Հոդված 19. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները
Հոդված 19. Օրենսդրության խախտումների համար կիրառվող պատժամիջոցները
1. Սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպության նկատմամբ կարող է կիրառել հետևյալ պատժամիջոցներից մեկը՝
ա) նախազգուշացում և խախտումները վերացնելու հանձնարարական.
բ) տուգանք.
գ) վարկային կազմակերպության ղեկավարի որակավորման վկայականից զրկում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
2. Վարկային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կիրառվել նաև տուգանք, որի չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
3. Սույն հոդվածով նախատեսվող պատժամիջոցների կիրառումը վարկային կազմակերպությանը չի ազատում օրենքներով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
4. Վարկային կազմակերպությունների և դրանց ղեկավարների նկատմամբ սույն հոդվածով սահմանված պատժամիջոցները կիրառվում են սույն օրենքով և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, հիմքերով, սահմաններում և կարգով: Բացի այդ հիմքերից, վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե դրա գրանցման և լիցենզավորման ընթացքում ներկայացվել են կեղծ տվյալներ:
5. Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Այդ որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվելու պահից:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.04.08 ՀՕ-24-Ն)