Հոդված 39.16. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը
Հոդված 39.16. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը
1. Սույն օրենքի 39.15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի առկայության դեպքում կազմակերպությունները որպես ֆինանսական խումբ են որակվում (ճանաչվում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Սույն մասում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է համարվել Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ կազմակերպությունների խմբի լիազոր ներկայացուցչի (այսուհետ` սույն գլխում` Լիազոր ներկայացուցիչ)` որպես ֆինանսական խումբ որակելու մասին դիմումը: Լիազոր ներկայացուցչի ներկայացրած դիմումը պետք է պարունակի կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու համապատասխան հիմնավորումներ, ինչպես նաև առաջարկություն պատասխանատու անձի թեկնածության վերաբերյալ կամ առաջարկ Կենտրոնական բանկին՝ իր նախաձեռնությամբ նշանակել պատասխանատու անձին:
2. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու կարգը, ժամկետները, լիազոր ներկայացուցչի դիմումի և հիմնավորումների ներկայացման կարգը և ձևը սահմանում է Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտերով:
3. Կենտրոնական բանկը, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով ֆինանսական խմբի չափերից, կառուցվածքի բարդությունից և ռիսկայնությունից ելնելով, կարող է ֆինանսական խումբը դասակարգել տեսակների, ենթախմբ(եր)ի:
4. Կենտրոնական բանկը իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է ֆինանսական խմբերին տեսակների, ենթախմբերի դասակարգման սկզբունքները՝ ըստ ռեզիդենտության և այլ չափանիշների:
5. Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում պատասխանատու անձը դիմում է Կենտրոնական բանկ՝ առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ: Սույն մասում նշված դիմումն ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը, հաշվի առնելով 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի հետագա առաջացման հավանականությունը, որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում 1 տարին չգերազանցող փորձաշրջան տրամադրելու վերաբերյալ: Փորձաշրջանի ընթացքում կազմակերպությունները շարունակում են համարվել ֆինանսական խումբ: Սույն մասով սահմանված փորձաշրջանի ժամկետի ավարտից հետո Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում տվյալ կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը դադարեցնելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում շարունակելու տվյալ կազմակերպություններին դիտարկել որպես ֆինանսական խումբ: Կազմակերպություններին ֆինանսական խումբ ճանաչելու մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումը կայացնելուց հետո այդ որոշման կայացման համար սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերի վերացման դեպքում, եթե պատասխանատու անձը չի դիմում Կենտրոնական բանկ` առաջարկելով դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ դիտարկելը, ապա Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես խումբ որակելը: Այն դեպքում, երբ սույն օրենքի 39.15-րդ հոդվածով նախատեսված հիմքերը առկա են, սակայն Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ֆինանսական խմբի կառուցվածքով և ֆինանսական խմբի անդամների փոխհարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված խմբային ռիսկեր չեն առաջանում, Կենտրոնական բանկը կարող է դադարեցնել կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելը:
6. Եթե կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելուց հետո ֆինանսական խմբի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա Կենտրոնական բանկի խորհրդը որոշում է կայացնում ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ: Սույն կետում նշված որոշման ընդունման համար հիմք կարող է հանդիսանալ Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքը կամ պատասխանատու անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հիմնավորումները:
7. Կազմակերպություններին որպես ֆինանսական խումբ որակելու, ֆինանսական խմբի կազմի փոփոխության վերաբերյալ որոշումները Կենտրոնական բանկի խորհուրդը կայացնում է այդ որոշումների կայացման համար հիմք հանդիսացող հանգամանքների առաջացման (լիազոր ներկայացուցչի դիմում, Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքի համար անհրաժեշտ տեղեկությունների բացահայտում) պահից 30-օրյա ժամկետում: