Հոդված 22. Բանկի գործունեության տեսակի փոփոխման իրավական հետևանքները
Հոդված 22. Բանկի գործունեության տեսակի փոփոխման իրավական հետևանքները
1. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկն իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, հաստատում է վերագրանցվող իրավաբանական անձի կանոնադրությունը և այն ներկայացնում է վերագրանցման: Բանկի գործունեության փոփոխման ընթացքում Կենտրոնական բանկը գործունեությունը փոփոխող բանկի համար կարող է սահմանել հիմնական տնտեսական նորմատիվների այլ ռեժիմ, քան սահմանված է բանկերի համար:
2. Բանկի գործունեության տեսակի փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում բանկը պարտավոր է կատարել բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած բոլոր պարտավորությունները կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան դրանք փոխանցել այլ բանկ:
3. Բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորություններն այլ բանկի փոխանցելու դեպքում մինչև համապատասխան գործարքի կնքումը բանկը տեղեկացնում է Կենտրոնական բանկին պարտավորություններն ստանձնող բանկի անվանման մասին՝ ներկայացնելով պարտքի փոխանցման գործարքին վերաբերող բոլոր փաստաթղթերը: Ելնելով պարտավորություններն ստանձնող բանկի ֆինանսական վիճակից՝ Կենտրոնական բանկն իրավունք ունի չթույլատրել բանկին կնքելու պարտքի փոխանցման գործարքը:
4. Գործունեությունը փոփոխող բանկի վերագրանցման պահից դրա գործունեությունը համարվում է դադարած, իրավունքներն ու պարտականությունները (բացառությամբ բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերով իր ստանձնած պարտավորությունների) իրավահաջորդության կարգով անցնում են վերագրանցված անձին, և բանկի գործունեության դադարման վերաբերյալ բանկերի գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին: Բանկի վերագրանցման մասին որոշմամբ Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչում բանկի բանկային գործունեության լիցենզիան:
5. Ստեղծված վարկային կազմակերպությունն իր վերագրանցվելու պահից համարվում է համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար լիցենզավորված: Ընդ որում, վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում: