Անցնել բովանդակությանը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Վճիռ ընդդեմ Հայաստանիընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 8. • Դրական պարտավորություններ• Մասնավոր կյանք • Հոդված 14 (+ հոդված 8) • Խտրականություն • Առցանց թերթում հրապարակված հոդված, որով թիրախավորվել են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները՝ ի պատասխան Եվրատեսիլի հայկական ժյուրիի անդամների՝ 2014 թվականին հակառակ սեռի հագուստով համասեռամոլ երգչի հաղթանակը քննադատող հայտարարությունը վիճարկող նրանց մեկնաբանության • Վիճարկելի հոդված՝ պայմանավորված ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամանքով և դիմումատուների դեմ հարձակմամբ, նրանց՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ լինելու պատճառով՝ բացահայտորեն հրահրելով հանրությանը վերջիններիս նկատմամբ վնասակար խտրական գործողություններ իրականացնել • Կիրառելի 8-րդ հոդված • Ներպետական դատարաններում վիճելի պնդումն առ այն, որ դիմումատուների սեռական կողմնորոշումը և ԼԳԲՏ համայնքի հետ սերտ կապը դեր են խաղացել առցանց հարձակումներ իրականացնելու գործում • Կիրառելի 14-րդ հոդվածը (+հոդված 8) • Ներպետական դատարանների կողմից հոդվածի թշնամական երանգը, մտադրությունները և ազդեցությունը 8-րդ հոդվածով սահմանված դիմումատուների իրավունքների վրա չճանաչելը • Վիճարկելի հայտարարությունների խտրական բնույթին չանդրադառնալը և դրանց պատշաճ կերպով արձագանքելու դրական պարտավորությունը չկատարելը • Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան հավասարակշռվածությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չկիրառելը • Քաղաքացիական պաշտպանության միջոց, որը կարող էր տեսականորեն արդյունավետ պաշտպանություն ապահովել, սակայն այն եղանակը, որով մեկնաբանվել և գործնականում կիրառվել է, չի պաշտպանել դիմումատուներին ատելության խոսքից և խտրականությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8• Դրական պարտավորություններ• Մասնավոր կյանք • Հոդված 14 (+ հոդված 8) • Խտրականություն • Առցանց թերթում հրապարակված հոդված, որով թիրախավորվել են ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները՝ ի պատասխան Եվրատեսիլի հայկական ժյուրիի անդամների՝ 2014 թվականին հակառակ սեռի հագուստով համասեռամոլ երգչի հաղթանակը քննադատող հայտարարությունը վիճարկող նրանց մեկնաբանության • Վիճարկելի հոդված՝ պայմանավորված ԼԳԲՏ անձանց նկատմամբ թշնամանքով և դիմումատուների դեմ հարձակմամբ, նրանց՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ լինելու պատճառով՝ բացահայտորեն հրահրելով հանրությանը վերջիններիս նկատմամբ վնասակար խտրական գործողություններ իրականացնել • Կիրառելի 8-րդ հոդված • Ներպետական դատարաններում վիճելի պնդումն առ այն, որ դիմումատուների սեռական կողմնորոշումը և ԼԳԲՏ համայնքի հետ սերտ կապը դեր են խաղացել առցանց հարձակումներ իրականացնելու գործում • Կիրառելի 14-րդ հոդվածը (+հոդված 8) • Ներպետական դատարանների կողմից հոդվածի թշնամական երանգը, մտադրությունները և ազդեցությունը 8-րդ հոդվածով սահմանված դիմումատուների իրավունքների վրա չճանաչելը • Վիճարկելի հայտարարությունների խտրական բնույթին չանդրադառնալը և դրանց պատշաճ կերպով արձագանքելու դրական պարտավորությունը չկատարելը • Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան հավասարակշռվածությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չկիրառելը • Քաղաքացիական պաշտպանության միջոց, որը կարող էր տեսականորեն արդյունավետ պաշտպանություն ապահովել, սակայն այն եղանակը, որով մեկնաբանվել և գործնականում կիրառվել է, չի պաշտպանել դիմումատուներին ատելության խոսքից և խտրականությունից

Պատրաստվել է Քարտուղարության կողմից։

Պարտադիր չէ Դատարանի համար։

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

2025 թվականի հունվարի 7

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Մինասյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer], Բրանկո Լուբարդա [Branko Lubarda], Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan], Թիմ Այքը [Tim Eicke], Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr], Էն Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ, և Սիմեոն Պետրովսկի [Simeon Petrovski]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տասնչորս քաղաքացիների՝ տկն Լիլի Մինասյանի, տկն Աննա Նիկողոսյանի, տկն Աննա Շահնազարյանի, տկն Արևիկ Մարտիրոսյանի, պրն Դավիթ Թադևոսյանի, պրն Վահան Սեդրակյանի, պրն Վարդան Համբարձումյանի, տկն Գայանե Առուստամյանի, պրն Մամիկոն Հովսեփյանի, տկն Նվարդ Մարգարյանի, տկն Էլվիրա Մելիքսեթյանի, տկն Պերճուհի Կաժոյանի, տկն Լուսինե Սաղումյանի և պրն Վահանչերազ Իշխանյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 24-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 59180/15),

Կոնվենցիայի 8-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) դիմումատուների բողոքների վերաբերյալ ծանուցելու մասին որոշումը,

պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

Գենտի համալսարանի՝ Մարդու իրավունքների կենտրոնի և երեք հասարակական կազմակերպությունների՝ ARTICLE 19 [ՀՈԴՎԱԾ 19], ԻԼԳԱ-Եվրոպա-ի (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց Եվրոպական տարածաշրջանային ասոցիացիա) և ՏԳԵՎ-ի (Տրանսգենդերային Եվրոպա) կողմից ներկայացված մեկնաբանությունները, որոնց Բաժանմունքի նախագահի կողմից շնորհվել էր միջամտելու թույլտվություն,

2024 թվականի հունվարի 23-ին և դեկտեմբերի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Գործը վերաբերում է լրատվական կայքում հրապարակված այն հոդվածներին, որոնցով թիրախավորվել են դիմումատուները և լեսբիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների (ԼԳԲՏ) իրավունքները պաշտպանող ակտիվիստները: Գործում բարձրացված են Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված հարցեր։

ՓԱՍՏԵՐԸ

2. Դիմումատուի տվյալները ներկայացված են կից աղյուսակում: Նրանց Դատարանում ներկայացրել են Երևանում գործող իրավաբան տկն Ն. Փիլիպոսյանը և պրակտիկ գործունեությամբ չզբաղվող իրավաբան տկն Լ.Ղազարյանը, Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնից (ՄԻՇՊԵԿ)՝ պրն Ջ. Գավրոնը, պրն Պ. Լիչը, տկն Կ. Լեվինը և տկն Ջ. Սոյերը։

3. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։

4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ:

5. Դիմումատուներն իրենց գանգատը ներկայացնելիս եղել են ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ և հետազոտողներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել մարդու իրավունքների, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։

6. 2014 թվականի մայիսի 16-ին «Ազատություն» ռադիոկայանը հրավիրել էր ֆեյսբուքյան առցանց ասուլիս, որի ընթացքում «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հայաստանյան ժյուրիի անդամները (երկու հայտնի հաղորդավարներ և քույրեր՝ տկն Ի.Ա.-ն և տկն Ա.Ա-ն) հայտնել են, որ այդ տարվա մրցույթում հաղթած Կոնչիտա Վուրստին՝ հակառակ սեռի հագուստը կրող գեյ տղամարդուն, տվել են ամենացածր միավորները նրա նկատմամբ ունեցած «ներքին զզվանքի» պատճառով՝ հավելելով, որ «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները»։ Ասուլիսի մասնակիցներից շատերը, այդ թվում՝ դիմումատուները, արձագանքել են այդ հայտարարությանը և քննադատել ժյուրիի անդամներին՝ մեկնաբանություններ թողնելով ֆեյսբուքյան ասուլիսի էջում։

7. Դիմումատուների մեկնաբանությունները ներառել են հետևյալը.

