Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը,

ցանկանալով ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը մշակույթի, գործընկերային կապերի, կրթության, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում և, այդպիսով, աջակցել Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման հետագա ընդլայնմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Մշակույթի նվաճումներին լավագույնս ծանոթանալու նպատակով Պայմանավորվող կողմերը կխրախուսեն մշակույթի և արվեստի բնագավառներում կապերը և ստեղծագործական համագործակցությունը, այդ թվում`

ա) համագործակցություն նախարարությունների, արվեստի գործիչների, ստեղծագործական միությունների և մշակութային հիմնարկների միջև,

բ) կատարողների հյուրախաղերի կազմակերպում, գործնական կապերի հաստատում հրատարակիչների, կոմպոզիտորների, նկարիչների և մշակույթի մյուս գործիչների միջև,

գ) փառատոների, ցուցահանդեսների, համերգների և թատերական միջոցառումների անցկացում,

դ) դասախոսների փոխանակումներ, սեմինարների և կոնֆերանսների անցկացում,

ե) մշակույթի բնագավառի հրատարակումների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 2

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, իր երկրում ընդունված կարգի համաձայն, հնարավորություն կընձեռի մյուս երկրի քաղաքացիներին` գիտական աշխատանքի, ուսման և սույն Համաձայնագրին համապատասխանող այլ նպատակների համար օգտվել գրադարաններից, թանգարաններից, պատկերասրահներից, արխիվներից և մշակույթի բնագավառի այլ հիմնարկներից:

ՀՈԴՎԱԾ 3

Պայմանավորվող կողմերը կաջակցեն երկու երկրների մշակույթի, հումանիտար և հասարակական գիտությունների, կրթական հիմնարկների, ասոցիացիաների և կազմակերպությունների միջև ուղղակի համագործակցության զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքների և շրջանների միջև գործընկերային ու մշակութային կապերի զարգացմանը և ուղղակի փոխանակումների հաստատմանը:

ՀՈԴՎԱԾ 4

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է մյուս Կողմի պատմամշակութային արժեքների պահպանությունը: Կողմերը պայմանավորվում են փոխադարձաբար աջակցել մշակութային և գեղարվեստական արժեքների վերականգնմանը, պահպանմանը և օգտագործմանը, ինչպես նաև Վրաստանի տարածքում գտնվող` Հայաստանի պատմագեղարվեստական արժեքների և, համապատասխանաբար, Հայաստանի տարածքում գտնվող Վրաստանի պատմագեղարվեստական արժեքների վերադարձման հարցի ուսումնասիրմանն ու լուծմանը: Կողմերը մասնագետների խմբեր կստեղծեն վերոհիշյալ բնագավառում Կողմերից յուրաքանչյուրի փորձը ուսումնասիրելու համար:

ՀՈԴՎԱԾ 5

Պայմանավորվող կողմերը կքննարկեն իրենց երկրներում, յուրաքանչյուր երկրի օրենքներին համապատասխան, մյուս երկրի մշակութային ինստիտուտների հիմնման հնարավորության հարցը: «Մշակութային ինստիտուտներ» տերմինը ընդգրկում է իր մեջ սույն Համաձայնագրի խնդիրներին համապատասխանող մշակութային- տեղեկատվական կենտրոնները:

ՀՈԴՎԱԾ 6

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների` հեղինակային իրավունքի ոլորտում կազմակերպությունների միջև համագործակցությունը և իրենց երկրում մյուս երկրի գրական, երաժշտական, գեղարվեստական ու գիտական բովանդակությամբ ստեղծագործությունների հրատարակումն ու վերահրատարակումը, թարգմանությունը:

ՀՈԴՎԱԾ 7

Պայմանավորվող կողմերը կօժանդակեն գրահրատարակչական գործում համագործակցության զարգացմանը, այդ թվում` գրքի ցուցահանդեսների, գեղարվեստական գրականության, պարբերական հրատարակությունների փոխանակմանը, երկու երկրների գրողների և հրատարակչական կազմակերպությունների միջև համատեղ նախագծերի ստեղծմանը:

ՀՈԴՎԱԾ 8

Պայմանավորվող կողմերը կինոբնագավառում կաջակցեն երկու երկրների միջև համագործակցությանը հետևյալ ճանապարհով.

ա) կինոֆիլմերի պրեմիերաների և փառատոների փոխադարձ անցկացում,

բ) առևտրական և ոչ առևտրական հիմունքներով գեղարվեստական, վավերագրական և փաստագրական կինոֆիլմերի փոխանակում,

գ) ֆիլմերի համատեղ արտադրություն,

դ) աջակցություն մի Կողմին` մյուս Կողմի տարածքում ֆիլմերի և կինոնյութերի ստեղծման գործում,

ե) կինեմատոգրաֆիայի ոլորտի աշխատողների, առանձին մասնագետների և պատվիրակությունների փոխանակում` առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդ կինեմատոգրաֆիստների միջև կապերի զարգացմանը,

զ) մասնակցություն մյուս երկրում անցկացվող միջազգային կինոփառատոներին:

ՀՈԴՎԱԾ 9

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների միջև հեռուստատեսության և ռադիոհաղորդումների բնագավառում համագործակցությունը` մասնավորապես հետևյալ ճանապարհներով.

ա) հեռուստատեսային և ռադիոծրագրերի փոխանակում,

բ) հեռուստատեսային և ռադիոնյութերի համատեղ արտադրություն,

գ) աջակցություն մի Կողմին` մյուս Կողմի տարածքում հեռուստատեսային և ռադիոնյութերի ստեղծման գործում,

դ) հեռուստատեսության և ռադիոյի բնագավառի մասնագետների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 10

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների լրագրողների և տպագրության ու տեղեկատվական կազմակերպությունների միջև կապերը և հնարավորություն կընձեռեն լրագրողներին իրենց մասնագիտական պարտականությունների կատարման, ինչպես նաև գործնական կապերի հաստատման համար:

ՀՈԴՎԱԾ 11

Մեծ նշանակություն տալով հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում համագործակցությանը` Պայմանավորվող կողմերը համակողմանիորեն կաջակցեն գիտահետազոտական աշխատանքների անցկացման, համաձայնեցված թեմատիկայով դասախոսությունների ընթերցման, երկու երկրների համապատասխան գիտական հիմնարկների գործունեության և նվաճումներին ծանոթացման գործում գիտնականների, գիտական ընկերությունների ներկայացուցիչների, այլ մասնագետների, ինչպես նաև վերոհիշյալ բնագավառներում գիտական հրապարակումների և հրատարակությունների փոխանակմանը:

ՀՈԴՎԱԾ 12

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն զարգացումը բարձրագույն, միջնակարգ, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և լուսավորության բնագավառներում` հետևյալ ճանապարհներով.

ա) կրթության և ուսուցման դրվածքին ծանոթացնելու նպատակով դասախոսությունների և պարապմունքների անցկացման համար դասախոսների և այլ մասնագետների փոխանակում,

բ) ուսման, վերապատրաստման և գիտական ուսումնասիրությունների համար հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտական աշխատողների փոխանակում,

գ) դպրոցահասակ երեխաների, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ մասնագետների ուսուցման համար թոշակի հատկացման հնարավորությունների ձեռքբերում,

դ) աջակցություն մյուս երկրների լեզվի և գրականության ուսումնասիրման գործում,

ե) ուսումնական և մեթոդական գրականության, ուսումնական և դիդակտիկ միջոցների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 13

Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն Կողմերի ազգային կրթական համակարգի զարգացման մասին տեղեկատվական գործում, փոխադարձ պայմանավորվածությամբ հաստատելով համագործակցության կոնկրետ ձևեր` նպատակահարմար են գտնում կրթության հիմնարկների վերաբերյալ համատեղ տեղեկատվական բանկի ստեղծումը, որի կազմակերպական սկզբունքները կհստակեցվեն հատուկ արձանագրությամբ:

ՀՈԴՎԱԾ 14

Պայմանավորվող կողմերը կքննարկեն այն պայմանները, որոնցով, ուսումնական նպատակով, կարելի կլինի ճանաչել ուսման մասին տեղեկանքները, ինչպես նաև մյուս երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու վկայագիրը:

ՀՈԴՎԱԾ 15

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության երիտասարդների և երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունն ու կապերը, պատվիրակությունների փոխանակումը, ուսանողական հանդիպումների և մարզական միջոցառումների, մանկական նկարների, ցուցահանդեսների, ինչպես նաև համատեղ այլ միջոցառումների անցկացումը:

ՀՈԴՎԱԾ 16

Պայմանավորվող կողմերը կհիմնեն մշակութային կապերի խառը հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որը կհավաքվի երկու տարին մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ` հերթականորեն Հայաստանի Հանրապետությունում և Վրաստանի Հանրապետությունում. յուրաքանչյուր Կողմ Հանձնաժողովի նստաշրջաններին կնշանակի իր ներկայացուցիչներին:

Հանձնաժողովի պարտականությունների մեջ կմտնեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքի քննարկումը, փոխհամաձայնության սկզբունքով մշակութային և գիտական համագործակցության երկկողմ միջկառավարական ծրագրերի մշակումը, ինչպես նաև մշակույթի, կրթության, հումանիտար և հասարակական գիտությունների և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև կապերի մասին կարծիքների փոխանակումը:

ՀՈԴՎԱԾ 17

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև այն օրը, երբ Պայմանավորվող կողմերից մեկը վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին կտեղեկացնի Համաձայնագրի գործունեության դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Չնայած սույն Համաձայնագրի գործունեության ժամկետների ավարտին` բոլոր ծրագրերը կամ փոխանակումները, պայմանավորվածությունները կամ նախագծերը, որոնք կնքվել են սույն Համաձայնագրին համապատասխան, բայց չեն իրականացվել, կպահպանեն իրենց ուժը:

Կատարված է Երևանում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` վրացերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մայիսի 19-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։