տե՛ս վերևում՝ 62-ից 76-րդ պարբերությունները), Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա առանձին ուսումնասիրել Կոնվենցիայի 6-րդ հոդված 1-ին կետով և 13-րդ հոդվածով նախատեսված բողոքների ընդունելիությունն ու էությունը (տե՛ս համապատասխան փոփոխություններով Ալկովիչն ընդդեմ Մոնտենեգրոյի [Alković v. Montenegro], թիվ 66895/10, § 77, 2017 թվականի դեկտեմբերի 5, և վերը նշված՝ ԸՔՍԵՓԹ ասոցացիան և այլք [Association ACCEPT and Others] գործերը, § 162, մասնավորապես վերաբերում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածին):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
79. Առանց հիմք ընդունելու Կոնվենցիայի որևէ կոնկրետ հոդված՝ դիմումատուները պահանջել են, որ կիրառվեն ընդհանուր միջոցներ՝ կառուցվածքային փոփոխությունների ապահովման նպատակով։ Մասնավորապես նրանք պահանջել են դատարանից պարտավորեցնել Կառավարությանը ներդնել օրենսդրություն, որն արգելում է ատելության խոսքն ու խտրականությունը և սահմանում է քաղաքացիական, վարչական և քրեական պատասխանատվություն այնպիսի գործողությունների համար, որոնք պայմանավորված են անձի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ: Նրանք նաև խնդրել են Կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության և անհանդուրժողականության ցանկացած գործողություն, խթանել հասարակության մեջ հանդուրժողականության և հավասարության գաղափարներ և մշակել և կիրարկել խտրականության դեմ պայքարի միասնական քաղաքականություն։
80 Կառավարությունն այս առնչությամբ որևէ փաստարկ չի ներկայացրել։
81. Դատարանը վերահաստատում է, որ իր վճիռները, ըստ էության, ունեն հռչակագրային բնույթ, և որ ընդհանուր առմամբ տվյալ պետության համար առաջնային է ընտրել այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն ներպետական իրավակարգում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր կողմից ստանձնած իրավական պարտավորությունը կատարելու համար, պայմանով, որ այդ միջոցները համատեղելի լինեն Դատարանի վճռում նշված եզրահանգումների հետ (տե՛ս ի թիվս այլ վճիռների՝ Ակդիվարը և այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey] (հոդված 50), 1998 թվականի ապրիլի 1, § 47, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ [Reports of Judgments and Decisions] 1998 - II, Սկոզարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy] [GC], թիվ 39221/98, § 249, ՄԻԵԴ 2000‑VIII և GC], Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի (արդարացի փոխհատուցում) [ՄՊ] [Brumărescu v. Romania (just satisfaction) գործերը, թիվ 28342/95, § 20, ՄԻԵԴ 2001‑I): Վճռի կատարման եղանակի կետ կապված այս հայեցողությունն արտացոլում է ընտրություն կատարելու ազատությունը՝ Կոնվենցիայի համաձայն՝ երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը դասելով Պայմանավորվող պետությունների առաջնային պարտավորությունների շարքին (1-ին հոդված) (տե՛ս վերը նշված՝ Օգանեզովայի [Oganezova] գործը, § 131, և դրանում նշված գործերը)։
82. Հաշվի առնելով վերոնշյալ հաստատված սկզբունքները և սույն գործի առանձնահատուկ հանգամանքները՝ Դատարանը նպատակահարմար է գտնում Կառավարության հայեցողությանը թողնել ընտրելու այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն ներպետական իրավակարգում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված՝ իր կողմից ստանձնած իրավական պարտավորությունը կատարելու համար՝ տեսականորեն և գործնականում արդյունավետ իրավական համակարգ ներդնելու համար (համեմատի՛ր վերևում հիշատակված՝ Օգանեզովայի [Oganezova] գործը, § 132):
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
84. Դիմումատուներից յուրաքանչյուրը ոչ նյութական վնասի դիմաց պահանջել է 2 000 եվրո։
85. Կառավարությունը պնդել է, որ խախտման փաստացի արձանագրումը բավարար հիմք կլինի արդարացի փոխհատուցման համար, և որ ամեն դեպքում պահանջվող գումարները չափազանց բարձր են:
86. Դատարանը հետևաբար դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհում է 2 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
87. Դիմումատուները պահանջել են նաև ընդհամենը 13 436.52 եվրո՝ Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի դիմաց, այդ թվում 3 000 եվրո՝ Երևանում գործող դիմումատուների երկու փաստաբանների համար, 9 165.71 եվրո՝ դիմումատուների՝ «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի երեք փաստաբանների համար, 1 067.11 եվրո՝ թարգմանչական ծախսերի դիմաց, և 204.42 եվրո՝ վարչական ծախսերի դիմաց։
