Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ոչ առևտրային վճարումների ապահովման և կարգավորման նպատակով,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը կապահովեն դրամական միջոցների ազատ փոխանցումը Կողմերից մեկի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Կողմերից մեկի տարածքում գրանցված իրավաբանական անձանց` ոչ առևտրային գործառույթների հետևյալ տեսակների գծով`

տրանսպորտի և կապի ծառայությունների վճար,

կազմակերպված և չկազմակերպված զբոսաշրջություն,

Անկախ պետությունների համագործակցության միջպետական համակարգող կառույցների պահպանման ծախսեր,

Կողմերի պայմանավորվածությամբ` դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հաստատությունների, առևտրական, տրանսպորտային և այլ ներկայացուցչությունների պահպանման ծախսեր, ինչպես նաև պատվիրակությունների գործուղման ծախսեր,

միջազգային վեհաժողովների, գիտաժողովների, կոնֆերանսների, մարզական և մշակութային միջոցառումների, ինչպես նաև միջազգային այլ հանդիպումների անցկացում,

դատարանների, նոտարական և վարչական այլ մարմինների ծախսերի փոխհատուցման գծով վճարումներ` բացառությամբ առևտրական գործարքների հետ կապված վեճերի կարգավորման վերաբերյալ վճիռներից բխող գանձումների,

ցուցահանդեսների և տոնավաճառների անցկացման հետ կապված վճարումներ, բացառությամբ ազատ փոխարկելի տարադրամով վճարումների և կապիտալ ներդրումների հետ կապված ծախսերի, որոնց հաշվարկման կարգը սահմանվում է Կողմերի համաձայնությամբ,

դերասանների հյուրախաղերի և կինոնկարների վարձույթով տալու հետ կապված ծախսերի վճարում, ինչպես նաև այդ միջոցառումներից ստացված եկամուտների փոխանցում,

փոստային փոխանցումների, պարբերական հրատարակությունների բաժանորդագրման և վճարագրերի, դրամական ակրեդիտիվների ու փոխանցումների վճարումից առաջացած դրամական միջոցների մնացորդների գծով փոխանցումներ,

մուծումներ հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ոչ բյուջետային հիմնադրամներին,

համապատասխան փաստաթղթերով հիմնավորված` սոցիալական ապահովագրության գծով մուծումներ,

դատական և այլ իրավասու մարմինների դատավճիռների, որոշումների ու սահմանումների հիման վրա վճարվող գումարներ, վարձ` իրավական օգնության համար,

կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, լրավճարների և փոխհատուցումների փոխանցում,

ժառանգվող գումարների և ժառանգվող գույքի իրացումից ստացված գումարների փոխանցում,

հեղինակային հոնորարների վճարում և հեղինակային իրավունքների գծով վճարումներ,

միջպետական համաձայնագրերով ուսումնական հաստատություններ, հիմնարկներ կամ ձեռնարկություններ աշխատելու կամ ուսանելու նպատակով ժամանած` Կողմերի քաղաքացիներին վճարվող աշխատավարձ, կրթաթոշակ, օրապահիկ և դրամական այլ վճարումներ,

մի Կողմի ուսումնական հաստատություններում մյուս Կողմի քաղաքացիների ուսուցման համար վճարումներ,

մի պետության բուժական հիմնարկում մյուս պետության քաղաքացիների բուժման համար ծախսեր, վճարումներ` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար,

անձանց մահվան հետ կապված վճարումներ (տրանսպորտային և հուղարկավորման ծախսեր):

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը երկու պետությունների ֆինանսների նախարարություններին լիազորում են փոփոխություններ և ճշգրտումներ մտցնել սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ոչ առևտրային գործառույթների ցանկի մեջ:

ՀՈԴՎԱԾ 3

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ոչ առևտրային վճարումների վերաբերյալ ընթացիկ գործառույթները կարող են իրագործվել` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի, համապատասխանաբար, իրար մոտ բացված թղթակցային հաշիվների միջոցով, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության լիազորված առևտրային բանկերի, համապատասխանաբար, իրար մոտ բացված թղթակցային հաշիվների միջոցով:

ՀՈԴՎԱԾ 4

Կողմերը շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին կհանձնարարեն կնքել ոչ առևտրային գործառնությունների գծով վճարումների իրականացման և փոխհաշվարկների իրագործման վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր:

ՀՈԴՎԱԾ 5

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում թվարկված վճարումների գծով փոխանցումներն ընդունվում են ուղարկող պետության տարածքում գործող վճարման օրինական միջոցներով և վճարվում են ստացող պետության տարածքում գործող վճարման օրինական միջոցներով` այն փոխարժեքով, որը փոխանցումը ստացվելու պահին սահմանված է, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Բելառուսի Հանրապետության ազգային բանկի կողմից:

ՀՈԴՎԱԾ 6

Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ կապված բոլոր վիճելի հարցերը լուծվելու են բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:

ՀՈԴՎԱԾ 7

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ գրավոր ծանուցագրի ստացման օրվանից սկսած և կգործի Կողմերից մեկի կողմից դրա գործողության դադարեցման վերաբերյալ գրավոր ծանուցագիր ստանալուց երեք ամիս անց:

Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի մայիսի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում երեք տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի հոդվածներից որևէ մեկի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում տեղեկատու է հանդիսանում ռուսերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 31-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։