ա) Տկն Մարտիրոսյան. «Երբևէ մտածե՞լ եք, թե որտեղից է ձեր ատելությունը և խտրական վերաբերմունքը ուրիշների նկատմամբ, այն է՝ ձեր վախը, ատելությունը և զզվանքը ուրիշների նկատմամբ, որոնք ծնվել են ձեզ պես հավասար և ազատ: Դուք ծանո՞թ եք Սահմանադրության 14.1 հոդվածին։ Արդյոք գիտակցու՞մ եք, որ ձեր հրապարակային հայտարարությունները հակասահմանադրական են և հակամարդկային։ Խնդրում եմ, նշե՛ք ձեր արժեքները և [բացատրե՛ք]՝ ի՞նչ եք հասկանում «արժեք» ասելով:

բ) Տկն Շահնազարյանն անդրադարձել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքին և Սահմանադրությանը՝ նշելով, որ այդ օրենքների համաձայն՝ հոգեկան առողջության պահպանումը հասարակության մեջ ենթադրում է հոգեկան հիվանդների նկատմամբ անհրաժեշտ այնպիսի վերաբերմունքի ձևավորում, ինչպիսիք են հանդուրժողականությունը և բարյացակամությունը՝ միաժամանակ բացառելով ցանկացած խտրականություն։ Նա նաև ներառել է հակառակ սեռի հագուստը կրող տղամարդու մասին Շառլ Ազնավուրի երգի հղումը՝ հարցնելով ժյուրիի անդամներին, թե արդյո՞ք նրանք գնահատել են և երբևէ ծափահարել են այդ երգի կատարման համար։ Այնուհետև տկն Շահնազարյանը հարցրել է նրանց, թե արդյոք պատրաստ են «հարակիրի» (ծիսական ինքնասպանություն) գործել, եթե պարզեն, որ ծափահարել են մի երգի կատարման համար, որը պատմում է հակառակ սեռի հագուստը կրող տղամարդու սիրո մասին մեկ այլ տղամարդու նկատմամբ, քանի որ դրանով նրանց շատ սահմանափակ «հայկականությանը» «հարակիրիի աստիճանի զզվանք է» պատճառվելու։

գ) Պրն Սեդրակյան. «Շատերի մոտ [Ի. և Ա.] անուններն անբաժանելի են` կարծես նույն անձը լինեն։ Ճի՞շտ է, որ դուք ինցեստ լեսբուհիներ եք։

դ) Տկն Մարգարյանը ժյուրիի անդամներին հարցրել է՝ արդյոք իրենք իրենցից տարբերվող որևէ մեկին համարում են հոգեկան հիվանդ, և արդյոք ստացել են նաև նախընտրական կաշառք՝ իշխող Հանրապետական կուսակցությանը գովազդելու համար։

ե) Տկն Առուստամյանն անդրադարձել է անցյալի և ներկայի մի շարք համասեռամոլ արտիստների, այդ թվում՝ Լեոնարդո Դա Վինչիին, Պյոտր Չայկովսկուն, Օսկար Ուայլդին և Ֆրեդի Մերկուրիին, և ժյուրիի անդամներին հարցրել է, թե արդյոք նրանք նույնպես հակակրանք ունեն նրանց նկատմամբ։

զ) Պրն Իշխանյանն անդրադարձել է նաև Շառլ Ազնավուրի վերոնշյալ երգին և ժյուրիի անդամներին հարցրել է, թե քանի միավոր կտային այդ երգին՝ հաշվի առնելով, որ հակակրանք են զգում համասեռամոլների նկատմամբ։

է) Պրն Համբարձումյանը ժյուրիի անդամներին հարցրել է՝ արդյոք նրանք հոգեպես առողջ են, և արդյոք ունեն փաստաթուղթ, որը հաստատում է, որ իրենք «հոգեկան հիվանդ» չեն:

8. 2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթի կայքում դրա գլխավոր խմբագիր Հ.Գ.-ի կողմից հրապարակվել է հոդված՝ «Նրանք ծառայում են միջազգային համասեռամոլների լոբբինգի շահերին. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով, որը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Համասեռամոլների շահերի լոբբիստները փորձում են ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում: «Եվրատեսիլ» կոչվող գարշանքի առնչությամբ սրանք սկսել են հալածել և կոտրել այն մարդկանց, որոնք բարձրաձայնել են սեփական բնական զզվանքը կոնչիտա կոչվող մարդկային թափոնի նկատմամբ: Նրանց նպատակը հասկանալի է` վախեցնել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ընդդիմանալ Հայաստանում այլասերվածությունը որպես նորմա հաստատելու ձգտումներին։ Գեյ-լոբբինգի նպատակները բավականին թափանցիկ են` հաստատել այնպիսի խաղի կանոններ, որ կտրուկ կարգելակվեն բնակչության վերարտադրության հնարավորությունները, իսկ զորակոչային տարիքի սերնդի մարտունակությունը կմոտենա զրոյին: Սկզբում նրանք կոտրեցին Եվրատեսիլ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչին] և ստիպեցին ներողություն խնդրել, այնուհետև կոտրեցին [Ի.Ա-ին ու Ա.Ա.-ին] ու ստիպեցին ներողություն խնդրել: Այդ համեստ ու պարկեշտ քույրերի պարագայում բոլորի աչքի առաջ էր, թե ինչպես էին նրանք «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի էջում կազմակերպել մի գարշելի աուտոդաֆե [Ի.Ա-ի ու Ա.Ա.-ի] դեմ: Այդ լոբբիստների առաջխաղացումը կանգնեցնելու միայն մեկ ձև կա` ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Անկախ նրանից` լոբբինգին մասնակցածին վճարե՞լ են դրա համար, ստիպե՞լ են, թե՞ ուղեղն այնքան են լվացել, որ դարձրել են գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի: Կապ չունի այդ ամենը, յուրաքանչյուր լոբբիստ Ազգի և Պետության ներքին թշնամի է, և վերջ: Ու հենց այդ նկատառումով, ինչքան հասցրեցի, կազմեցի ֆեյսբուքյան ասուլիսի էջում [Ի.Ա-ի ու Ա.Ա.-ի] դեմ հալածանքին մասնակցածների սև ցուցակ: Հիմա ո՞ւմ համար օգտակար կլինեն սև ցուցակները։

1. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ, որպեսզի այդ լոբբիստների հետ դադարեցնեն շփումներն ինչպես համացանցում, այնպես էլ ռեալ կյանքում, նրանց բարև չտան, չօգնեն որևէ հարցում, նրանց հետ գործնական հարաբերությունների մեջ չմտնեն:

2. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին չընդունեն պետական ծառայության, իսկ եթե սրանք պետական օղակներում կան` հեռացնեն ցանկացած հարմար պատրվակով:

3. ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին աշխատանք չտան:

4. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստներին հնարավորություն չտան ազդելու հանրային կարծիքի վրա:

5. ԿՐԹՕՋԱԽՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ, որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցելու մատաղ սերնդի դաստիարակությանը:

Սրանով, անշուշտ, չեն սահմանափակվում այն ոլորտները, ուր հնարավոր է սահմանափակել գեյ-լոբբիստների գործունեության հնարավորությունը: Ստորև ներկայացնում ենք այն անձանց ֆեյսբուքյան պրոֆիլների ցուցակը, որոնք ակտիվորեն մասնակցել են [Ի.Ա-ին ու Ա.Ա.-ին] հալածելու արշավին»։

9. Հոդվածին հաջորդել է ֆեյսբուքի մի շարք պրոֆիլների, այդ թվում՝ դիմումատուների գերկապերի ցանկը:

10. 2014 թվականի մայիսի 31-ին բոլոր դիմումատուները, բացի տկն Մինասյանից և տկն Առուստամյանից, հերքում են պահանջել թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հ.Բ.-ից, որը նաև իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր էր, ինչպես նաև նրա գլխավոր խմբագիր Հ.Գ.-ից։ Նրանք պնդել են, որ հոդվածի ամբողջ էությունը և դրանում ներառված առանձին արտահայտություններ, ինչպես նաև այն փաստը, որ դա իրենց հասցեագրվել է իրենց ֆեյսբուքյան էջերի հասցեներն օգտագործելու միջոցով, վիրավորել է իրենց պատիվը և արժանապատվությունը: Ավելին, այն պարունակում է փաստացի այնպիսի տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, զրպարտում և վիրավորում են իրենց պատիվն ու արժանապատվությունը և արատավորում են իրենց գործարար համբավը։ Դիմումատուները հիմնվել են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վրա։

11. 2014 թվականի հունիսի 3-ին թերթի կայքում հրապարակվել է Հ.Գ.-ի մեկ այլ հոդված՝ «Եվ սրանք դեռ համարձակվում են հերքում պահանջե՞լ» վերնագրով։ Դրանում հեղինակը ներկայացրել է դիմումատուների մերժման պահանջի տեքստը և հավելել է.

«Բավական է ընդամենը թռուցիկ հայացք, թե ովքեր են «հերքում պահանջողները», ու անմիջապես աչքի է ընկնում հետևյալը: Ստորագրողների ցուցակը գլխավորում է ոմն Աննա Շահնազարյան, որը, ըստ «Սիվիլնեթ» առցանց հեռուստատեսության, բնակվում է Շվեդիայում: Այս կերպարը հայտնի է նրանով, որ սեփական ճակատին գրել է «գենդեր» և այդ լուսանկարը տարածել «Ֆեյսբուքով»` ի տես բոլորի, որպես մարտահրավեր հանրության բարոյականությանը (տե՛ս լուսանկարը)։ Նույն ցուցակում հայտնաբերում ենք համասեռամոլների պաշտպանությունը գլխավոր նպատակ դարձրած «ՓԻՆՔ Արմենիա» ՀԿ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանին, որի մասնակցությունը Լատինական Ամերիկայի գեյ-շքերթներին պատկերող լուսանկարներն առիթ ենք ունեցել հրապարակել դեռ տարիներ առաջ, երբ բացահայտել էինք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից սույն կառույցին հովանավորելու, մեղմ ասած, արտառոց փաստը... Պատիվ չբերող այդպիսի դրվագներ, թերևս, կարելի է հայտնաբերել «հերքում պահանջողների» ցուցակից գրեթե յուրաքանչյուրի մոտ: Չնայած դեռ բավականին մեղմ ասացինք` «պատիվ չբերող», հայեցի կլինի ասել, որ ունեն գարշելի կենսագրություն:

12. 2014 թվականի հունիսի 16-ին դիմումատուները քաղաքացիական գործով վարույթ են հարուցել թերթի և նրա գլխավոր խմբագրի դեմ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (տե՛ս ստորև՝ 27-րդ պարբերությունը)՝ պահանջելով փոխհատուցում նրանց պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար: Նրանք պնդել են, որ 2014 թվականի մայիսի 17-ի հոդվածում տեղ գտած մի շարք հայտարարություններ՝ «նրանք» (սրանք), «գեյ-քարոզչության դրույթներին հավատացող զոմբի» խոսակցական և ոչ քաղաքավարի ձևը և «Կապ չունի այդ ամենը» բառակապակցությամբ սկսվող տեքստը վիրավորել և արատավորել են իրենց պատիվն ու արժանապատվությունը։ Այդ հոդվածը նաև պարունակել է ատելություն և խտրականություն հրահրող հայտարարություններ։ Ի պատասխան հերքման նրանց պահանջին՝ մեղադրյալը 2014 թվականի հունիսի 3-ին հրապարակել է նմանօրինակ հոդված, որը պարունակել է լրացուցիչ վիրավորանքներ, այդ թվում՝ «կերպար», «գարշելի կենսագրություն» և այլ նմանատիպ արտահայտություններ։ Այդ երկու հոդվածներն ունեցել են մեծաթիվ դիտումներ. մինչև 2014 թվականի մայիսի 19-ն առաջին հոդվածը դիտվել է 3495 անգամ: Հիմք ընդունելով Սահմանադրության 3-րդ, 14.1-րդ և 47-րդ հոդվածները՝ նրանք պնդել են, որ երաշխավորելով անձնական կյանքի հարգված լինելը և անձի արժանապատվության իրավունքը՝ այն արգելում է ցանկացած տեսակի ոտնձգություն անձի պատվի և արժանապատվության նկատմամբ։ Ավելին, հրապարակված նյութը պարունակել է հայտարարություններ, որոնք ուղեկցվել են ատելություն արտահայտող խոսքով և խտրականության հրահրմամբ: Այդ առնչությամբ դիմումատուները հղում են կատարել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի երկու հանձնարարականներին (տե՛ս ստորև՝ 31-րդ և 32-րդ պարբերությունները)՝ մեջբերելով հատվածներ, որոնցում առաջարկվում է անդամ պետություններին միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարելու համար։ Նրանք այնուհետև նշել են, որ, ըստ այդ փաստաթղթերի, ատելությամբ պայմանավորված արարքները սպառնում են օրենքի գերակայությանը և հասարակության ժողովրդավարական հիմքերին, մինչդեռ այն արտահայտությունները, որոնք խտրականություն են հրահրում, inter alia (ի թիվս այլնի), փոքրամասնությունների նկատմամբ, համարվում են վիրավորական և խախտում են Կոնվենցիան: Հիմնվելով Էրբական ընդդեմ Թուրքիայի [Erbakan v. Turkey] (թիվ 59405/00, 2006 թվականի հուլիսի 6) և Սմիթն ու Գրեդին ընդդեմ Միացյալ Թագավորության [Smith and Grady v. the United Kingdom] (թիվ 33985/96 և 33986/96, ՄԻԵԴ 1999-VI) գործերի վրա՝ դիմումատուները շեշտել են, որ անհրաժեշտ է պատժել կամ նույնիսկ կանխել արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, խթանում կամ արդարացնում են անհանդուրժողականության վրա հիմնված ատելությունը, ինչպես նաև շեշտել են այն փաստը, որ սեռական կողմնորոշման վրա հիմնված խտրականությունը նույնքան լուրջ խնդիր է, որքան ռասայի, ծագման, մաշկի գույնի և սեռի վրա հիմնված խտրականությունը: Թեև Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվում է ազատորեն արտահայտվելու իրավունքը, դրանով նաև պահանջվում է, որ այլոց իրավունքները չխախտվեն նրանց արժանապատվությունը արատավորող վիրավորանքներով և արտահայտություններով: Դիմումատուները դատարանից պահանջել են մեղադրյալին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել իր կայքում և վճարել 5,000,000 ՀՀ դրամ՝ որպես վնասի փոխհատուցում։