88. Կառավարությունն անհիմն է համարել Երևանում գործող փաստաբանների դատական ծախսերի փոխհատուցման պահանջը։ Ինչ վերաբերում է ՄԻՊԵԿ-ի փաստաբաններին, ապա այդ փաստաբանները չեն ներկայացրել դիմումատուների շահերը դատարանում: Ավելին, այդ փաստաբանների կողմից կատարված միակ աշխատանքը վերաբերել է Կառավարության դիտարկումներին դիմումատուների արձագանքին: Այսպիսով, նշված գումարը խիստ չափազանցված էր։ Բացի այդ, այդ աշխատանքն իրականացնելու համար, երեք փաստաբան ներգրավելու անհրաժեշտություն չի եղել։ Ինչ վերաբերում է վարչական և թարգմանչական ծախսերին, ապա մատուցված ծառայությունները և ներգրավված անձանց թիվը ցույց են տալիս, որ այդ կատարված ծախսերն ավելորդ են եղել և պետք է էապես կրճատվեն:
89. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարված ծախսեր են, և որ դրանց չափը եղել է ողջամիտ: Ներկայացուցչի վճարներն իրականում համարվում են կատարված, եթե դիմումատուն վճարել է կամ պարտավորվել է վճարել դրանք։ Սույն գործում գործի նյութերը պարունակում են ստորագրված ձևեր, որոնք լիազորում են խնդրո առարկա ՄԻՊԵԿ-ի երեք փաստաբաններին ներկայացնել դիմումատուներին Դատարանում, ինչի մասին Կառավարությունը տեղեկացվել է 2019 թվականի հունիսի 27-ի գրությամբ: Դատարանը նշում է, սակայն, որ դիմումատուները չեն ներկայացրել որևէ ապացույց, որը ցույց է տալիս, որ նրանք վճարել են կամ պարտավորվել են վճարել այդ փաստաբանների կողմից գանձված վճարները (տե՛ս Մերաբիշվիլին ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Merabishvili v. Georgia][GC], թիվ 72508/13, § 371- 72, 2017 թվականի նոյեմբերի 28): Նրանք չեն ներկայացրել նաև ապացույցներ Երևանում գործող իրենց փաստաբանների կամ ենթադրյալ վարչական ծախսերի վերաբերյալ: Ուստի Դատարանը մերժում է հայցի այդ մասը: Մյուս կողմից՝ դիմումատուները ներկայացրել են պահանջվող թարգմանչական ծախսերի վճարման ապացույցներ: Հետևաբար Դատարանը դիմումատուներին շնորհել է 1 067 եվրո՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ գումարած նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Միացնում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու և վեցամսյա ժամկետը չպահպանելու մասին առարկությունները գործի ըստ էության քննությանը և մերժում է այն.
2. Հայտարարում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի մասով՝ առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ բողոքներն այն մասին, որ պետությունը չի պաշտպանել դիմումատուներին իրենց անձնական կյանքին անհիմն միջամտությունից և խտրականությունից՝ անընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում՝ առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համատեղ.
4. Վճռում է, որ բողոքի ընդունելիությունը և ըստ էության բողոքը քննելու անհրաժեշտություն չկա՝ համաձայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի.
5. Վճռում է՝
ա) պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվին սահմանված փոխարժեքով,
i) յուրաքանչյուր դիմումատուի ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա բոլոր հարկերը,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 067 եվրո՝ (հազար վաթսունյոթ եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա բոլոր հարկերը,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունվարի 7-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Սիմեոն Պետրովսկի Ֆարիս Վեհաբովիչ
Քարտուղարի տեղակալ
Նախագահի պաշտոնակատար
ՀԱՎԵԼՎԱԾ
Դիմումատուների ցանկը Գանգատ թիվ 59180/15
Թիվ Դիմումատուի անունը Ծննդյան ամսաթիվը Քաղաքացիությունը Բնակության վայրը
1. Լիլի ՄԻՆԱՍՅԱՆ 1990 Հայաստանի Հանրապետություն Երևան
2. Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ 1968 Հայաստանի Հանրապետություն Երևան
3. Վարդան ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ 1989 Հայաստանի Հանրապետություն Երևան
4. Մամիկոն ՀՈՎՍԵՓՅԱՆ 1982 Հայաստանի Հանրապետություն Գյումրի
5. Վահանչերազ ԻՇԽԱՆՅԱՆ 1964 Հայաստանի Հանրապետություն Երևան
6. Պերճուհի ԿԱԺՈՅԱՆ 1989 Հայաստանի Հանրապետություն Երևան
7. Նվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1988 Հայաստանի Հանրապետություն Աբովյան
8. Արևիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1987 Հայաստանի Հանրապետություն Երևան
9. Էլվիրա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ 1991 Հայաստանի Հանրապետություն Վանաձոր
10. Աննա ՆԻԿՈՂՈՍՅԱՆ 1990 Հայաստանի Հանրապետություն Երևան
11. Լուսինե ՍԱԽՈՒՄՅԱՆ 1987 Հայաստանի Հանրապետություն Վանաձոր
12. Վահան ՍԵԴՐԱԿՅԱՆ 1994 Հայաստանի Հանրապետություն Երևան
13. Աննա ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ 1984 Հայաստանի Հանրապետություն Սևան
14. Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ 1992 Հայաստանի Հանրապետություն Երևան