Հոդված 27. Շահերի բախումը
Հոդված 27. Շահերի բախումը
1. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս առաջնորդվում են օրենքով և Կենտրոնական բանկի նպատակների իրագործման անհրաժեշտությունից բխող շահերով:
2. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները, խորհրդի մյուս անդամները և Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք չեն կարող պաշտոնավարման կամ ծառայության ընթացքում բանկերում բաժնեմաս ձեռքբերել կամ խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել:
3. Կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի մյուս անդամներն իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցելու հաշվետու թողարկողի արժեթղթերով կատարվող կամ մասնագիտացված գործունեություն իրականացնող որևէ անձի գործարքներին այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալներին կամ խորհրդի մյուս անդամներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի ծառայողին (նրանց ամուսիններին) պատկանող՝ հաշվետու թողարկողների կողմից թողարկված արժեթղթերը պետք է օտարվեն կամ տրվեն հավատարմագրային կառավարման` նրանց պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ ծառայության անցնելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:
(27-րդ հոդվածը լրաց. 11.10.07 ՀՕ-200-Ն, փոփ. 12.11.15 ՀՕ-133-Ն, 13.12.17 ՀՕ-313-Ն)