Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 10. Լիազոր մարմինը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 10. Լիազոր մարմինը

1. Լիազոր մարմնի իրավասություններն են՝

1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների և այլ տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի), պետական մարմիններից տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) ստացումը.

2) ստացված հաշվետվությունների և տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) վերլուծությունը.

3) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրումը՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը և ստանալը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.

5) պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.

6) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարմանն ուղղված հանձնարարականներ տալը (ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վերահսկող մարմինների առկայության դեպքում՝ այդ մարմինների միջոցով), այդ թվում՝ իր տրամադրած նույնականացման տվյալների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների հիման վրա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարականներ տալը.

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցների հաստատումը, ներառյալ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների վերաբերյալ.

8) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, այլ վերահսկող մարմինների կողմից իրականացվող վերահսկողությանն օժանդակելը, այդ թվում՝ պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.

9) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.

10) փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այն անձանց նկատմամբ, որոնք չունեն օրենքով սահմանված վերահսկող մարմիններ, կամ որոնց մասով բացակայում է վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորումը, սույն օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելը.

11) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելը, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելը.

12) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր կազմելը, վերանայելը և հրապարակելը.

13) հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրած հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկություններ տրամադրելը (հետադարձ կապ ապահովելը).

14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը, ինչպես նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.

15) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.

16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.

17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կառույցների և ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանակելը.

18) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների և (կամ) արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով` չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը.

19) հաշվետվություն տրամադրող անձանց հանձնարարական տալը՝ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ այն անձանց (ներառյալ` ֆինանսական հաստատությունների) նկատմամբ, որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից են.

20) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով՝ լիազոր մարմնում գործում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հաստատած կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները, բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին և բարձրագույն պաշտոնատար անձին վերապահված իրավասությունների:

3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունը, գործունեության ծրագիրը, բյուջեն, իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված իրավասությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավասությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի և բարձրագույն պաշտոնատար անձի կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը՝ կառավարման բարձրագույն մարմնի կողմից:

5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:

6. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած պարբերականությամբ և կարգով այդ մարմին ներկայացնում է հաշվետվություններ իր գործունեության վերաբերյալ:

7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված՝ ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունների համար անվտանգ պահպանության անհրաժեշտ պայմաններ: Այդ տեղեկությունները կարող են հասանելի լինել միայն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինների կամ անձանց համար:

8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի են ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունները, օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկություններն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-179-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։