Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը
Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը
1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի գրավոր հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ Ծառայության ղեկավարի տված հանձնարարագրի հիման վրա:
2. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագրով, ի թիվս իրավական ակտի համար օրենքով սահմանված վավերապայմանների, սահմանվում են նաև՝
1) ամսաթիվը, ամիսը, տարին և համարը,
2) վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը,
3) ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը,
4) ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը,
5) ուսումնասիրություն կատարելու ժամկետը՝ օրերով, և վայրը,
6) ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը), սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ուսումնասիրությանը մասնակցող այլ անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը (կարգավիճակը)):
3. Ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագրում փոփոխություններ, լրացումներ կատարելիս սույն հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ կետերի փոփոխությունները կատարվում են վարչապետի գրավոր համաձայնությամբ։
4. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության սահմանած ժամկետում դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Վերահսկվող օբյեկտի սահմանած ժամկետում կարծիք չտրամադրելը դիտարկվում է որպես դրա բացակայություն: Կարծիքի տրամադրմամբ ըստ անհրաժեշտության տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել: Ուսումնասիրության արդյունքով կազմված տեղեկանքը, կարծիքի առկայության պարագայում՝ դրա հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ հիմնավորող փաստաթղթեր զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար:
5. Ծառայության կողմից մշտադիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա:
6. Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով և կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար:
7. Ուսումնասիրության և մշտադիտարկման իրականացման ընթացակարգերը սահմանվում են վարչապետի որոշմամբ:
8. Վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ստացումն ապահովվում է վարչապետի սահմանած կարգով:
9. Ուսումնասիրության իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ դրա իրականացման նպատակահարմարության բացակայության դեպքում վարչապետի գրավոր համաձայնությամբ ուսումնասիրությունը կարող է դադարեցվել, որի դեպքում կազմվում է տեղեկանք՝ անկախ խախտումներ կամ անհամապատասխանություններ հայտնաբերված լինելու հանգամանքից: