Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-10-30-ից մինչև 2021-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին և ներքին իրավական ակտերին ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2021-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 9.1. Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին և ներքին իրավական ակտերին ներկայացվող պահանջները

(վերնագիրը լրաց. 21.12.15 ՀՕ-15-Ն)

Վարկային կազմակերպությունները պարտավոր են իրենց կանոնադրությունների մեջ պարտադիր ներառել տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի ֆունկցիաների տարանջատման, տնօրենների, հիմնական ղեկավարների, գլխավոր հաշվապահի, տնօրենների խորհրդի և վերստուգիչ խմբի աշխատանքների մեխանիզմների, ինչպես նաև հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների ներկայացման սկզբունքների, արտաքին աուդիտի իրականացման մեխանիզմների վերաբերյալ դրույթներ:

Վարկային կազմակերպությունները պետք է ունենան գործարար վարվելակերպի կանոններ, որոնցով պետք է սահմանվեն՝

ա) վարկային կազմակերպության կողմից հաճախորդին տեղեկատվության ներկայացման ձևն ու կարգը.

բ) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման և հաճախորդների բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները: Ընդ որում, բողոք-պահանջների ներկայացման ու քննության կարգն ու պայմանները որևէ կերպ չեն սահմանափակում դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին կամ առևտրային արբիտրաժ դիմելու սպառողի իրավունքը.

գ) վարկային կազմակերպության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը (քաղաքականությունը).

դ) հաճախորդների անձնական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կանոնները.

ե) հրապարակման ենթակա տեղեկատվությունը և այդ տեղեկատվության հրապարակման կարգը:

Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասում նշված վարկային կազմակերպության գործարար վարվելակերպի կանոնների կիրարկման եղանակներին և ընթացակարգերին վերաբերող պահանջներ:

Վարկային կազմակերպությունները պարտավոր են հետևել սույն մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոններին:

Սույն հոդվածով նախատեսված՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ վարկային կազմակերպության կողմից խախտման փաստը դատարանի, արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում վարկային կազմակերպությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) վարկային կազմակերպությունը ձեռնարկել է հաճախորդի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և

2) փաստացի վերացրել է հաճախորդի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) հաճախորդը իրավունքի խախտման հետևանքով փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է վարկային կազմակերպությունը:

Սույն հոդվածով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Նշված դրույթները չեն կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթներ: Սույն հոդվածը կիրառվում է այնքանով, որքանով այլ օրենքներով նշված հարցերի վերաբերյալ վարկային կազմակերպությունների համար այլ կարգավորում նախատեսված չէ:

(9.1-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-520-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-24-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-15-Ն, խմբ. 27.10.20 ՀՕ-475-Ն)

(27.10.20 ՀՕ-475-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։