Հոդված 20. Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները
Հոդված 20. Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները
1. Դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է ձեռք բերի և պահպանի հետևյալ տեղեկությունները`
1) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.
2) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշիվների համարները (բացակայության դեպքում` փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).
3) փոխանցում կատարողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ ֆիզիկական անձի համար, կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն)՝ իրավաբանական անձի համար:
2. Բոլոր դրամական փոխանցումների դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները ներառի փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում: Մեկից ավելի դրամական փոխանցումների խմբավորման դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:
3. Դրամական փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի փոխանցման հետ միասին: Այն դեպքում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ միջնորդ ֆինանսական հաստատության կողմից անդրսահմանային դրամական փոխանցմանն ուղեկցող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումը հարակից ներպետական դրամական փոխանցման հետ միասին, միջնորդ ֆինանսական հաստատությունը պետք է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանի այդ տեղեկությունները:
4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում`
1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների և փոխհաշվարկների նկատմամբ.
2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման և ձևակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման հետ, և չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են վճարումների որևէ համակարգում դրամական փոխանցումներ կատարելու համար:
5. Դրամական փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը և դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր` բացահայտելու և համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու այն դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվող տեղեկությունները չներառող դրամական փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի դրամական փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը: