Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը
Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը
1. Ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի ստացման դեպքերում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը և այդ մասին անմիջապես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին:
2. Լիազոր մարմինն իրավասու է գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 5 օրով կասեցնելու՝ տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող և քրեական հետապնդում իրականացնող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:
3. Ֆինանսական հաստատության կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման մասին լիազոր մարմնին տեղեկացնելու կամ լիազոր մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է կայացնում քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ծանուցում տրամադրելու հիմքերը պարզելու նպատակով կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում՝ 10 օրով) երկարաձգելու կամ կասեցման որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի՝ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին որոշումը, մինչև կասեցման ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչել միայն լիազոր մարմինը՝ իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ: