Հոդված 9. Հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման հիմքերը
Հոդված 9. Հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման հիմքերը
1. Սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանումը և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա:
2. Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձին և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու մեկ հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Մեկանգամյա թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ փոխանցման միայն մեկ գործողություն:
3. Անհատական թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Անհատական թույլտվությունը տրամադրվում է առավելագույնը երկու տարի ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:
4. Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու ապրանքային դիրքերով առանձնացված հսկվող ապրանքների արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում հայտարարված մի քանի վերջնական օգտագործողների: Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է առավելագույնը երեք տարի ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:
5. Թույլտվությունների հիման վրա արտահանում և (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է ոչ ուշ, քան արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո` 20-օրյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնել արտահանման կամ փոխանցման իրականացման վերաբերյալ հաշվետվություն` կցելով արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արտահանված և (կամ) փոխանցված արժեքների հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա:
6. Անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով: