Հոդված 39.10. Բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը
Հոդված 39.10. Բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը
1. Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության միջև բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը: Սույն հոդվածով սահմանված պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:
3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները`
ա) որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում.
բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում.
գ) շահաբաժինների վճարման կասեցում.
դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում.
ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում.
զ) ակտիվային և (կամ) պասիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում.
է) գովազդի իրականացման սահմանափակում.
ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի, ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար:
(Վերնագիրը լրաց. 09.04.07 ՀՕ-183-Ն)
(39.10 հոդվածը լրաց. 03.03.04 ՀՕ-45-Ն, 09.04.07 ՀՕ-183-Ն)