Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
Հոդված 4. Նպաստի իրավունք ունեցող անձինք
1. Սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն`
1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամների (այսուհետ` վարձու աշխատողներ).
2) անհատ ձեռնարկատերերը և նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք), բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
2. Անձը սույն օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով եկամտային հարկ (շահութահարկ) վճարած լինելու դեպքում:
3. Սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները տրվում են, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:
3.1. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին սույն օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի տրվում, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է՝
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` գործունեությունը դադարեցնելու ժամանակահատվածում (գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրվանից մինչև այդ հայտարարության կամ գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում).
2) բացառապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու ժամանակահատվածում.
3) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում:
3.2. Սույն օրենքով սահմանված մայրության նպաստ է տրվում նաև ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն հոդվածի 3.1-ին մասում նշված ժամանակահատվածում:
4. Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության, իսկ մայրության նպաստը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը՝ անկախ աշխատանքային պայմանագրի տեսակից) կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը): Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում՝ գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու օրվանից:
5. Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:
6. Համատեղությամբ աշխատելու դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակվելու և վճարվելու հանգամանքից: Համատեղությամբ աշխատելու դեպքում (այդ թվում` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի դեպքում) մայրության նպաստը հաշվարկվում և վճարվում է հիմնական գործատուի կողմից:
(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 20.06.13 ՀՕ-95-Ն, փոփ., լրաց., խմբ. 01.12.14 ՀՕ-206-Ն, խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-290-Ն)
(4-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-78-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)