Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով ազգային շահերից և առողջապահության բնագավառում նրանց միջև ձևավորված ավանդական կապերից,

հաշվի առնելով երկու Կողմերի շահագրգռվածությունը երկարաժամկետ հիմքերով փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հարցում,

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցություն ի շահ առողջապահության ազգային համակարգերի հետագա կատարելագործման:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը պայմանավորվեցին զարգացնել փոխշահավետ համագործակցություն գործնական առողջապահության և բժշկագիտության հետևյալ բնագավառներում.

- առողջապահության կազմակերպում և տնտեսություն,

- հիվանդությունների կանխարգելում,

- արտակարգ իրավիճակների և համաճարակային դրության գծով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ տեղեկության փոխանակում,

- մեծահասակ և փոքրահասակ բնակչությանը մասնագիտացված օգնության ցուցաբերում,

- գիտական և բժշկական կադրերի պատրաստում,

- դեղագործական և բժշկական տեխնիկա:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերը պայմանավորվեցին, որ համատեղ գործունեության առաջնային ուղղություններն են.

- վերականգնողական-պլաստիկ վիրաբուժություն,

- օրգանների փոխպատվաստում,

- նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն,

- ՁԻԱՀ-ի հիմնախնդիր,

- նարկոլոգիա և տոքսիկոլոգիա,

- առողջարանաբուժություն,

- ալերգիա և իմունոլոգիա,

- ուռուցքաբանություն,

- մանկաբարձություն, գինեկոլոգիա, վերարտադրություն - պրոկտոլոգիա,

- սպելեոբուժություն,

- ակնաբուժություն,

- մանկական ուռոնեֆրոլոգիա,

- մանկական պրոտեզավորմամբ վերականգնում:

Այս ցանկը սահմանափակման ենթակա չէ և կարող է ընդլայնվել:

ՀՈԴՎԱԾ 4

Սույն Համաձայնագրի 2-3-րդ հոդվածներով համագործակցությունը կիրականացվի համատեղ գիտական հետազոտությունների, խորհրդակցությունների անցկացման ճանապարհով, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկության փոխանակման, մեթոդական հանձնարարականների մշակման, գիտաժողովների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրապարակման, համագործակցության այլ ձևերով, որոնց թեման և ժամկետները որոշված են:

ՀՈԴՎԱԾ 5

Կողմերը համաձայնեցին ապահովել արտակարգ իրավիճակներում արտակարգ բուժական-խորհրդատվական և հատուկ նյութատեխնիկական փոխադարձ օգնություն:

ՀՈԴՎԱԾ 6

Կողմերը, ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով, պարտավորվում են ցուցաբերել արտակարգ և անհետաձգելի բուժօգնություն իրենց պետությունների քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման:

Կողմերը պարտավորվում են նաև մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար առողջապահության նախարարությունների ուղեգրով անարգել ընդունել իրենց պետությունների քաղաքացիներին` նրանց բուժման համար հաշիվների հետագա ներկայացմամբ: Առանց առողջապահության նախարարությունների ուղեգրի բուժհիմնարկներ ընդունվող քաղաքացիների բուժօգնությունն իրականացվում է առևտրային հիմքով:

Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու դիմաց փոխհաշվարկների պայմաններն ու կարգը կարգավորվում են Համաձայնագրին կից առանձին Հավելվածով:

ՀՈԴՎԱԾ 7

Կողմերն իրականացնում են համատեղ աշխատանք բարձրագույն և միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական պլանների և ծրագրերի բարելավման ուղղությամբ, հաստատում են ուղղակի կապեր, ինչպես նաև փոխընդունելի պայմաններով կամ առևտրային հիմունքներով կատարում են ուսանողների և սովորողների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 8

Կողմերը պարտավորվում են ապահովել գերատեսչական ենթակայության հիմնարկներում բժշկական, մանկավարժական և գիտական կադրերի որակավորման բարձրացումը պահանջներին համապատասխան և համապատասխան վարձատրությամբ:

ՀՈԴՎԱԾ 9

Կողմերը ուղղակի կապեր են հաստատում սանիտարահամաճարակային ծառայությունների միջև, ապահովում են անհրաժեշտ սանիտարահամաճարակային աշխատանքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման միջոցառումների կատարումը:

ՀՈԴՎԱԾ 10

Կողմերը չեն թույլատրի բժշկական օգնության կազմակերպման, սանիտարահամաճարակային նորմատիվների կիրառման և կատարման հսկողության հետ կապված այնպիսի գործողություններ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն թողնել այլ պետությունների քաղաքացիների առողջության վրա:

ՀՈԴՎԱԾ 11

Կողմերը համաձայնեցին համագործակցել դեղագործության բնագավառում, ստեղծել դեղերի և բժշկական տեխնիկայի համատեղ ձեռնարկություններ, անցկացնել դեղաբանական հետազոտություններ, գրանցել և իրացնել իրենց և համատեղ արտադրվող դեղամիջոցները և բժշկական հրատարակումները:

ՀՈԴՎԱԾ 12

Կողմերը համաձայնեցին նպաստել բժշկական և գիտական հետազոտությունների, բուժիչ զբոսաշրջության և բժշկական արդյունաբերության բնագավառում հայկական և վրացական գործարար շրջանների մասնակցությանը և համատեղ աշխատանքին:

ՀՈԴՎԱԾ 13

Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերը Համաձայնագրի ստորագրման օրվանից մեկ ամսվա ընթացքում ստեղծում են համակարգող հանձնաժողով` ընդգրկելով յուրաքանչյուր Կողմից երկու մարդ:

ՀՈԴՎԱԾ 14

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի համաձայնությամբ, որոնք կձևակերպվեն Համաձայնագրի հավելվածի ձևով:

ՀՈԴՎԱԾ 15

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդ տարով, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության հերթական ժամկետից առաջ մեկ ամսվա ընթացքում մյուս Կողմին գրավոր չի ծանուցում Համաձայնագրի դադարեցման մասին:

ՀՈԴՎԱԾ 16

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։