13. 2014 թվականի հուլիսի 11-ից 30-ն ընկած ժամանակահատվածում թերթը հրապարակել է մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են դիմումատուներից մի քանիսին: Դրանք ներառել են՝ ա) տկն Սաղումյանի լուսանկարը զվարճալի ծամածռությամբ՝ «Սրանք այն երևույթներն են, որոնք դատի տվեցին «Իրավունքին»» վերնագրով հոդվածը, բ) Հ.Գ.-ի հոդվածը տկն Կաժոյանի մասին՝ «Երբ պետական պաշտոնյայի դուստրը զբաղվում է համասեռամոլության լոբբինգով» վերնագրով, որը տպագրվել է թերթի՝ «Կոնչիտայի վկաները» բաժնում, և հարձակվել նրա վրա՝ ֆեմինիզմի և ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իր ակտիվության համար. գ) Հ.Գ.-ի՝ պրն Սեդրակյանի մասին «Ինչպես բանդիտի որդին դարձավ «Կոնչիտայի վկա» վերնագրով հոդվածը, որը, ի թիվս այլնի, անվանեց նրան «Կոնչիտայի վկա» և «համասեռամոլության լոբբիստ», և հարձակվել է նրա վրա այն մեկնաբանության համար, որը նա թողել էր առցանց ասուլիսի էջում, ինչպես նաև այլ մեկնաբանությունների համար, որոնք նա թողել էր իր ֆեյսբուքյան էջում՝ ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի, դ) պրն Հովսեփյանի և նրա ղեկավարած «Փինք Արմենիա» ՀԿ-ի մասին «Ճամբարներ՝ երիտասարդ գեյերի իրավունքների լոբբիստներ» վերնագրով հոդված (հեղինակը նշված չէ), որտեղ նրանց գործունեությունը նկարագրվում է որպես համասեռամոլության լոբբինգ և ընթերցողներին հարցնում, թե արդյոք սրտխառնոց չեն զգում ազատության այն «մակարդակի պատճառով», որը վայելում են նողկալի հապավմամբ հանդես եկող անձինք, և ե) Հ.Գ.-ի՝ «Գեյերի իրավունքների լոբբիստները կորցնում են ինքնատիրապետումը» վերնագրով հոդվածը, որտեղ նա շարունակել է հարձակում գործել «Փինք Արմենիա»-ի վրա, ի թիվս այլնի, ատելության և հոմոֆոբիայի դեմ պայքարի իր գործունեության համար: Վերջին հոդվածում հեղինակը ինչ-որ պահի դիմումատուներին դիմել է որպես «տղաներ և աղջիկներ»՝ հավելելով, որ կասկածելի է, թե արդյոք նրանց կարելի է այդպես անվանել։

14. 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Հ.Գ.-ն ստեղծել է ֆեյսբուքյան միջոցառում՝ կոչ անելով «բոլորին, ովքեր անտարբեր չեն ավանդական արժեքների նկատմամբ և գնահատում են (գնահատել են) ընտանիքի ինստիտուտը և ազգի բարոյականությունը», գնալ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին նշանակված դատական նիստին՝ աջակցելու թերթին, որը ձեռնոց է նետել գեյերի իրավունքների լոբբիստներին՝ պաշտպանելու համար «այլասերվածության ազդեցությունից զերծ միջավայրում ապրելու իրավունքը»: Ինչպես պարզ է դառնում, նիստի օրը մոտ մեկ տասնյակ մարդ հավաքվել է դատարանի շենքի դիմաց՝ ձեռքին պաստառներ՝ «Դադարեցե՛ք հակահայ քարոզչությունը», «Այլասերվածության քարոզչությունը պետք է արգելվի օրենքով», «Գենդերային հավասարության այլասերվածությունը», «Այո՛ ավանդական ընտանիքին» և «Պաշտպանե՛նք հայ լինելու իրավունքը»։

15. 2014 թվականի հոկտեմբերի 25-ին թերթի քսանհինգերորդ տարելիցի կապակցությամբ Հ.Բ.-ն և Հ.Գ.-ն Հայաստանի նախագահի և Ազգային ժողովի նախագահի կողմից, ի թիվս այլնի, թերթի հաջողության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են մեդալներով և այլ պատվոգրերով:

16. 2014 թվականի հոկտեմբերի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուների հայցը։ Դատարանն ի սկզբանե ընդունել է, որ նրանք պահանջում են հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել այն հայտարարությունների համար, որոնք ենթադրաբար արատավորել են նրանց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը և հրահրել ատելություն և խտրականություն: Ուստի անհրաժեշտ է երկու մրցակցող շահերի, մի կողմից՝ պատվի և արժանապատվության իրավունքի և մյուս կողմից՝ ազատորեն արտահայտվելու և մամուլի ազատության միջև հավասարակշռության հասնելու համար քայլեր ձեռնարկել՝ որոշելու համար, թե արդյոք ազատ խոսքի թույլատրելի սահմանները չարաշահվել են, և արդյոք դրա արդյունքում արատավորվել են նրանց պատիվն ու արժանապատվությունը։ Հղում կատարելով բացառապես Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված դատարանի նախադեպային իրավունքին, ինչպես նաև Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին (տե՛ս ստորև՝ 30-րդ պարբերությունը)՝ Վարչական շրջանի դատարանն ամփոփել է գործի հանգամանքները՝ գտնելով, որ արտահայտվելու ազատությունն առավել պաշտպանված է նմանատիպ դեպքերում, ինչպիսին ներկա դեպքն է, երբ վտանգված են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մամուլի հոդվածները, և պետք է տարբերակում դնել գնահատող դատողությունների ու փաստերի վերաբերյալ հայտարարությունների միջև: Հոդվածը նպատակ չի ունեցել վիրավորել դիմումատուներին, այլ պարզապես պարունակել է լրագրողական չափազանցության և սադրանքի տարրեր։ Վիճարկելի հայտարարությունները վիրավորական խոսքեր ու գաղափարներ չեն պարունակել։ Եթե նույնիսկ այն ձևակերպված է եղել որոշ չափազանցություններով, սակայն կիրառված մոտեցումն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռություն: Հեղինակը պարզապես փորձել է համարժեք պատասխան տալ նրանց, ովքեր, իր կարծիքով, փորձել են «երկրում ագրեսիվ կերպով հաստատել խաղի նոր կանոններ, որոնք կարող են կործանարար հետևանքներ ունենալ»։ Այսպիսով, հոդվածը գրվել է լրագրողական խոսքի ազատության թույլատրելի սահմաններում և ներկայացրել է գերակա հանրային շահը։ Հեղինակն առաջնորդվել է բազմակարծության սկզբունքով և դիմումատուների պատիվն ու արժանապատվությունը արատավորելու նպատակ չի հետապնդել, նույնիսկ եթե օգտագործված որոշ ձևակերպումներ հնարավոր է, որ ցնցել կամ անհանգստություն են պատճառել նրանց։ Այն փաստը, որ Ի.Ա.-ի և Ա.Ա.-ի՝ Կոնչիտա Վուրստի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են դիմումատուների քննադատության թիրախում, հոդվածի հեղինակի համար դարձել են մամուլի նյութեր, և պարզ է դարձել, որ դիմումատուներն էլ են ենթարկվել քննադատության: Դիմումատուները, միանալով հանրային քննարկմանը, պետք է որոշակի հանդուրժողականություն դրսևորեին քննադատական հայտարարությունների նկատմամբ, քանի որ այդ հայտարարություններն ընդհանուր առմամբ եղել են հասարակության մեջ համասեռամոլության և նմանատիպ գաղափարներ սերմանելու և քրիստոնեական ուղուց չշեղվելու վերաբերյալ բաց բանավեճի մաս, այլ ոչ թե անձնական վիրավորանքներ: Վարչական շրջանի դատարանը եզրակացրել է, որ դիմումատուների կողմից պահանջվող խոսքի ազատությանը միջամտելը անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում: Այն վերջապես նշել է, որ գնահատող դատողությունների ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման, և որ նման պահանջն ինքնին կարող է խախտել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող՝ արտահայտվելու ազատությունը:

17. 2014 թվականի նոյեմբերի 28-ին դիմումատուները ներկայացրել են բողոք։ Նրանք, inter alia, պնդել են, որ Վարչական շրջանի դատարանը չի ուսումնասիրել և չի գնահատել գործով բոլոր ապացույցները, մասնավորապես՝ մեղադրյալի կողմից հետագայում հրապարակված բոլոր հոդվածների պատճենները, որոնք, որպես ապացույց, դիմումատուները ներկայացրել են դատարան՝ ի հիմնավորումն իրենց այն պնդմանը, որ մեղադրյալը նպատակ է ունեցել վիրավորել իրենց և արատավորել իրենց արժանապատվությունը։ Վարչական շրջանի դատարանը ճիշտ չի կիրառել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված՝ Դատարանի նախադեպային իրավունքը՝ բացատրելու համար, թե ինչու է այն կարծել, որ հոդվածը գերակա հանրային շահ ներկայացնող հարց է, կամ նշելու այն հայտարարությունները, որոնք նա համարել է «արժեքային դատողություններ», և ինչու է այդպես համարել: Անդրադառնալով, inter alia, Կոնվենցիայի 14-րդ և 17-րդ հոդվածների և Թիվ 12 արձանագրության պահանջներին՝ դիմումատուները պնդել են, որ Դատարանը որևէ գնահատական չի տվել և նույնիսկ չի նշել այն փաստը, որ հոդվածը բացահայտորեն խտրականություն և ատելություն է հրահրում: Դիմումատուները կրկին մեջ են բերել ատելություն և խտրականություն հրահրելու վերաբերյալ վերոնշյալ Նախարարների կոմիտեի հանձնարարականներից մի շարք հատվածներ (տե՛ս ստորև՝ 31-րդ և 32-րդ պարբերությունները), ինչպես նաև Դատարանի եզրակացությունները, inter alia, Վեյդելանդը և այլք ընդդեմ Շվեդիայի [Vejdeland and Others v. Sweden ] գործով (թիվ 1813/07, § 55, 2012 թվականի փետրվարի 9):

18. 2015 թվականի մարտի 2-ին թերթում տպագրվել է մեկ այլ հոդված՝ «Համասեռամոլության հայաստանյան լոբբիստների արկածները Ստամբուլում» վերնագրով, որը վերաբերել է պրն Հովսեփյանի՝ Ստամբուլ կատարած այցին։ Հոդվածում նշվել է, inter alia, որ նա մեկնել էր Ստամբուլ՝ թուրքական համասեռամոլական կազմակերպությունների հետ փորձի փոխանակում կատարելու նպատակով, և որ թուրք համասեռամոլների հետ կապ հաստատողները դեռ մի բան էլ համարձակվում են «պատիվ պահանջել» հայկական լրատվամիջոցից, մինչդեռ ավելի տրամաբանական կլիներ, որ նրանց գործունեությունն ուսումնասիրեին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները։ Այնուհետև հեղինակն անդրադարձել է «պնդերեսությունը երկրորդ երջանկությունն է» ասացվածքին՝ նշելով, որ հետաքրքիր է «ԼԳԲՏ տրամաբանությունը». նրանք գնում են «պաչպռոշտիի» թուրք համասեռամոլների հետ ու միևնույն ժամանակ դատի են տալիս հայ լրագրողին, որը համարձակվել է ասել, որ իրենց աչքի վերևը ունք կա:

19. 2015 թվականի մարտի 5-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ թողել համապատասխան Վարչական շրջանի դատարանի վճիռը: Դատարանն առաջին հերթին անդրադառնում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին, որոնք ներկայացված են Դատարանի նախադեպային իրավունքում, ինչպիսիք են ԶԼՄ-ների և մամուլի կողմից առավել լայն պաշտպանության միջոցներից օգտվելը և այն փաստը, որ գնահատող դատողություններն ապացուցման ենթակա չեն: Այնուհետև այն եզրակացրել է, որ ի հակադրություն դիմումատուների պահանջի՝ Վարչական շրջանի դատարանն անդրադարձել և մերժել է վիճարկվող հայտարարությունների վիրավորական բնույթի վերաբերյալ նրանց փաստարկները: Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման՝ դիտարկելով մեղադրյալի հնչեցրած քննադատությունը՝ որպես կարծիք։ Այսպիսով, մեղադրյալը, լինելով լրագրող, իր բացասական տեսակետն է արտահայտել իր համար անընդունելի բարքերի վերաբերյալ, որոնք, ըստ հեղինակի, կարևոր են նաև ազգային անվտանգության համար, մինչդեռ գնահատող դատողությունները և քննադատության ճշմարտացիությունը ենթակա չեն ապացուցման։ Դիմումատուները չեն ապացուցել, որ մեղադրյալը նպատակ է ունեցել արատավորել իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից հրապարակված հետագա հոդվածներին, ապա դրանք նույնպես պարզապես արտահայտել են հեղինակի բացասական վերաբերմունքն իր համար անընդունելի բարքերի նկատմամբ և չեն պարունակել դիմումատուների արժանապատվությունը արատավորող որևէ բան։ Ավելին, դիմումատուները չեն նշել, թե այդ հոդվածներում պարունակվող հայտարարություններից որն է արատավորել իրենց պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Հետևաբար այդ հոդվածները չէին կարող օգտագործվել որպես մեղադրյալի կողմից դա անելու մտադրության ապացույց:

20. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 14-րդ և 17-րդ հոդվածներին, Կոնվենցիայի թիվ 12 արձանագրության և Սահմանադրության 14.1 հոդվածի խախտման վերաբերյալ դիմումատուների փաստարկներին, ապա դրանք նույնպես անհիմն են եղել: Մասնավորապես տվյալ դրույթները երաշխավորել են օրենքի առջև բոլորի հավասարությունը և խտրականության արգելքը, մինչդեռ դիմումատուների՝ դատարաններում ներկայացված պահանջի առարկան վերաբերել է նրանց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցմանը: Հետևաբար խտրականության վերաբերյալ դիմումատուների փաստարկները դուրս են իրենց պահանջի շրջանակների տիրույթից, քանի որ տվյալ դրույթները, հաշվի առնելով դիմումատուների կողմից ներկայացված հանգամանքները, կապված չեն պատվին և արժանապատվությանը վնաս պատճառելու հարցերի հետ: Ավելին, դիմումատուները չեն ապացուցել, որ իրենք ենթարկվել են խտրականության, կամ որևէ ապացույց չեն ներկայացրել առ այն, որ իրենք դարձել են խտրականության զոհ՝ պայմանավորված սեռական կողմնորոշմամբ կամ նման գաղափարներ քարոզելու, տարածելու և լոբբինգի պատճառով: Մասնավորապես նրանք չեն ներկայացրել ապացույցներ առ այն, որ իրենց մերժել են աշխատանքի ընդունել, աշխատանքից ազատել, կամ որևէ այլ կերպ ենթարկվել են խտրականության հենց այդ հիմքով: Այդ հոդվածների խախտման վերաբերյալ դիմումատուների պնդումներն անհիմն էին և պետք է մերժվեին:

21. 2015 թվականի մարտի 25-ին Հ.Բ.-ն ելույթ է ունեցել Խորհրդարանում՝ նշելով, որ Ջորջ Սորոսն իր «Բաց հասարակության հիմնադրամի» միջոցով հովանավորում է այնպիսի հասարակական կազմակերպություններին, ինչպիսին է «ՓԻՆՔ Արմենիա» կազմակերպությունը, որպեսզի նրանք դատական հետապնդում սկսեն թերթի դեմ և հալածեն Հայաստանում խոսքի և լրատվամիջոցների ազատությունը՝ թիրախավորելով կոնկրետ լրատվական միջոցների։ Նա հավելել է, որ «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ այն ուղղված է ոչ միայն ավանդական արժեհամակարգի, այլ նաև այնպիսի հիմնական ժողովրդավարական սկզբունքի դեմ, ինչպիսին խոսքի և լրատվամիջոցների ազատությունն է։ Հ.Բ.-ն անդրադարձել է մասնավորապես «Բաց հասարակության հիմնադրամի» կողմից «ՓԻՆՔ Արմենիա»-ին տրամադրված դրամաշնորհին, որի նպատակն էր, ինչպես նշված է նրա կայքում, աջակցել խտրականության դեմ ռազմավարական վարույթ հարուցելուն, և ավելի կոնկրետ, բարձրացվել է հարց այն մասին, թե արդյոք «ազգի թշնամիների սև ցուցակը» արտահայտությունը պարունակող հոդվածում առկա է ատելության դրսևորում։

22. 2015 թվականի ապրիլի 7-ին դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք՝ ներկայացնելով միևնույն փաստարկները, ինչպես և նախկինում։

23. 2015 թվականի ապրիլի 29-ին Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը ճանաչել է անընդունելի հիմքերի բացակայության պատճառով: Տվյալ որոշման մեկ պատճենը դիմումատուներին հանձնվել է 2015 թվականի մայիսի 29-ին։

24. Դիմումատուները պնդել են, որ Վճռաբեկ դատարանի նման որոշումից հետո թերթը շարունակել է նմանօրինակ հոդվածներ հրապարակել իրենց մասին։

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

I. Համապատասխան ներպետական իրավունքը ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ

Ա. Սահմանադրությունը (2005-2015 թվականներ)

25. Տվյալ ժամանակահատվածում գործող Սահմանադրության 3-րդ հոդվածով նախատեսվում էր, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ Պետությունը, որպես ուղղակիորեն կիրառելի օրենք, առաջնորդվել է մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, ինչպես նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքներով և ազատություններով:

26. 14.1 հոդվածով նախատեսվում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Բ. Քաղաքացիական օրենսգիրք (1999 թվական)

27. 1087.1 հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ այն անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: 1087.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով արված հրապարակային արտահայտությունն է: Հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: 1087.1 հոդվածի 7-րդ մասով նախատեսվում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը` i) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը. ii) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը. և (կամ) iii) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Գ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (2018 թվական)

28. 2018 թվականի ապրիլի 9-ին Հայաստանում ուժի մեջ է մտել Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը՝ փոխարինելով 1999 թվականի քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքին։

29. Նոր օրենսգրքի 4-րդ հոդվածով նախատեսվում է, որ վիճելի հարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա):

Դ. Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը

30. Վճռաբեկ դատարանը 2012 թվականի ապրիլի 27-ի թիվ ԿԴ/2293/02/10 որոշման մեջ, inter ali, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը մեկնաբանել է հետևյալ կերպ. որպեսզի կոնկրետ արտահայտությունը համարվի «վիրավորանք» այդ դրույթի իմաստով, այն պետք է համապատասխաներ հետևյալ երեք չափանիշներին. ա) արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը կամ արժանապատվությունը. բ) արտահայտություն անողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը կամ արժանապատվությունն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կողմից կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա. գ) արտահայտությունը պետք է արված լինի հրապարակայնորեն, որը ենթադրում է առնվազն մեկ երրորդ անձի ներկայությունը։ Ավելին, «վիրավորանք» սահմանումը չի նշանակում, որ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Ենթադրյալ «վիրավորանքի» գործերն ուսումնասիրելիս դատարանները պետք է հատուկ ուշադրություն դարձնեին հրապարակային հայտարարություն տված անձի բացատրություններին՝ պարզելու համար՝ արդյոք նա ունեցել է որևէ մեկին նվաստացնելու մտադրություն, թե օբյեկտիվորեն արտահայտել է գնահատող դատողություն՝ գործելով բարեխղճորեն։

II. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ համապատասխան նյութերը

Ա. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

1. Նախարարների կոմիտեի՝ անդամ պետություններին ուղղված թիվ R (97) 20 հանձնարարականը «ատելության խոսքի» վերաբերյալ

31. Նախարարների կոմիտեի կողմից 1997 թվականի հոկտեմբերի 30-ին ընդունված Հանձնարարականի համապատասխան քաղվածքներն ունեն հետյալ բովանդակությունը.

«Նախարարների կոմիտեն...

առաջարկում է անդամ պետությունների կառավարություններին՝

1. ձեռնարկել համապատասխան քայլեր՝ սույն հանձնարարականով սահմանված սկզբունքների հիման վրա ատելության խոսքի դեմ պայքարելու համար.

...

4. վերանայել իրենց ներպետական օրենսդրությունը և գործելակերպը՝ ապահովելու համար դրանց համապատասխանությունը սույն հանձնարարականի հավելվածով սահմանված սկզբունքներին»:

Թիվ R (97) 20 առաջարկության հավելված

Կիրառման շրջանակը

Այսուհետ շարադրված սկզբունքները վերաբերում են ատելության խոսքին, մասնավորապես՝ ԶԼՄ-ների միջոցով տարածվող ատելության խոսքին:

Սույն սկզբունքների կիրառման նպատակներով «ատելության խոսք»-ը սահմանվում է որպես «արտահայտվելու այն բոլոր ձևերն ընդգրկող, որոնք տարածում, հրահրում, խթանում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, այլատյացությունը, հակասեմականությունը կամ անհանդուրժողականության վրա հիմնված ատելության մյուս ձևերը, ներառյալ՝ ագրեսիվ ազգայնականությամբ և էթնոցենտրիզմով արտահայտված անհանդուրժողականությունը, փոքրամասնությունների, միգրանտների և ներգաղթյալ ծագում ունեցող մարդկանց նկատմամբ խտրականությունն ու թշնամությունը։

...

Սկզբունք 2

Անդամ պետությունների կառավարությունները պետք է սահմանեն կամ պահպանեն ամուր իրավական դաշտ՝ կազմված ատելության խոսքի վերաբերյալ քաղաքացիական, քրեական և վարչական իրավունքի դրույթներից, որոնք վարչական և դատական մարմիններին հնարավորություն են տալիս յուրաքանչյուր դեպքում հավասարակշռություն ապահովել արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքի և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ու այլոց հեղինակության կամ իրավունքների պաշտպանության միջև:

Անդամ պետությունների կառավարություններն այս նպատակով պետք է ուսումնասիրեն տարբերակներ և միջոցներ, որոնք թույլ կտան՝

- խթանել և համակարգել գործող օրենսդրության ու իրավական գործելակերպի արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունը.

- վերանայել գործող իրավական դաշտը՝ ապահովելու համար, որ այն համարժեք ձևով կիրառվի զանազան նոր լրատվական և հաղորդակցության ծառայությունների ու ցանցերի նկատմամբ.

- մշակել իրավական հետապնդման համակարգված քաղաքականություն՝ սույն հանձնարարականով սահմանված սկզբունքներին համապատասխան ազգային ուղեցույցների հիման վրա.

...

- ընդլայնել քաղաքացիական իրավունքի միջոցով ատելության խոսքի դեմ պայքարելու հնարավորությունները, օրինակ, շահագրգիռ հասարակական կազմակերպություններին թույլ տալով ներկայացնել քաղաքացիաիրավական հայցեր, նախատեսելով ատելության խոսքի զոհերին փոխհատուցման տրամադրում և նախատեսելով այնպիսի դատական կարգադրությունների հնարավորություն, որոնցով զոհերին կտրվի պատասխանի իրավունք կամ կպահանջվի ներկայացնել հերքում. ...

Սկզբունք 3

Անդամ պետությունների կառավարությունները պետք է ապահովեն, որ 2-րդ սկզբունքում նշված իրավական դաշտում արտահայտվելու ազատության նկատմամբ միջամտության դեպքերը լինեն խիստ սահմանափակ և կիրառվեն օրինական ու ոչ կամայական ձևով, օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա: Ավելին, օրենքի գերակայության հիմնարար պահանջին համապատասխան՝ խոսքի ազատության ցանկացած սահմանափակում կամ դրա նկատմամբ ցանկացած միջամտություն ենթակա է անկախ դատական հսկողության: Այս պահանջը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ պետք է հավասարակշռություն ապահովվի արտահայտվելու ազատության ու մարդու արժանապատվության և այլոց հեղինակության կամ իրավունքների պաշտպանության միջև։

Սկզբունք 4

Ազգային օրենսդրությունն ու գործելակերպը դատարաններին պետք է թույլ տան հաշվի առնել, որ ատելության խոսքի որոշակի դեպքեր կարող են անհատների կամ խմբերի համար այնքան վիրավորական լինել, որ դրանց վրա չտարածվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով արտահայտվելու այլ ձևերին հատկացվող պաշտպանության մակարդակը: Սա այն դեպքն է, երբ ատելության խոսքը նպատակաուղղված է Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խաթարմանը կամ դրանով նախատեսված սահմանափակման շրջանակից դուրս դրանք սահմանափակելուն:

Սկզբունք 5

Ազգային օրենսդրությունն ու գործելակերպը հետապնդում իրականացնելու իրավասություն ունեցող մարմիններին պետք է թույլ տան իրենց հայեցողության սահմաններում հատուկ ուշադրություն դարձնել ատելության խոսքին վերաբերող գործերին: Այս առնչությամբ այդ մարմինները պետք է մասնավորապես առանձնահատուկ ուշադրություն հատկացնեն կասկածյալի՝ արտահայտվելու ազատության իրավունքին՝ հաշվի առնելով, որ քրեական պատժամիջոց նշանակելն ընդհանուր առմամբ այդ ազատության նկատմամբ լուրջ միջամտություն է: Իրավասու դատարաններն ատելության խոսքի հետ կապված իրավախախտումներ կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ քրեական պատիժներ նշանակելիս պետք է ապահովեն համաչափության սկզբունքի խիստ պահպանում»:

2. Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Անդամ պետություններին ուղղված՝ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ թիվ Rec(2010) 5 հանձնարարականը

32. Նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի մարտի 31-ին ընդունված Հանձնարարականից համապատասխան քաղվածքներն ամփոփված են Օգանեզովան ընդդեմ Հայաստանի [Oganezova v. Armenia] գործում (թիվ 71367/12 և 72961/12, § 59, 2022 թվականի մայիսի 17):

Բ. Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողով (ՌԱԵՀ)

ՌԱԵՀ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ

33. ՌԱԵՀ-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 4-ին հրապարակված Հայաստանի վերաբերյալ զեկույցի համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ (ծանոթագրությունները բաց են թողնվել).

ՌԱԵՀ-ն զգալի աճ է արձանագրում բռնության արարքների հանգեցնող՝ թշնամանքի ուղղված խոսքի առումով: Դրա հիմնական թիրախը ԼԳԲՏ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամներն են: Այս իրավիճակն ավելի անհանգստացնող է դառնում՝ հաշվի առնելով, որ ռասիստական ու հոմոֆոբիական/տրանսֆոբիական բնույթի հանցագործությունների մասին հաղորդման դեպքերի թիվը զգալիորեն ցածր է, և թշնամանքի ուղղված հանցագործությանը կամ խտրականությանն առնչվող քրեաիրավական, քաղաքացիաիրավական ու վարչաիրավական դրույթների արդյունավետությունը լրջորեն նվազում է օրենսդրության մեջ առկա թերությունների պատճառով: Ավելին, քաղաքական երկխոսություններում հաճախ հնչում են այդ խոցելի խմբերին խարանող հայտարարություններ, որոնք նպաստում են բնակչության շրջանում ռասիստական և անհանդուրժողական վերաբերմունքի նշանակության նվազեցմանը:

Քրեական իրավունքը

...

2. ՌԱԵՀ-ը փաստում է, որ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածում միայն ազգության, ռասայի և կրոնի հիմքերով են բնութագրվում որպես հանցանք սահմանված ռասիստական գործողությունները (այսուհետ՝ արգելված հիմքեր): Արգելված հիմքերի ցուցակը... չի վերաբերում սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը...

...

Քաղաքացիական և վարչական օրենսդրություն

...

12. Հայաստանի իշխանություններն ... ընդունել են խտրականության դեմ օրենքի անհրաժեշտությունը:

17. ՌԱԵՀ-ը կրկին առաջարկում է, որ Հայաստանի իշխանություններն ընդունեն խտրականության դեմ ուղղված համապարփակ քաղաքացիական և վարչական օրենսդրություն, որով պետք է կարգավորվեն նաև ՌԱԵՀ-ի համար հետաքրքրություն ներկայացնող հիմքերը՝ կյանքի բոլոր հիմնական բնագավառներում...

Քրեական օրենսգրքում հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի քարոզչության մասին դրույթի ավելացումը

...

26. ՌԱԵՀ-ն առաջարկում է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը հստակորեն ավելացնել Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի արգելված հիմքերին...

Ատելության խոսքը քաղաքական ելույթներում

29. ՌԱԵՀ-ը մատնանշում է հատկապես քաղաքական գործիչների կողմից արված՝ ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ անհանդուրժողական հայտարարությունների անհանգստացնող թիվը:

30. 2014 թվականի մայիսին՝ հայկական թերթում հակահամասեռամոլների դեմ սև ցուցակի հրապարակումից հետո, իշխող քաղաքական կուսակցության անդամ Հ.Բ-ն հրապարակավ սատարել է հոդվածի հրապարակումը. նա նաև համապատասխան դատական վարույթում թերթի կողմից հանդես է եկել որպես վկա...

37. Ինչ վերաբերում է հոմո/տրանսֆոբ ատելության խոսքին, ապա ... [ա] ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության խոսքի մեկ այլ հատկապես անհանգստացնող դրսևորում էր 2014 թվականին «Իրավունք» թերթում հրապարակված՝ համասեռամոլների դեմ անձանց սև ցուցակը, որը նաև նրանց դեմ խտրականություն և անհանդուրժողականություն էր հրահրում։

40. ՌԱԵՀ–ն ատելության խոսքը հատկապես անհանգստացնող է համարում, քանի որ դա ուղղակի բռնության տանող առաջին քայլն է, ինչպես դա երևում է ԼԳԲՏ համայնքին պատկանող անձանց ...... նկատմամբ դաժան վերաբերմունքի մի քանի դեպքերից:

90. ... 2012 թվականին տեղական ՀԿ-ներից մեկի կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակչության 72 տոկոսը կարծում է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի «նույնասեռականների դեմ պայքարելու» համար։ Նույն տարում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում հարցմանը մասնակցած անձանց 94%-ը չէր ցանկանա նույնասեռական հարևան ունենալ: ՀԿ-ները հաղորդում են, որ «հասարակության կարծիքով նույնասեռականությունը կամ հիվանդություն է, որը պետք է բուժել, կամ էլ մարդիկ պարզապես չեն ցանկանում ընդունել մի բան, ինչը տարբերվում է բարոյականության և ընտանիքի մասին նրանց ավանդական պատկերացումներից»: Արդյունքում՝ Հայաստանում բնակվող ԼԳԲՏ անձինք «կան, բայց նրանցից քչերն են դրա մասին բարձրաձայնում: Նրանք թաքնվում են՝ չնայած, որ ընդհանուր վերաբերմունքը բացասական չէ. նրանց պարզապես համարում են հիվանդ մարդիկ, որոնք դժբախտաբար այդպիսին են ծնվել»:

Օրենսդրությունը

91. Ընդհանուր հավասարությանը վերաբերող դրույթը ներառված է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածում, որով, ի թիվս այլ հիմքերի, արգելվում է խտրականությունը՝ սեռի և «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների» հիմքով: Այնուամենայնիվ, ՌԱԵՀ-ը հասկանում է, որ ինչպես ատելության խոսքի դեպքում էր... մինչ այժմ դատական վարույթներում ԼԳԲՏ անձանց նկատմամբ չեն կիրառվել խտրականության դեմ չափանիշները, և իշխանությունները ՌԱԵՀ-ին չեն ներկայացրել համապատասխան նախադեպային իրավունքին հղումներ այս առնչությամբ: Ավելին, այն պատճառով, որ ապացուցման պարտականությունը կրում է տուժողը, և Հայաստանի օրենսդրությունը չի տալիս ո՛չ խտրականության սահմանումը, ո՛չ էլ խտրականության վերաբերյալ բողոքները քննելու համապատասխան մեխանիզմներ, սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականության դեպքերն ապացուցելը դեռևս բարդ է մնում:

99. ՌԱԵՀ-ի վերլուծությունը ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների կողմից խտրականությունից պաշտպանվելու համապարփակ օրենսդրություն ընդունելու հրատապ անհրաժեշտությունը, այդ թվում՝ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա, և սահմանելու արդյունավետ մեխանիզմներ և ընթացակարգեր՝ այս ոլորտում բողոքների քննարկման համար…»:

ԻՐԱՎՈՒՆՔԸ

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ, ՈՐԸ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ

34. Դիմումատուները բողոքել են, որ 2014 թվականի մայիսի 17-ին հրապարակված հոդվածը և դրան հաջորդող հոդվածները հավասարազոր են եղել ոտնձգությունների և ատելության խոսքի և միջամտել են իրենց անձնական կյանքին, մինչդեռ պետությունը չի ապահովել պաշտպանություն այդ մասով՝ խախտելով Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածները: Պետությունը նաև չի ճանաչել և չի տրամադրել պաշտպանություն նրանց սեռական կողմնորոշման հիմքով պայմանավորված հեղինակի խտրական շարժառիթներից, այդ թվում՝ կողմնակալությամբ պայմանավորված չարաշահումից և խտրականություն հրահրելուց՝ նրանց՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ լինելու պատճառով՝ դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածը ՝ 3-րդ և 8-րդ հոդվածների համադրությամբ:

35. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուները հիմնվել են Կոնվենցիայի ինչպես 3-րդ, այնպես էլ 8-րդ հոդվածների վրա՝ ենթադրաբար ատելություն և խտրականություն պարունակող թերթի հոդվածների առնչությամբ: Այն վերահաստատում է, որ որպես գործի փաստերին իրավական որակավորում տվող մասնագիտացված կառույց կաշկանդված չէ կողմերի կողմից ներկայացված որակավորումներով: Հաշվի առնելով սույն գործի առանձնահատուկ հանգամանքները և նմանօրինակ գործերով դատարանի կողմից ցուցաբերված մոտեցումը (տե՛ս, օրինակ, Ռ.Բ.-ն ընդդեմ Հունգարիայի [B. v. Hungary] գործը, թիվ 64602/12, §§ 39-52 և §§ 78-79, 2016 թվականի ապրիլի 12, և ԸՔՍԵՓԹ ասոցիացիան և այլք ընդդեմ Ռումինիայի [Association ACCEPT and Others v. Romania] գործը, թիվ 19237/16, §§ 52-57, 2021 թվականի հունիսի 1, որոնցում կանխակալ վերաբերմունքով պայմանավորված բողոքներն ուսումնասիրվել են միայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո և ի հակադրություն դրա՝ Իդենտոբան և այլք ընդդեմ Վրաստանի [Identoba and Others v. Georgia] գործը, թիվ 73235/12, §§ 68-71, 2015 թվականի մայիսի 12, Մ.Կ.-ն and Ա.Կ.-ն ընդդեմ Ռումինիայի, [M.C. and A.C. v. Romania] գործը, թիվ 12060/12, §§ 116-19, 2016 թվականի ապրիլի 12, և Օգանեզովան ընդդեմ Հայաստանի [Oganezova v. Armenia] գործը, թիվ 71367/12 և 72961/12, §§ 88-97, 2022 թվականի մայիսի 17, որոնցում անդրադարձ է կատարվել ինչպես 3-րդ, այնպես էլ 8-րդ հոդվածներին), այն սույն գործով համարում է, որ դիմումատուների բողոքները ենթական են քննության Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կոբոգլուն և Օրանն ընդդեմ Թուրքիայի [Kaboğlu and Oran v. Turkey], թիվ 1759/08 և 2 այլ գործեր, §§ 50-51, 2018 թվականի հոկտեմբերի 30)։ Հետևաբար այն կքննի դիմումատուների գործը՝ Կոնվենցիայի 8-րդ և 14-րդ հոդվածների համաձայն, որոնց համապատասխան մասերը շարադրված են հետևյալ բովանդակությամբ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։