Հոդված 2
Հոդված 2
1. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Արգենտինայի Հանրապետության քաղաքացիները, որոնք մեկնում են մյուս Կողմի երկիրը` դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Արգենտինայի Հանրապետության տարածքում ներկայացուցչություն ունեցող միջազգային կազմակերպություններում աշխատելու համար, և դիվանագիտական, պաշտոնական կամ ծառայողական անձնագրեր ունեցող այն անձինք, որոնք հավատարմագրված են որպես նրանց անձնակազմի անդամներ, ինչպես նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամները կարող են անարգել մուտք գործել, գտնվել և դուրս գալ Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներից:
2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի առաջին և երկրորդ կետերում սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երկրի լիազորված մարմինների կողմից արտոնագրի ձևակերպման միջոցով, որը տրվում է համապատասխան երկրի դիվանագիտական ներկայացուցչության խնդրանքով, հիմնավոր պատճառների առկայության դեպքում` ոչ ավել, քան 90 (իննսուն) օր ժամկետով:
3. Դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց, որոնք կատարում են իրենց պարտականությունները Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներում գտնվող համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ միջազգային կազմակերպություններում և այդ ներկայացուցչությունների և կազմակերպությունների կողմից հավատարմագրված անձանց, ինչպես նաև նրանց հետ ապրող ընտանիքների անդամներին տրամադրվում են արտոնագրեր նրանց պաշտոնական գործունեության ամբողջ ժամկետի ընթացքում:
Արտոնագիրը ուժի մեջ է երկու տարվա ընթացքում, եթե նրանց գործունեությունը չի գերազանցում նշված ժամկետը:
Տվյալ արտոնագիրը կարող է երկարաձգվել նույն ժամկետով` համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպությունների խնդրանքով:
4. Սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող ծանուցումները իրագործվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի կամ Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն: