Հոդված 5.2
Հոդված 5.2.
Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը
(վերնագիրը խմբ. 02.05.24 ՀՕ-214-Ն)
1. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի:
2. Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման և մերժման կարգը սահմանում է համայնքի ավագանին:
3. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:
4. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
5. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, իսկ Երևան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
6. Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը, որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:
7. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
8. Համայնքի վարչական տարածքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառքի իրականացումը կամ որևէ ծառայության մատուցումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է:
(5.2-րդ հոդվածը լրաց. 24.01.20 ՀՕ-83-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-410-Ն, 02.05.24 ՀՕ-214-Ն)