Հոդված 39.15. Ֆինանսական խումբը
Հոդված 39.15 Ֆինանսական խումբը
1. Սույն օրենքի և ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով ֆինանսական խումբ են համարվում փոխկապակցված՝ երկու կամ ավելի ֆինանսական կազմակերպությունների խումբը և վերջիններիս մայր կազմակերպություն(ներ) հանդիսացող կազմակերպություն(ներ)ը (առկայության դեպքում):
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառման նպատակով`
1) մայր կազմակերպություն է համարվում կազմակերպության նկատմամբ վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Վերահսկողությունը որոշվում է համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտ 10-ի.
2) ֆինանսական կազմակերպություն են համարվում բանկը, վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ապահովագրական (վերաապահովագրական) ընկերությունը.
3) կազմակերպություն են համարվում ֆինանսական խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունը և մայր կազմակերպությունը միասին, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով.
4) կազմակերպությունները համարվում են փոխկապակցված՝ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) պատասխանատու անձ է համարվում ֆինանսական խմբի անդամ կազմակերպությունների ընտրած և Կենտրոնական բանկի նշանակած կամ սույն օրենքով սահմանված դեպքերում Կենտրոնական բանկի նշանակած ֆինանսական խմբի անդամ հանդիսացող ֆինանսական կազմակերպությունը, որը պարտավոր է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ժամկետներում և պարբերականությամբ իրականացնել սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները, որոնց չկատարման համար ենթարկվում է պատասխանատվության ֆինանսական հատվածի այն օրենքի համաձայն, որով կարգավորվում է պատասխանատու անձի՝ որպես ֆինանսական կազմակերպության գործունեությունը: