Հոդված 5. Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը
Հոդված 5. Թանկարժեք մետաղների զտարկումը, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեությամբ կարող են զբաղվել զտարկող կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)` սահմանած պահանջների պահպանմամբ: Դրանցով սահմանվում են գործունեության իրականացման տեխնիկական անվտանգության և բնապահպանման պահանջները:
2. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրվող բանկային ոսկին պետք է համապատասխանի սույն օրենքի 2-րդ հոդվածի «ը» կետին կամ միջազգային ստանդարտներին:
3. Զտարկող կազմակերպությունների կողմից արտադրված թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
ա) ձուլակտորների մակերեսին պետք է դրոշմված լինի արտադրող կազմակերպության անվանումը (անվանանիշը), ձուլակտորների քաշը՝ արտահայտված գրամներով, կիլոգրամներով կամ տրոյական ունցիաներով, մետաղի լատինատառ խորհրդանշանը և հարգը.
բ) մեկ կիլոգրամ և ավելի քաշի ձուլակտորների մակերեսի վրա պետք է դրոշմված լինի նրա սերիական համարը.
գ) ձուլակտորները չպետք է ունենան ծակոտիներ, խոռոչներ:
4. Զտարկող կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնք զբաղվում են զտարկման գործընթացով (աֆինաժ) պետք է ունենան համապատասխան որակավորում:
5. Թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել իրենց գործունեության մասին տեղեկություններ (հաշվետվություններ)` կառավարության սահմանած ժամկետներում, կարգով և չափանիշներով:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-232-Ն)