Հոդված 6. Հարգորոշումը և հարգադրոշմումը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները
Հոդված 6. Հարգորոշումը և հարգադրոշմումը, ինչպես նաև այդ գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները
1. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշումը և հարգադրոշմումը և դրանց հետ կապված գործողությունները կատարելու իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման հետ կապված գործողություններ են նաև`
ա) հակազդուկների պատրաստումը.
բ ) ստուգիչ տարրալուծումները.
գ) քիմիական տարրալուծումները:
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված հարգերից ցածր հարգ, պետք է հարգադրոշմվեն տվյալ հարգին ամենամոտ ցածր հարգով:
3. Թանկարժեք մետաղներից պատրաստված այն իրերը, որոնք ունեն սույն օրենքով թանկարժեք մետաղների համար սահմանված նվազագույն հարգից ցածր հարգ, ենթակա չեն հարգադրոշմման և չեն կարող իրացվել որպես թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր:
4. Արգելվում է հարգադրոշմել ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված և թանկարժեք մետաղներով պատված իրերը:
5. Թանկարժեք մետաղների համաձուլվածքներից պատրաստված իրերը, որոնք պատված են այլ թանկարժեք մետաղներով, պետք է հարգադրոշմվեն իրի հիմնական մետաղի հարգով:
6. Արգելվում է անընթեռնելի հարգադրոշմ, տարբերանիշ և անվանանիշ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքը:
7. Պարտադիր հարգադրոշմման ենթակա չեն`
ա) թանկարժեք մետաղներից պատրաստված պատմական կամ հնագիտական արժեք ներկայացնող իրերը, ինչպես նաև մետաղադրամները, շքանշաններն ու մեդալները.
բ) գիտական, բժշկական, արտադրական և այլ հատուկ նպատակների համար թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքները, սարքերը, լաբորատոր սպասքը.
գ) զենքի, կենցաղի, կրոնական ծիսակատարությունների համար հոգևորականների կողմից կիրառվող և նման այլ առարկաների վրա թանկարժեք մետաղներով արված դրվագազարդերը.
դ) մինչև 1,5 գրամ կշիռ ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ընդ որում՝ արծաթից պատրաստված մինչև 3 գրամ կշիռ ունեցող իրերը.
ե) թանկարժեք մետաղներից պատրաստված նրբահյուս իրերը, որոնք հնարավոր չէ դրոշմել.
զ) հետագա մշակման ենթակա նախապատրաստվածքները և բոլոր այն անավարտ իրերը՝ որոնց վրա դեռևս կավելացվեն թանկարժեք մետաղներից և (կամ) այլ մասեր, ինչպես նաև նրբաթերթ թանկարժեք մետաղները, արտադրական ձուլվածքները, թափոնը և ջարդոնը:
8. Հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունը, ինչպես նաև դրանց պատրաստման, հաշվառման և տնօրինման կարգը հաստատում է կառավարությունը:
9. Հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են՝
ա) պահպանել կառավարության սահմանած համապատասխան տեխնիկական պահանջները և գործունեության պայմանները.
բ) ունենալ կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնում գրանցված տարբերանիշ:
10. Հարգորոշմամբ և հարգադրոշմմամբ զբաղվող անձանց աշխատակիցները պետք է ունենան համապատասխան որակավորում: